27/07/2024

4 մեքենաներից մեկը մեջտեղից կիսվել է, կա 3 զոհ. պարզվում են ողբերգական ելքով ավտովթարի հանգամանքները

2024 թ․ մարտի 22-ին՝ ժամը 18․05-ի սահմաններում, Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում միմյանց են բախվել «BMW», Ford, Volkswagen և Skoda մակնիշների ավտոմեքենաները։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Վթարի հետևանքով Skoda մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 4 ուղևորները բուժօգնության են տեղափոխվել «Աբովյան» ԲԿ, իսկ BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները տեղում մահացել են։

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կատարվել է դեպքի վայրի և ավտոմեքենաների զննություն, վթարված մեքենաները տեղափոխվել են պահպանվող տարածք։ Ստուգվել է վարորդների սթափությունը և պարզվել է, որ բոլորն են գտնվել են սթափ վիճակում։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Մի շարք անձինք հարցաքննվել են։

Նախաքննության տվյալ փուլում ձեռք են բերվել տվյալներ առ այն, որ ժամը 18․05-ի սահմաններում Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածի հանդիպակաց՝ Սևան-Երևան ուղեմասից BMW մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և բախվել իրենց ուղեմասով ընթացող նախ Skoda, ապա նաև Երևան-Հրազդան ուղևորափոխադրում իրականացնող և տվյալ պահին 16 ուղևորով Ford մակնիշի ավտոմեքենային, ապա նաև Volkswagen-ին, որի հետևանքով առաջացել է ողբերգական ելքով ավտովթարը։

Նախաքննությունը շարունակվում է, Միջոցներ են ձեռնարկվում BMW ավտոմեքենայի՝ հանդիպակաց ուղեմաս դուրս գալու և դեպքի այլ հանգամանքները պարզելու նպատակով։

Վնասվածներ ստացած և բուժկենտրոն տեղափոխված անձանց վիճակը բավարար է, բոլորը դուրս են գրվել հիվանդանոցից։

Բարեբախտաբար Ford մակնիշի ավտոմեքենայի 16 ուղևորներից որևէ մեկը վնասվածք չի ստացել»,- նշված է գրառման մեջ։