Գաղտնիք չէ, որ 2018-ի հեղափոխությունից հետո ՀՀ-ում «կոնտրհեղափոխություն» անելու, այսինքն՝ նախկին քաղաքական ստատուս քվոն վերականգնելու ուղղությամբ գերակտիվ ջանքեր են գործադրվել, որոնք, սակայն, հաջողությամբ չպսակվեցին։
Երբ այդ օրերին Հայաստանի բարձրագույն իշխանությունը՝ ի դեմս մասնավորապես վարչապետի և ԱԽ քարտուղարի, ազդարարում էին Հայաստանին հայտարարված հիբրիդային պատերազմի և սպառնացող հիբրիդային հեղաշրջման մասին, քարոզչական դաշտ էր նետվում հիբրիդային պատերազմ վարողների իռացիոնալ հակափաստարկը՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը զբաղված են հասարակության ուշադրությունը նման դավադրապաշտական հեքիաթներով շեղելով, որպեսզի արդարացնեն «հողերը Սորոսի ծրագրով հանձնելու» իրենց ծրագիրը, որն իրագործելու համար էլ տեղի է ունեցել «գունավոր հեղափոխությունը»։
Հիբրիդային պատերազմը, նշենք, ավանդական պատերազմի շարունակությունն է, սակայն այն վարելիս գործի են դրվում ոչ թե իրական թնդանոթներն ու տանկերը, այլ ոչ ռազմական՝ քարոզչական տեխնոլոգիաների մի ամբողջ համակարգ՝ «ԱԹՍ»-ներից մինչև «ծանր զրահատեխնիկա», տեղեկատվական «կեղտոտ զենքից» մինչև հոգեբանական դիվերսիա։ Հիբրիդային կամ ասիմետրիկ պատերազմի մասին, ի դեպ, ուշագրավ հոդված է հեղինակել ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը (դեռևս 2013-ին), որը բացահայտում է, թե ինչպես է Ռուսաստանն ընկալում և, հետևաբար, ինչպես է վարում նոր պատերազմներ։
Մենք՝ ՀՀ քաղաքացիններս, հենց հիմա, հենց այս պահին հիբրիդային պատերազմ վարողների թիրախում ենք՝ որպես տեղեկատվական դաշտ նետվող զգայուն, գրգռիչ թեզերի սպառողներ։ Դրանք են՝ ՀՀ իշխանությունները ուրանում են ցեղասպանությունը՝ «կզելով» Թուրքիայի առաջ, որի հետ որոշել են «քիրվայություն» անել, խաղաղության պայմանագիրը հակահայկական, հակապետական պայմանագիր է, որում ՀՀ-ի համար կործանարար կետեր են ներառված, ՀՀ իշխանությունները թելադրվում են Ալիևի կողմից՝ խոսելով Սահմանադրության, Անկախության հռչակագրի, զինանշանի փոփոխության, վերանայման մասին, թշնամու պահանջով են կատարվում նաև կրթական համակարգի վերափոխումները՝ Հայոց պատմություն առարկայի վերանվանում, բուհերի կենտրոնացում մեկ վայրում՝ վաճառելով դրանց շենքերը։ ՀՀ իշխանությունը անցած չորս տարիների ընթացքում չի ուժեղացրել մեր զինված ուժերը, չի կահավորել առաջնագիծը, քանի որ Թուրքիայի դրածոն է և Արցախը հանձնելուց հետո այժմ էլ մտադիր է ՀՀ սուվերեն տարածքից նոր զիջումներ անել՝ մեր տան՝ թշնամու առաջ դուռ ու լուսամուտ բացելով… ՀՀ-ն փոխում է իր վեկտորը ոչ թե դեպի Արևմուտք, այլ դեպի Թուրքիա՝ տարածաշրջանը աշխարհաքաղաքական ուժերի բախման թատերաբեմ դարձնելով…
Այս օրերին հասարակական-քաղաքական ակտիվ քննարկումների թեմա դարձած՝ Տավուշի չորս գյուղերի հանձնման թեման, որն ակտիվացվեց ՌԴ-ի անտեսանելի ձեռամբ և Ալիևի «շուրթամբ», վարվող հիբրիդային պատերազմի համատեքստում են։ Ընդ որում, այս պատերազմում Ադրբեջանն ու ՌԴ-ն «կրակում» և «հակաօդային պաշտպանություն» են իրականացնում սինխրոնացված՝ մեկը բարձրացնում է գյուղերի վերադարձի հարցը, մյուսը, ամրապնդելով, լեգիտիմացնելով այդ պահանջը, կեղծ հակադարձմամբ է հանդես գալիս, թե՝ գյուղերի հանձնումը ոչ մի կապ չունի ՌԴ-ի հետ։
«Տավուշի և Արարատի հայկական գյուղերն ապահովում են Վրաստան և Իրան տարանցումը: Զրկվելով դրանցից՝ Հայաստանը վտանգի տակ կդնի իր ռազմավարական կոմունիկացիաները: Եվ դրանից հետո Թուրքիան ու Ադրբեջանը կպահանջեն, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը»,- օրերս հայտարարել էր ՌԴ ՊԴ պատգամավոր, Պուտինի «խոսափող» Կոստանտին Զատուլինը ու հավելել՝ Հայաստանի իշխանություններն իրենց զիջողականությունն արդարացնում են նրանով, թե իբր ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը հրաժարվել են պաշտպանել երկիրը։
Նույն՝ դաշնակից երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ, խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշում դելիմիտացիա անելու անդրադարձի մասին, ասել էր՝ Արևմուտքի քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ գոտում հայտարարում է Ադրբեջանի հետ մոտալուտ պատերազմի մասին։ «Ահա՝ ինչի են հասցրել ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և Վաշինգտոնից նոր կուրատորները, խնդրում եմ նկատել՝ տվյալ հայտարարությունը ոչ մի կերպ կապ չունի ՌԴ-ի հետ, սա Երևանի ներկայիս իշխանության բացառիկ իրավասությունն է և արևմտականների հետ նրանց խորհրդակցությունների հետևանքը»։ Իր հերթին անդրադանալով Զախարովայի հայտարարությանը՝ օրերս ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ռեպլիկի կարգով արձագանքեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին և նշեց. «Շատ տարօրինակ է, ինձ թվում էր՝ ՌԴ-ն այնտեղ հենակետ էր դրել, որ կապ ունենա։ Ոսկեպարից միքիչ վերև ռուսական հենակետ կա, ու հուսով եմ, տիկին Խամոյան, եթե դուք նամակներ եք գրում, ապա այդ նամակների մեջ այդ հարցն էլ կբարձրաձայնեք»։
Ուշադրություն դարձնենք, թե ինչ իրավիճակում և իրադարձությունների ինչ հերթագայությամբ «չորս գյուղերի հանձնում» թեման գեներացվեց՝ երբ ՀՀ-ն կտրուկ և բաց տեքստով հայտարարեց ՀԱՊԿ-ում իր անդամությունը սառեցնելու մասին (Ֆրանսիա կատարած այցի ժամանակ, «Ֆրանս 24»-ին տված հարցազրույցում), երբ հայտնի դարձավ Ֆրանսիայի հետ ռազմական գործակցության և մատակարարված զինատեսակների մասին, երբ պաշտոնական Երևանը դիմեց ՌԴ-ին «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահներին դուրս բերելու համար (մինչև օգոստոսի 1-ը), երբ Եվրոպական խորհրդարանն ընդունեց ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձևը…
Հիբրիդային պատերազմի շահառուների սցենարը
Հիբրիդային պատերազմը եթե չի հասնում իր առջև դրված նպատակներին ու խնդիրների լուծմանը՝ տեղեկատվական մակարդակում այդ նպատակները «տաքացնելով», «եփելով», կարող է կոշտացնել իր գործիքակազմը՝ գործի դնելով նաև իսկական զրահատեխնիկան։ ՀՀ-ի դեմ վարվող հիբրիդային պատերազմի այս պահի գլխավոր օրակարգը, ինչպես վերլուծություններն են ցույց տալիս, ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալը կանխելն է (դուրս գալուն հաջորդող զարգացումները հաշվի առնելով) և այդ կառույցի կենսունակությունն ապացուցելու համար լեգիտիմ հիմքեր ստեղծելը՝ հենց ՀՀ-ին մասնակից դարձնելով այդ պրոցեսին։ Հընթացս արձանագրենք, որ ՀՀ-ի, այսպես ասած, «ռազմավարական շրջադարձը», որում ՌԴ-ն ու նրա հայաստանյան արբանյակները մեղադրում են ՀՀ իշխանությանը, տեղի ունեցավ 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով ՀԱՊԿ-ի մասով տեղի ունեցած «կազուսից» հետո, երբ ՀՀ-ն Պրահայի հանդիպման ժամանակ իր սահմանները դիտարկելու համար ստիպված եղավ հրավիրել ԵՄ դիտորդներին։ Ասել է թե՝ ՀՀ-ՌԴ հարաբերություններում ի հայտ եկած խուլ կոնֆլիկտի արմատը հենց ՀԱՊԿ-ի ցուցաբերած վարքագիծն է։
Թվում է, թե արտաքուստ որևէ կապ չունեն Տավուշի գյուղերի հանձնման մասին խոսակցությունները ՀԱՊԿ-ում ՀՀ-ի անդամության, լինել-չլինելու հարցի որոշման հետ։ Որոշ վերլուծություններ, սակայն, ցույց են տալիս, որ գործի է դրվելու «նա, ով խանգարում էր, նա էլ կօգնի մեզ» սկզբունքը, որին ՀՀ-ն կհակվի դեպքերի բերումով։ Սցենարն այսպիսին է. ՌԴ-ի հովանու ներքո ու ինստրուկտաժով գործող ընդդիմությունը՝ հատկապես պետական ամբիոն ունեցող՝ խորհրդարանական, օրուգիշեր աղաղակում է, որ չորս գյուղերի հանձնումը հղի է վտանգներով (ինչպես անցած հանգստյան օրերին Հրազդանում աղաղակել է Իշխան Սաղաթելյանը), որ դրանց հանձնումը կենսական զիջում կլինի, և ՀՀ-ն ոչինչ չի ստանա դրա դիմաց՝ կոչ անելով դիմել ինքնապաշտպանության և դիմադրության (ինչպես 2022-ին էր հայտարարվում՝ «Արցախը փրկելու» համատեքստում)։ Ընդ որում, շատ կարևոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, թե ինչ է զուգահեռ թմբկահարվում՝ Նիկոլ Փաշինյանը խոսելով այդ գյուղերը չհանձնելու դեպքում պատերազմի հավանականության մասին՝ Ադրբեջանին լեգիտիմ հիմք է տալիս պատերազմ սկսելու։ Սա շատ կարևոր ուղերձ է, որը պետք է ընդդիմության ջանքերով «ինստալյացիա անել»՝ ներբեռնել ՀՀ ժողովրդի գիտակցության մեջ՝ պատերազմի սկսման մեղավոր կարգելով ոչ թե Ադրբեջանին, այլ նրա այդ վարքագիծը նախապես լեգիտիմացրած Նիկոլ Փաշինյանին։ Ռադիկալ ընդդիմադիրների մի խումբ, ընդ որում՝ սերժաքոչարյանական ընդդիմադիր ուժերի հետ քաղաքական տարաձայնություններ ունեցող, տուրք տալով գեներացվող քարոզչությանը, համակված «ծռերական» ոգով ու անզիջողականությամբ, ուղևորվում է Տավուշի «հանձնման ենթակա» գյուղեր ու «ժողովրդի հետ բացատրական աշխատանքների» արանքում սադրանքներ հրահրում՝ «կազուս բելլի» ապահովելով Ադրբեջանի համար։ Ադրբեջանը սադրանքին ի պատասխան