27/07/2024

Ովքեր են Ոսկեպարում փորձում սրել իրավիճակը. ինչ են ասել գյուղացիները Լևոն Շիրինյանին

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը, մեկնաբանելով օրերս Ոսկեպար կատարած այցը, ասում է, որ մարդիկ, բնականաբար, անհանգիստ են, հարցերը պետք է պարզաբանել, ասել, խոսել, սակայն պայմանով, որ գործել պետք է՝ ըստ օբյեկտիվ պահանջների և մեր պետական շահերի:

«Պետությունը պետք է ազատ լինի իր գործողություններում, չի կարելի սահմանափակել և պետության ղեկավարից ուղիղ պատասխաններ պահանջել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Շիրինյանը նկատում է, որ ոսկեպարցիների հետ մի քանի ժամ անընդմեջ զրուցել է ամենատարբեր հարցերի մասին, վերջիններս էլ ասել են, որ գյուղում կատարվող ցանկացած աննորմալ երևույթ գյուղի բնակիչների հետ անմիջական կապ չունի, կատարում են դրսից եկած անձինք և ուժեր:

«Գյուղում պարզ ասացին՝ սրանք մեր գյուղացի չեն, ինչ-որ մարդիկ են հայտնվել, ինչ-որ բաներ են անում, 5-րդ շարասյունը էլ ո՞նց է լինում, ընդ որում՝ հայկական 5-րդ շարասյունը ամենաայլանդակ, ամենաստոր, հակամարդկային զանգվածն է՝ ղարաբաղյան կլանով հանդերձ: Այդպես է եղել նաև 1-ին հանրապետության շրջանում, հիմա սրանք նույն հայ բոլշևիկներն են՝ ռևանշիստներ»,- ասում է քաղաքագետն ու նկատում՝ միաժամանակ կա երկրորդ զանգվածը. «Բողոքողների մի մասը հայրենիքը, հողը տալ չուզող զանգվածն է, որը միաժամանակ պետությանը չի ուզում վնաս տալ, սա նաև զայրացած զանգված է, ու նրանց հետ պիտի աշխատել, բացատրել և կարելի է համախոհության գալ, սա ազնիվ զայրացած զանգվածն է՝ «կգնամ կկռվեմ, բայց հող չեմ տա»:

Երրորդ ուժը, ըստ Շիրինյանի, ռուսական գործակալական ցանցն է. «Սրանց մոտ անասնական վախ կա թուրքի հանդեպ, սա թույլ է տալիս արագ ընկնել ռուսների մանիպուլյատիվ գիրկը և դառնալ գործիք, ինչի վերածվել են: Սրանք չեն հասկանում պետության դերն ու նշանակությունը, նաև հավանաբար պարտավորություններ ունեն՝ ժամանակին շատ են թալանել, հոնորարներ ու թոշակներ ստացել, հիմա պարտքն են վերադարձնում»:

Քաղաքագետը նկատում է՝ այս իրավիճակում չափազանց կարևոր է կայունությունը. «Ռուսաստանին ձեռնտու է անկայունությունը, և մի քանի չլողացած-չսափրվածներ՝ «ազատամարտիկ» խաղացողներ, դրսի ուղղորդմամբ փորձում են իրականություն դարձնել այն: Հայությունը պիտի հասկանա, որ ՌԴ-ն մեզ դիակի է վերածում»:

Խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու մասին՝ զրուցակիցը ասում է. «Ադրբեջանը ո՛չ սահմանազատում է ուզում, ո՛չ էլ սահմանագծում, ցանկանում է Հայաստանին անկայուն պահել, ճնշման տակ, մենք էլ պետք է հակառակն անենք՝ երկրի ներքին վերակառուցումը ապահովենք շատ արագ, բանակը պիտի կարգի գա, ու մի օր էլ մենք ենք ուլտիմատում դնելու՝ կա՛մ դուրս արի մեր տարածքից, կա՛մ խփում ենք»:

Ըստ քաղաքագետի՝ քանի դեռ ուլտիմատում չկա, բանակցությունները պիտի շարունակվեն մինչև աբսուրդի հանգեցնելը՝ 1 տարի, 2 տարի, 4 տարի, ու այդ ընթացքում բանակը պետք է կարողանանք բերել կատարյալ վիճակի. «Եթե՝ չէ, ոչնչանում ենք: Պետք է ձգել բանակցություններն այնքան՝ մինչև միջազգային ճնշում կարողանանք ապահովել ադրբեջանական կողմի վրա, դրանից հետո Ալիև կոչվածը ուզած, թե չուզած զիջումների պետք է գնա»:

Շիրինյանը ընդգծում է՝ այս ճանապարհին իշխանությանը պետք է ազատ թողնել, որպեսզի մանևրի, «ճիշտ չխոսի», պետական շահը պահի: «Իսկ այն վերլուծական ծառայությունները, որոնք ՌԴ-ի և Ադրբեջանի շահն են պաշտպանում, պետք է օրենք ընդունել ու տեղում գնդակահարել»: