22/11/2024

Կարմիր խաչում կառավարման ճգնաժամը շարունակվում է. ինչու պետռեգիստորը չի գրանցում ընտրության արդյունքները

Ավելի քան մեկ ամիս է՝ Հայկական կարմիր խաչում կառավարման ճգնաժամ է:

Բանն այն է, որ փետրվարի 15-ին կազմակերպությունը մեծ համագումար էր հրավիրել և նախագահ ընտրել ընկերության գործադիր տնօրեն/գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանին: Որոշ ժամանակ անց, սակայն, պարզվել էր, որ այդ փաստը հեղինակավոր կազմակերպության նախագահողների սրտով չէ, որի կազմում է նաև կազմակերպության նախկին նախագահ Մխիթար Մնացականյանը:

Նրանք ընտրությունը որակվել էին անօրինական, Եղիազարյանին էլ՝ մեղադրել քրեորեն հետապնդելի արարքներ կատարելու համար, քանի որ դրանից առաջ Եղիազարյանը, նրանց խոսքով, հրաժարվել էր ներկայացնել 2024 թվականի կառույցի բյուջեի հաշվետվությունը:

ՀԿԽԸ նախագահությունը առաջարկությունով էր հանդես եկել, նշել, որ նախկին նախագահ Մխիթար Մնացականյանին շնորհեն պատվավոր նախագահի կոչում, այն էլ՝ ցմահ, սակայն, կողմերը չէին կարողացել գալ հայտարարի:

Աննա Եղիազարյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով կազմակերպությունում այժմ տիրող իրավիճակին, պնդում է, որ իր ընտրությունը եղել է՝ համաձայն կազմակերպության կանոնադրության, համագումարին մասնակցել են մարզային բոլոր կենտրոնների ներկայացուցիչները, բացառությամբ՝ Գեղարքունիքի մարզի, որի ղեկավարը ՀԿԽԸ նախկին նախագահ Մխիթար Մնացականյանի եղբայրն է:

«Այդ համագումարով դադարեցին նաև այս նախագահության լիազորությունները, ընտրեցինք նոր նախագահություն, ամբողջ փաթեթը ներկայացրինք պետռեգիստոր, որը հրաժարվում է ընտրությունները գրանցել։ Հարցնում ենք պատճառը, ստանում պատասխան՝ նախկին նշանակումը ոչ իրավաչափ է եղել, այսինքն՝ իրենք էլ են խոստովանում, որ Արթուր Արիստակեսյանի նշանակումը, որին այս նախագահողներն են նշանակել որպես գլխավոր քարտուղար, իրավաչափ չի եղել։ Լսումներ նշանակեցին 20 օր, բայց ոչ մի արդյունք, փոխարենը կառույցը քանդեցին»,- ասում է նա:

Վերջինիս խոսքով՝ միջազգային գործընկերներն էլ, տեսնելով, թե ինչ է կատարվում կառույցում, հրաժարվում են համագործակցել, ներդրումներ անել․ «Միայն պետական ծրագրերն են այժմ գործում, մեր աշխատակիցները գտնվում են Գյումրու խնամքի կենտրոնում, տնային խնամքի աշխատակիցներ էլ ունենք։ Մնացած ծրագրերը կոլապսի մեջ են»։

Եղիազարյանը հիշեցնում է, որ կառույցի համբավը փրկելու համար Բաց նամակով դիմել են պետական տարբեր կառույցների: Նրա խոսքով՝ ՀՀ դատախազությունից և ՆԳՆ-ից խոստացել են զբաղվել խնդրով։

Եղիազարյանն իր դժգոհությունն է արտահայտում Արդարադատության նախարարությունից:

«Պետռեգիստորի սխալների մասին խոսելիս միանգամից հստակ պաշտպանվածության են անցնում, բայց այդ ռեգիստորի պատճառով է քանդվել մեր կազմակերպությունը։ Մենք պետությանը աջակցող կառույց ենք եղել, 104 տարվա պատմություն ունենք, ողջ պատասխանատվությունը ընկնելու է Արդարադատության նախարարի վրա»,- ասում է նա:

Ըստ նրա՝ եթե այսպես շարունակվի, ապա, Աստված մի արասցե, երկրում աղետ գրանցվելու դեպքում բոլորն են զգալու կառույցի բացակայությունը:

Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը կապ է հաստատել նաև մյուս կողմի ներկայացուցիչ, փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ, որը, սակայն, անհարկի և անհիմն մեղադրանքներ է հնչեցրել, թե սադրում ենք և պատվեր իրականացնում՝ միաժամանակ նշելով.

«Ես լավ հասկանում ու տեսնում եմ ձեր վերաբերմունքը ի նպաստ մյուս կողմի։ Սա անձնավորված խնդիր չէ, պետք է մշակույթ ձևավորվի, որպեսզի հետագայում հասկանան, որ երկրում կա պետություն, պետական հիմնարկներ։ Պետական լիազոր մարմինը իր տեղում ու դերում է և կարողացավ արդարադատություն իրականացնել, որը իրավաչափ ու հեղինակավոր է։ Պետական լիազոր մարմինները գտել են, որ լեգիտիմ է գլխավոր քարտուղարը ու նախագահությունը»։

Ինչ վերաբերում է հարցին, որ ստեղծված իրավիճակում արդյո՞ք միջազգային կառույցները հրաժարվում են աշխատել ընկերության հետ, նա պատասխանել է. «Հարց չի՞ առաջանում, թե միջազգային հեղինակավոր կազմակերպությունների մոտ որն է պատճառը, որ ընկերության հեղինակությունն ընկել է։ Անձին ազատել են աշխատանքից, եթե գտնում է, որ ճիշտ չէ, թող գնա դատարան, իր գործողությունները անի, փորձում է իր համախոհներով ներխուժել գրասենյակ»։

Վերջինս վրդովված վստահեցրել է, թե կազմակերպությունում խնդիրները հարթված են. «Ես իշխանական մտածողություն չունեմ, պետական մտածողություն ունեմ, Կարմիր խաչում կա նախագահություն։ Խնդիրը լուծվել, պրծել է»։