27/07/2024

Նոր Նորքի ոստիկանական բաժնի ահաբեկչությանն առնչվող խուզարկություններով հայտնաբերվել են սխեմաներ, զինամթերք, փաստաթղթեր. Լուսանկարներ

ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքում օրերս ահաբեկչություն իրականացնելու փորձի գործից:

Նշվում է, որ սեղմ ժամանակահատվածում կատարվել են հսկայածավալ քննչական և այլ վարութային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել են մեկ տասնյակից ավել անձինք։

May be an image of text

Դատարանների թույլտվությամբ, ԱԱԾ-ի և ՀՀ ոստիկանության օժանդակությամբ նշված անձանց և նրանց հետ առնչություն ունեցող մի շարք այլ անձանց բնակության վայրերում, ինչպես նաև որպես «Ազգային ժողովրդավարական բևեռ» կազմակերպության գրասենյակ ծառայող տարածքում կատարվել է 23 խուզարկություն։

Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր և առարկաներ, այդ թվում զենք, զինամթերք, պլաններ, սխեմաներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ և այլն: Մասնավորապես նշված կազմակերպության գրասենյակ հանդիսացող տարածքից հայտնաբերվել են 2 մարտական նռնակ և քննության համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ փաստաթղթեր ու առարկաներ։

May be an image of diary, ticket stub, blueprint and text

ՔԿ հաղորդագրության մյուս հատվածը ներկայացնում ենք ստորև.

«2024թ․ մարտի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց մուտք գործելու և սպառնալիքներ հնչեցնելու և պայթյունի դեպքի առթիվ ՀՀ Քննչական Կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀՀ ԱԱԾ-ի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ իրականացվող քննությամբ առերևույթ պարզվել է հետևյալը.

Ս․ Հ․-ն, Վ․ Գ․-ն և Ա․ Մ․-ն, ունենալով հակաիշխանական հայացքներ, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու, պետական ծառայող հանդիսացող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի ծառայողներին իրենց պարտականությունները կատարելուց հրաժարվելուն, ինչպես նաև իրենց պահանջները կատարելուն հարկադրելու նպատակով, 2024թ-ի մարտի 24-ին՝ ժամը 17-ից 17.15-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք բերած և յուրաքանչյուրի մոտ գտնվող ռազմամթերք հանդիսացող երկուական ձեռքի մարտական նռնակներով, մուտք են գործել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի վարչական շենք։

May be an illustration

Շենքը պայթեցնելու սպառնալիքով, ձեռքերում ցուցադրական պահելով վերը նշված, այդ թվում՝ արդեն մարտական վիճակի բերված նռնակները, վերջիններս հերթապահ մասում ծառայություն իրականացնող ոստիկաններից պահանջել են ազատ արձակել իրենց համախոհներին, բացել հերթապահ մասի դուռը, իրենց տալ այնտեղ պահվող զենքերը և ազատել շենքը, որը զուգորդվել է նշված շենքում գտնվող անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով:

Նրանք հանդիպել են ոստիկանության ծառայողների դիմադրությանը, ինչի պայմաններում Ա․ Մ․-ի ձախ ձեռքում պահված նռնակը ընկել է ոստիկանության բաժնի հերթապահ մասի դիմացի հատվածը, և տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է ոստիկանության բաժնի վարչական շենքի մուտքի դուռը, դրա և հերթապահ մասի պատուհանների ապակիները, պատերը և առաստաղը, այդ հատվածում գտնվող գույքը:

Պայթյունի հետևանքով Վ․ Գ․-ն և Ա․ Մ․-ն ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն, իսկ Ս․ Հ․-ն, շարունակելով իրենց հանցավոր նպատակին ուղղված գործողությունները, նռնակները ձեռքերին պահած, շուրջ 2 ժամ սպառնացել է պայթեցնել ոստիկանության բաժնի վարչական շենքը և ՀՀ-ում իրականացնել հեղափոխություն, սակայն վերջինս վնասազերծվել և զինաթափվել է ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Ս․ Հ․-ն և Վ․ Գ․-ն ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են, իսկ Ա․ Մ․-ի ձերբակալումը հնարավոր չի եղել՝ վերջինիս առողջական վիճակի պատճառով: Քննչական խմբի կողմից խիստ սեղմ ժամանակահատվածում կատարվել են հսկայածավալ քննչական և այլ վարութային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել են մեկ տասնյակից ավել անձինք։

Վարույթի շրջանակում նշանակվել են դատապայթյունատեխնիկական, դատաքիմիական, նյութագիտական, շինարարատեխնիկական, ապրանքագիտական, դատաբժշկական, դատակենսաբանական և այլ փորձաքննություններ:

Միջնորդություններ են ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ Ս․ Հ․-ի, Վ․ Գ․-ի և Ա․ Մ․-ի նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է»:

Հիշեցնենք՝ մարտի 24-ին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ, որտեղ հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, հիմնականում՝ «Մարտական եղբայրության» անդամներ, որոնք պահանջում էին, որ ոստիկանները ազատ արձակեն իրենց համակիրներին:

Ոստիկանության շենքի բակում պայթյուն էր տեղի ունեցել, 2 քաղաքացի բեկորային վնասվածքներով տեղափոխվել էր բուժհաստատություն։

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ նռնակի պայթյունից տուժել էին ներխուժող անձանցից 2-ը, նրանք ունեն ստորին վերջույթների բեկորային վնասվածքներ։

ԱԱԾ հատուկջոկատայիններին և ոստիկաններին հաջողվել էր վնասազերծել և բերման ենթարկել նռնակով զինված անձին:

No photo description available.