«Իսկապես հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, և շոշափելի համաձայնագիր կլինի, և Վրաստանը պատրաստ է դրականորեն աջակցել այդ գործընթացին և նպաստել խաղաղության և կայունության հաստատմանը տարածաշրջանում»:
Այս մասին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
«Շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար, բարեկամության համար: Պետք է ասեմ, որ մենք դարեր շարունակ համագործակցել ենք և եղբայրական հարաբերություններ ենք ունեցել, ստորագրել ենք համագործակցության հռչակագիր և էլ ավելի բարձր մակարդակի ենք բարձրացրել մեր հարաբերությունները: Նպատակն է խորացնել համագործակցությունը, աջակցել խաղաղությանն ու կայունությանը, և այս հռչակագիրը հիմնված է մեր ընդհանուր սկզբունքների և արժեհամակարգերի վրա և արտահայտում է մեր աջակցությունը առ այդ արժեքներ»,- նշեց նա:
Այնուհետև վերջինս նկատեց. «Ես, իհարկե, արտահայտել եմ իմ երախտագիտությունը իմ գործընկեր վարչապետ պարոն Փաշինյանին: Նա աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ինքնիշխանությանը: Ես, իհարկե, առանց վերապահումների աջակցում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը»:
Վրաստանի վարչապետը ընդգծեց, որ երկու երկրների հարաբերությունները դինամիկ զարգանում են:
«Խոսեցինք համագործակցության մասին տարբեր ոլորտներում և տարբեր ձևաչափերով. լինի դա քաղաքականության մակարդակով, տրանսպորտի, էկոնոմիկայի, զբոսաշրջության. այս բոլոր ուղղություններով մեր գործընկերությունն է՛լ ավելի կխորացվի, է՛լ ավելի կզարգանա: Մենք նաև խոսել ենք տարածաշրջանային զարգացումների մասին: Ես ընդգծել եմ կարևորությունը մեր համատեղ ջանքերի, որպեսզի կարողանանք պայքարել տարածաշրջանի առկա մարտահրավերների դեմ: Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և համատեղ ապրելու ջանքերին: Մենք իսկապես հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, և շոշափելի համաձայնագիր կլինի, և Վրաստանը պատրաստ է դրականորեն աջակցել այդ գործընթացին և նպաստել խաղաղության և կայունության հաստատմանը տարածաշրջանում»,- նշեց նա:
Վրաստանի վարչապետը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Վրաստան։ Այս մասին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց Իրակլի Կոբախիձեն։
«Մենք այս մասին խոսել ենք մեր հանդիպման ժամանակ, և ես ևս մեկ անգամ Ձեզ հրավիրում եմ Վրաստան»,- նշեց Կոբախիձեն։ Իրակլի Կոբախիձեն ընդգծեց, որ Հայաստանի ու Վրաստանի միջև տեղի են ունենում բարձր մակարդակի երկկողմ այցեր, ինչը շատ կարևոր է և անհրաժեշտ է այս մոտեցումն ու գործընկերության բարձր մակարդակը պահպանել․ «Մեր նպատակն է զարգացնել և ամրապնդել մեր երկրները, մեր երկրների միջև համագործակցությունը»։
Բաց մի թողեք
Ղրիմը և այդ տարածքները ժամանակին օսմանապատկան են եղել և Ռուսաստանին են կցվել …
Մեծ սակարկություն, խեղճ Ուկրաինա
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ուկրաինայի հարցով արտակարգ գագաթնաժողովի. հանդիպումը Փարիզում կլինի