27/07/2024

Ինչ է անում Ադրբեջանը ռուսական նավթը` դժվար չէ «գուշակել»

Ռոյթերզ գործակալությունը մարտի 1-ին հրապարակել է խիստ հետաքրքիր մի տեղեկություն: Տեղեկությունն այն մասին է, որ ադրբեջանական պետական նավթային ընկերությունը՝ Սոկարը, նախորդ տարեվերջին ժամկետից շուտ մարել է ամերիկյան City եւ JP Morgan բանկերին ունեցած 1,3 միլիարդ դոլարի վարկը:

Ադրբեջանական ընկերությունը այդ վարկը ստացել էր 2021 թվականին՝ հնգամյա մարման ժամկետով: Ընդ որում, վարկը ստացվել է Սոկարի հիմնած թուրքական ձեռնարկության համար, որը գնում էր ռուսական նավթ եւ վերամշակում:

Փաստորեն, Սոկարը ամերիկյան բանկերին վարկը մարել է երկու տարի անց եւ դա շնորհիվ ռուսական Լուկոյլ նավթային ընկերությունից ստացած 1,3 միլիարդ դոլար վարկի: Լուկոյլը ինչպես հայտնի է հիմնել է ռուսաստանցի, ծագումով ադրբեջանցի գործարար Վագիֆ Ալեկպերովը: Այն Ռուսաստանի խոշորագույն ընկերություններից է, ինչը նշանակում է, որ այդ ընկերության խոշոր գործարքները չեն կարող տեղի ունենալ առաննց ՌԴ իշխանության քաղաքական հայացքի:

Հետեւաբար, սա նշանակում է, որ գործարքը, որի մասին գրել է Ռոյթերզը, ըստ էության քաղաքական հավանություն ստացած ռուս-ադրբեջանական ֆինանսական գործարք է: Դրա շնորհիվ, ըստ Ռոյթերզի հրապարակման, Սոկարը փակելով ամերիկյան բանկերին վարկը, սկսել է դարձյալ ձեռք բերել ռուսական նավթ: Մինչ այդ, ամերիկյան բանկերը Սոկարին հորդորել են հրաժարվել ռուսական նավթի գնումներից, քանի որ դա կարող էր պատժամիջոցնների ռիսկի ենթարկել նաեւ ամերիկյան այդ բանկերին, որոնք վարկ են տրամադրել Սոկարին:

Այժմ, մարելով այդ վարկը ժամանակից շուտ, ադրբեջանական նավթային ընկերությունը Թուրքիայի իր ձեռնարկության միջոցով սկսել է նորից գնել ռուսական նավթ: Թե ինչ է անում Ադրբեջանը ռուսական նավթը, թերեւս դժվար չէ «գուշակել»՝ վերավաճառում է այնտեղ, ուր այդ նավթը ուղիղ գնալու հնարավորություն չունի պատժամիջոցների պատճառով:

Այդպիսով, ըստ էության ստացվում է ռուս-ադրբեջանա-ամերիկյան մի գործարք, համենայն դեպս քանի դեռ ԱՄՆ կառավարությունը աչք է փակում ադրբեջանա-ռուսական գործարքի վրա եւ Սոկարի հանդեպ չի կիրառում պատժամիջոցների այն համակարգը, որ սահմանվածծ է ռուսական նավթի ու գազի դեմ:

Եվ սա այն ֆոնին, որ Հայաստանի բանկերին փաստացի արգելվեց կիրառել «ՄԻՐ» ռուսական քարտերը, ինչի հետեւանքով տուժողը միմիայն Հայաստանի տնտեսությունն է: