27/07/2024

Ադրբեջանում «նեղվել» են Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի համատեղ համաժողովից, այն անվանել «միակողմանի և կանխակալ»

Եվրամիությունն ու ԱՄՆ-ը միասին կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած «ապակայունացնող» գործողության համար:

Այս մասին հայտարություն է հրապարակել Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համատեղ հանդիպումը, որի շրջանակում քննարկվելու են Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները:

«Նեղվելով» այս հանդիպումից ու այն փաստից, որ այն անցնելու է առանց Ադրբեջանի, երկրի ԱԳՆ-ն հայտարարել է, թե ԵՄ-ի, Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ համաժողովն «ակնհայտորեն միակողմանի է, կանխակալ և հիմնված երկակի ստանդարտների վրա»։

«Այս համաժողովը «թափանցիկ չէ, զուրկ է տարածաշրջանային ընդգրկունությունից և հակասում է տարածաշրջանում այդքան անհրաժեշտ վստահության և ինտեգրման ձևավորմանը»: Այս համաժողովը հայկական կողմին խաղաղ բանակցությունների մղելու փոխարեն տարածաշրջանում «նոր բաժանարար գծեր ու ազդեցության շրջանակներ է ստեղծում»։ Հայաստանում «ռևանշիստական տրամադրությունների» ֆոնին Վաշինգտոնի և Բրյուսելի նման բացահայտ հայանպաստ հասարակական դիրքորոշումը կարող է վտանգավոր պատրանք ստեղծել, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն կաջակցեն նրան «Ադրբեջանի դեմ հաջորդ հնարավոր սադրանքներում»։ Այս դեպքում ԵՄ-ն և ԱՄՆ-ը կիսելու են Հայաստանի ցանկացած «ապակայունացնող գործողությունների» պատասխանատվությունը»,-բարձրագոչ հայտարարել է արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Կառույցը նաև կոչ է արել ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ խաղաղության ջանքերի վրա և տարածաշրջանում էսկալացիայի և լարվածության նոր ալիքներ հրահրել: Թե ինչու պետք է նման հանդիպումը լարվածություն առաջացնի, Ադրբեջանի ԱԳՆ-ն չի պարզաբանել:

2023 թվականի հոկտեմբերի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Գրանադայում հանդիպումից հետո հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ: Ուրսուլա ֆոն դեր Լայենը տեղեկացրել էր Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ԱՄՆ համատեղ միջոցառման նախապատրաստման մասին: