18/04/2024

«Անասուննե՛ր, բերաններդ փակե՛ք, նողկալի հիստերիա է». Սոլովյովի «կոչին» Բելգորոդի բնակիչները պատասխանել են. «Արի՛ Բելգորոդ ու կզգաս՝ ինչ ասել է աղոթել»

Ռուս հեռուստահաղորդավար, պրոպագանդիստ Վլադիմիր Սոլովյովը իր հեղինակային «Սոլովյով Live» ծրագրի եթերում Ուկրաինային սահմանակից Բելգորոդի բնակիչների բողոքներն անվանել է «նողկալի հիստերիա» և նրանց կոչ է արել «բերանները փակել»։

«Ազատություն» ռադիոկայանը գրում է, որ եթերում խոսքը Բելգորոդի այն բնակիչների մասին էր, ովքեր խնդրում են դաշնային իշխանություններին չմոռանալ իրենց մասին «Կրոկուս Սիթի Հոլլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության ֆոնին։

«Մեծ թվով տարբեր անասուններ են հայտնվել՝ ձևանալով, թե բլոգերներ են, ովքեր ասել են. «Ահա, դաշնային իշխանությունը մոռացել է Բելգորոդը, օգնեք մարդկանց: Մարդիկ ոչինչ չունեն, դա մղձավանջ է, մարդիկ իրենց լքված են զգում, ինչպե՞ս կարող եք դուք։ Մինչ Մոսկվան զբոսնում է, Բելգորոդը մահանում է»։ Այս ամբողջ նողկալի հիստերիան անմիջապես թռցնում են «ուկրանացիստական» լրատվամիջոցները»,- ասել է պրոպագանդիստը։

Նրա խոսքով՝ ինքն այցելել է Բելգորոդ և պարզել, որ դեկտեմբերին տարածաշրջանին հատկացվել է միլիարդ ռուբլի զրահապատ թաղանթների և ապաստարանների համար. «Ուստի բոլոր նրանց, ովքեր փորձում են ասել, թե դաշնային իշխանությունները լքել են. բերաններդ փակե՛ք, անասուններ»։ Դրանից հետո սոցցանցերում բազմաթիվ վրդովված մեկնաբանություններ են հայտնվել Բելգորոդի բնակիչների կողմից, որոնք նրան հրավիրել են գալ ու ապրել այնտեղ։ Բելգորոդի մասին մեկնաբանությունները թողել են ոչ միայն հաղորդման տեսանյութի տակ, որտեղ Սոլովյովը խոսում էր քաղաքի գնդակոծության մասին, այլ նաև այլ հաղորդումների։ Բազմաթիվ հաղորդագրություններում բնակիչները հեռուստահաղորդավարին հրավիրել են գալ քաղաք։ «Ողջ Բելգորոդը երջանիկ կլինի հյուրընկալել ձեզ մի քանի օր։ Կզգաք, թե ինչ ասել է աղոթել միայն նրա համար, որպեսզի A կետից հասնեք B կետ և ողջ մնաք»,- ասվում է մեկնաբանություններից մեկում:

Օգտատերերը թողել են նաև #ՍոլովյովԱրիԲելգորոդըՍպասումէ հեշթեգը: