27/07/2024

Ալիևը Տավուշի շուրջ չսրեր իրավիճակը, շատ «փորձագետներ» չէին իմանա, որ 4 լքված ադրբեջանաբնակ գյուղ է եղել․ Սաֆարյան

Եթե Ալիևը Տավուշի շուրջ չսրեր իրավիճակը, Հայաստանում շատ «փորձագետներ», «քաղ գործիչներ», «ակտիվիստներ» չէին էլ իմանա որ Հայաստանի սահմանից անդին ու կպած այդպիսի 4 լքված ադրբեջանաբնակ գյուղեր են եղել։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ շարունակելով․

«Որ կան 3 գյուղեր, որոնց անվան մեջ կա Ոսկեպար բառը, 2 գյուղ, որոնց անվան մեջ կա Բաղանիս բառը, 2 գյուղեր, որոնց անվան մեջ կա Այրում բառը (վստահ չեմ, որ անգամ այսօր ու այսքանից հետո գիտեն այս ամենը), ու ընդհանրապես՝ դժվար իմանային Հայաստանի սահմանի տեղը, որով մեր իղձերին հակառակ անդամակցել ենք ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, 6-րդ դարի սուրբ Աստվածածին եկեղեցու պատմությունը, Ոսկեպարի ու սահմանակից այլ գյուղերի տեղը, պատմությունը, ինչպես են այդ գյուղերի մարդիկ 3 տասնամյակ ու ավել ապրել թուրքի կրակոցի տակ․․․․

Այսօր ոմանք իրենց թույլ են տալիս անգամ գնալ ու «թելադրել» մարդկանց, թե նրանք ինչ են «պարտավոր» անել։ Երկու օր առաջ իմ, գործընկերներիս մասնակցությամբ Ոսկեպարում հանդիպման ժամանակ ոսկեպարցիները հայ-հայ էր տավուշերեն բացատրելու էին այդպիսի տոնով խոսող մեկին, եթե ես բարեգթորեն չկանխեի իմ տաքացած հայրենակիցներին ու չբացատրեի, որ մեր հայրենակիցն ուղղակի փափագում է կռվել և մեռնել հանուն սուրբ հողի և ցանկանում է ցուցակագրվել Տավուշի պաշտպանության համար․․․

Բարեբախտաբար պատմությունն ավարտվեց նրանով, որ Ռուսաստանից եկած, ոչտեղացի ու ոսկեպարցիներին հրահանգավորող տոնով խոսող այդ ընկերոջը հայրենակիցներս «ցուցակագրեցին»՝ տետրի մեջ ավելացնելով նրա անուն ազգանունը և հեռախոսը․․․

Աստված չանի որ այդպես լինի, բայց եթե անգամ այդպես լինի, հուսամ նմաններին կտեսնեմ մեր կողքին խրամատում ևս․․․»։