27/07/2024

Հայաստանը պետք է դիմի Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար. Վարդապետյան

Եվրախորհրդարանի բանաձևը մեզ կոնկրետ իրավիճակի առջև է կանգնեցրել, գնդակը մեր դաշտում է՝ ՀՀ-ն պետք է որոշում կայացնի և դիմի Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու։

Այլևս անհրաժեշտ են կոնկրետ քայլեր ու գործողություններ, ձգձգումներն ավելի վտանգավոր են, ժամանակի գործոնը հաշվի չառնել՝ անթույլատրելի։

Դա կիրականացվի հանրային քննարկումների և համաժողովրդական հանրաքվեի, կամ էլ լեգիտիմ իշխանության անմիջական դիմումի հիման վրա, իշխանության որոշելիքն է, միայն թե երկարաձգելու տեղ ու ժամանակ չի մնացել։

Եվրամիությանն անդամակցության գործընթացն ու գաղափարը արդեն իսկ դարձել է հասարակության համախմբման, կոնսոլիդացիայի լավագույն միջոցը։

ԵՄ անդամակցության հայտը, քաղաքականապես հասուն հասարակության ընկալմամբ, կարող է նպաստել երկրի անվտանգային կայունությանը։

Այս գործընթացը թաքնվածների-կասկածելիների, մանավանդ իշխանության բարձրագույն դերակատարների շրջանակում, լյուստրացիայի արտակարգ և լիարժեք միջոց է։

Սա է կյանքի միակ ճանապարհը, թեկուզ վտանգավոր ու ռիսկային, սա կյանքի միակ ճանապարհն է, պետականության պահպանման, զարգացման և վերելքի ճանապարհը։

Չկա այլ ճանապարհ, չկա այլընտրանք, մնացածը կործանումն ու ոչնչացումն է, ձգձգումն ու հապաղումը ևս գիտակցված ինքնակործանում է։

Հայաստանակենտրոն յուրաքանչյուր ուժ, քաղաքական-հասարակական գործիչ պետք է պատասխանատվություն ստանձնի այս գաղափարի ու գործընթացի կենսական հույժ կարևորությունն ընկալելի դարձնելու հարցում։

Վաղուց ի վեր հետևողականորեն ստանձնել եմ այդ դերակատարությունը, և ինձ հուսադրում ու ոգևորում է հասարակության գերակշիռ մեծամասնության խորը գիտակցումն ու սթափությունը։

Եթե մինչև ապրիլի 5-ի Բրյուսելյան հանդիպումը հայտարարվի ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, ներկայացվի Եվրամիությանն անդամակցելու հայտ, Արևմտյան աշխարհից կգործադրվեն ու կձեռնարկվեն մեր անվտանգային դիրքերն ավելի հուսալիորեն ամրապնդելու միջոցառումներ ու քայլեր։

Արևմտյան աշխարհը մեզ ընկալում և դիտարկում է իր անվիճարկելի ու անբաժանելի մաս։ Արևմուտքը հրաշալի տիրապետում է մեր ողջամիտ հասարակության տրամադրություններին, և երբեք ու երբեք չի կարող անտեսել հայ ժողովրդի և ՀՀ-ի Արևմտյան քաղաքակրթության մաս կազմելու իղձերն ու նպատակները։ Արևմտյան աշխարհը երբեք բաց չի թողնի ստեղծված բացառիկ հնարավորությունը, և այդ շահագրգռությամբ էլ մեր առջև բացել է բոլոր դռներն ու դարպասները, հեշտացրել է և արագացրել բոլոր գործընթացները։ Եվրամիությունը, այս էլ որերորդ անգամ, բացահայտ առաջարկում և սպասում է մեր հայտին, անգամ ՆԱՏՕ֊ն է հուշում մեր անդամակցության հնարավորության մասին։

Ուշացումն ու հապաղումը ոչ թե հաշվարկի և զգուշավորության արդյունք է, այլ բացահայտ քաղաքական տգիտություն կամ գործընթացի գիտակցված տապալում, ինչը ուզում եմ բացառել։

Հետևողականորեն շարունակվում է ռուսական համազարկը մեր պետականության և ինքնիշխանության դեմ, մեր ցուցաբերած ոչ մի զգուշավորության պարագայում իրենք չեն մեղմացնելու թշնամական վերաբերմունքը, չեն դադարեցնելու իրենց սանձազերծած հիբրիդային պատերազմը, չեն անտեսելու և թերագնահատելու թուրք-ադրբեջանական շահերը, ուստի այս ընթացքում պետք է մեր քայլերը մեկը մյուսին հետևեին։ Ուշացումներն ավելի մեծ վտանգներով են հղի։

Ինչպես որ Բանակցային գործընթացն է տեղափոխվել Արևմտյան հարթակներ և դրանում նաև մեր արտաքին քաղաքականությունն է բավականաչափ արդյունավետ գործել, նույնքան անհասկանալիորեն նույն պահանջը չի դրվել հրաժարվել սահմանագծման և սահմանազատման գործընթացից առանց արևմտյան հսկողության։ Անթույլատրելի է Ադրբեջանի հետ դեմ-դիմաց, ավելի ստույգ՝ ռուս-ադրբեջանական սադրիչ և իրավիճակը սրող, յուրաքանչյուր հանդիպմանը հաջորդող միակողմանի պահանջների սպառնալիքի և ռուսական վերահսկողության ներքո գործող անդամների մասնակցությամբ չստանալ բացառապես հակահայ պայթյունավտանգ արդյունքներ։

Պայթյունավտանգ իրավիճակի հասունացումը ներքաղաքական հարցերում, համառ ջանքերը իշխանափոխության իրականացման նպատակով միավորել է իշխանության բարձրաստիճան գործակալներին, օլիգարխ-գործակալներին, 5-րդ շարասյան ողջ կազմին, կղերականությանը, ռսաստրուկ մտավորական խավին և ցավալիորեն սրանց խարդավանքների ու սադրանքների ազդեցության տակ հայտնված արցախահայերին։

Շարունակում են գործել մեր հասարակությանը թունավորող ռուսական ալիքները, շարունակվում են հաթաթաները ՌԴ պետական պաշտոնական մակարդակով, շարունակում են գործել իրենց տեղերում ամրապնդված և ամենակարևոր ասպարեզների պատասխանատու դրված կասկածելի պաշտոնյաները։ Բացարձակապես չի գործում օրենքն իր ողջ խստությամբ ինքնիշխանության և անկախ պետականության դեմ ոտնձգություններ իրականացրած անձանց հանդեպ։

Իշխանությունները բավարար չեն գիտակցում, որ իրենց դիրքերի թուլացումը չի բխում երկրի շահերից, մի քանի կոպիտ քայլ կամ սխալ կարող են ճակատագրական լինել թե իշխանության, թե պետության ապագայի համար։

Չպետք է տասներորդական հարցերի քննարկումներով, ժամանակավրեպ որոշումներով ու ծրագրերով առիթավորել և տոն տալ, սադրանքների ու ցնցումների հնարավորություն ստեղծել դրսից սնուցվող անհայրենիք մասսային։ Գոյապահպանական, անվտանգային հարցերի առաջնահերթությունը պետք է լինի թե իշխանության, թե հասարակության մոբիլիզացիայի, կոնսոլիդացիայի համընդհանուր գործոն։ Եթե իշխանությունից պահանջվում է ավելի խնամքով ու հոգատար վերաբերմունք հասարակության հանդեպ, հնարավորինս քիչ հիասթափեցնելու և «զարմացնելու» առիթներ, ապա մեզանից էլ պահանջվում է առավել մեծահոգություն, զսպվածություն ու իմաստություն՝ պարարտ հող չստեղծելու վերոհիշյալ գլուխների ու գլխիկների վերակենդանացման համար։ Ժամանակավորապես համբերություն և զսպվածություն մեզ՝ դիմանալու և դիմակայելու կադրային անհեթեթություններին, թյուրիմացություններին, հանուն նշված կենսական առաջնահերթությունների։

Հ.Գ. Ինչո՞ւ մինչև օգոստոսի 1-ը ձգել ռուս սահմանապահների հեռացումը «Զվարթնոց» օդանավակայանից, ինչո՞ւ ևս մեկ անգամ հետ նայել դեպի ՀԱՊԿ և նորից ՀՀ սահմանները ճանաչելու ռիսկային հայտարարության «դրդել»:

Վահան Վարդապետյան; Բժիշկ, հասարակական գործիչ