18/04/2024

Սահմանադրական բարեփոխումների հարցը առկախ վիճակում չէ․ նախարար

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցից հետո Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սահմանադրության փոփոխություններին։

Նրա խոսքով՝ վարչապետը հանրային քննարկման է բերել նոր գաղափարներ։

«Մենք նախնական նոր հայեցակարգ ունենք, որն ուղարկել ենք Կառավարություն, այժմ սպասում ենք վարչապետի ու հանձնաժողովի Սահմանադրական խորհրդի հանդիպմանը, որից հետ հանրային իրազեկման միջոցով կներկայացնենք, թե արդյոք մեր ուղղություններում փոփոխություններ են տեղի ունեցել և ինչ ենք նախատեսում»,- ասաց նա։

Ըստ նախարարի՝ ՀՀ Սահմանդրության նախաբանի վերաբերյալ դեռևս քննարկում չի եղել։

«Բացի այն հատվածից, որը եղել է, այլ քննարկումներ չեն եղել, իսկ գաղափարական մտագրոհների արդյունքում, թե ինչ նոր ուղղություններ ենք նախատեսելու, Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը կներկայացնի։ Իրականացնում ենք ներքին աշխատանքներ։ Այն հոդվածները, որոնց մեջ մենք խնդիրներ ենք արձանագրել, իրականացվում է այս պահին ներքին մոնիթորինգ ու վերլուծություն, բայց բուն Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը մեկ անգամ է հավաքվել, և որոշել ենք քննարկել վարչապետի առաջարկները»,- հավելեց նա։

Վերջինս վստահեցրեց՝ Սահմանադրական բարեփոխումների հարցը առկախ վիճակում չէ, պարզապես հաշվի առնելով վարչապետի հանրային ելույթը՝ հետագա աշխատանքները սինխրոնիզացվում են հետագա իրավիճակի հետ։