դիմում է «հակաահաբեկչական, հակադիվերսիոն» գործողության ու ռազմական ուժով վերցնում խնդրո առարկա գյուղերն ու մխրճվում ՀՀ սուվերեն տարածք։ ՀԱՊԿ-ում անդամությունը սառեցրած ՀՀ-ն, ըստ հաշվարկի, այս անգամ չի դիմում այդ կառույցին՝ հաշի առնելով նախորդ անգամները դիմելու ու պատասխան չստանալու տխուր փորձը։ ՀՀ-ն իր մարտական կարողություններն ուղղորդում է Տավուշի և մնացած սահմանների ուղղությամբ՝ թույլ չտալով ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական ԶՈՒ-ին առաջխաղացում ունենալ այլ ուղղություններով, իսկ այդ ընթացքում Երևանի կենտրոնում ընդդիմությունն ու հարակից ուժերը վերսկսում են հակակառավարական ցույցերն ու գրոհները, թե՝ «բա տեսա՞ք, զգուշացնում էինք՝ Նիկոլը լեգիտիմ հիմք տվեց Ադրբեջանին պատերազմ սկսել մեր դեմ», «պետք է տալ այս հողատու, դավաճան իշխանության վերջը»։
Բորբոքված հանրությունը որոշում է դիմել ռադիկալ քայլերի՝ նախօրեին տեղի ունեցած միջադեպի կրկնությամբ՝ նռնակների պայթեցում, ահաբեկչական այլ գործողություններ ՀՀ տարբեր հատվածներում՝ պահանջելով իրադրության գլխավոր մեղավորի հրաժարականը։ ՀՀ իրավապահները, բնական է, կփորձեն հակազդել խռովարարների գործողություններին՝ ներքին անկայունություն թույլ չտալու համար։ Սակայն իրավիճակն ինչ-որ պահի դուրս կգա վերահսկողությունից այն աստիճան, որ կարիք կզգացվի դիմել արտաքին օգնության, իսկ նման օգնություն ցուցաբերելու իրավասություն ունի միայն ՀԱՊԿ-ը։ Սակայն դիմումը կլինի ոչ թե ՀՀ սահմանները պաշտպանելու, այլ ՀՀ-ում ծագած ներքին խռովություններին վերջ տալու նպատակով։ Իսկ թե ինչպես կհանգուցալուծվի իրավիճակը, ում մնալով կամ հեռացմամբ, ում գալով՝ կախված կլինի իրավիճակի բարդության աստիճանից և ՌԴ-ի տված նախապատվությունից։ Այդ նախապատվության մասին կարելի է կռահել՝ հաշվի առնելով գործող վարչապետի հասցեին ՌԴ-ից հնչող սպառնալիքների ոճն ու հաճախականությունը։ Ի դեպ, ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի օգտագործման սցենարը արդեն մեկ անգամ գործի է դրվել՝ Ղազախստանում, 2022 թ. հունվարին, այսպես ասած՝ «գազային հուզումների» ժամանակ։
Հարկ է նշել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստի ժամանակ հայտարարել էր, որ «Ղազախստանում օգտագործվել են Մայդանի տեխնոլոգիաները», և նշել՝ հասկանալի է, որ ղազախական պետականության սպառնալիքը պայմանավորված է ոչ թե տարերային ակցիաներով՝ կապված վառելիքի թանկացման հետ, այլ նրանով, որ իրավիճակից օգտվել են «ապակառուցողական արտաքին և ներքին ուժերը»:
Բաց մի թողեք
Զախարովային զանգահարել և խնդրել են չմեկնաբանել բալիստիկ հրթիռների հարվածը. Լուսանկար
Կառավարող թիմի «ճաքերից» ոգևորված ընդդիմադիր ճամբարում ի՞նչ իրավիճակ է՝ ճաքա՞ծ, թե՞ ճաքճքած, փլվա՞ծ…
«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված գործընթացները ադրբեջանական կողմի հետ շարունակվում են. թուրք նախարար