27/07/2024

Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հարց այս փուլում չի քննարկում․ ԱԺ նախագահ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հերքեց ավելի վաղ տարածված այն լուրերը, թե ինքը Եվրախորհրդարանում՝ Եվրանեսթի կոնգրեսի ժամանակ, Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ հանդիպմանը քննարկել է բելառուսցի Յարոսլավ Նովիկովի հարցը, որը Հայաստանում կալանավորվել է բելառուսական ուժայինների պահանջով, և որ Հայաստանը վերջինիս քաղաքական ապաստան է տալու։

«Դուրս ենք եկել, միջանցքում շնորհակալություն եմ հայտնել Հայաստանին դրական անդրադարձ կատարելու համար, որովհետև իր ելույթում և ընդհանրապես այդ միջոցառման ընթացքում շատ ակնհայտ էր ԵՄ-ի և այնտեղ ներկա գտնվող մեր գործընկերների արձագանքը Հայաստանի վերաբերյալ։ Պետք է ասեմ, որ այնտեղ նաև Ադրբեջանի ներկայացուցիչը ինչ-որ բան ասաց Հայաստանի մասին, ես նույնիսկ կարիք չունեի դրան պատասխանելու, դրան իրար հերթ չտալով պատասխանեցին ԵՄ տարբեր ներկայացուցիչներ, փորձագետներ»,- ասաց նա։

Սիմոնյանի խոսքով՝ ինքն անգամ նշված երիտասարդի գոյության մասին տեղյակ չի եղել․ «Ես նույնիսկ այդ տղայի գոյության մասին չգիտեի, ոչ մի բան չենք խոսացել մենք։ Ինչ-որ բաներ էին գրել, չեմ կարծում, որ ինքը իրավասու էր որևէ բան քննարկել, այնտեղ հրավիրված հյուր էր։ Եթե դա Բելառուսի մեր գործընկերների համար պատճառ է եղել, ես անլուրջ եմ համարում»։

Հարցին՝ նման տեղեկատվությունը հատո՞ւկ է տարածվել, Սիմոնյանը նկատեց․ «Չգիտեմ, անկեղծ չգիտեմ այդ գործչի հետ կապված մանրուքները։ Կարծում եմ՝ այդ թեման իմ մասով փակ է, որովհետև նման քննարկում ես այդ թեմայով չեմ ունեցել ո՛չ Հայաստանում, ո՛չ Հայաստանից դուրս»։

Հիշեցնենք՝ տարածված լուրերից հետո Բելառուսը հայտարարեց «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումը, իրացումը, պահպանումն ու տարանցումը արգելելու մասին։

Ըստ բելառուսական կողմի՝ «Այրում» նռան գինու բաղադրության մեջ հայտնաբերվել է սինթետիկ ներկանյութ՝ ազորուբին։

Նկատենք՝ Բելառուսի որոշումը վերաբերում է Արարատ քաղաքում տեղակայված կոնյակի գործարանին, որը կապ չունի Երևանի կոնյակի գործարանի հետ:

Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հարց այս փուլում չի քննարկում։

Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ հարցեր են քննարկվելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպմանը, արդյոք հնարավո՞ր է, որ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցը քննարկվի։

«Ես օրակարգից տեղյակ չեմ։ Եվրամիության անդամակցության հարց այս փուլում չենք քննարկում։ Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ»,- ասաց նա։

Ըստ նրա՝ այն հայտարարությունները, որոնք արվում է հայաստանյան ընդդիմության կողմից, թե ժողովրդավարության մակարդակը ցածր է Հայաստանում, միևնույն է, ԵՄ-ն արձանագրել է՝ շատ լավն է երկրի չափանիշները․ «Դա աննախադեպ շատ լավ բան է, բարձրացրեց նաև ՀՀ անվտանգության մակարդակը, բայց դա չի նշանակում, թե ՀՀ-ն դիմումը վերցրած գնացել է ու սպասում է, որ մտնի դառնա ԵՄ թեկնածու։ Մենք շատ անելիք ունենք Հայաստանում, որ ինչպես Վրաստանն ու Թուրքիան են տարիներով սպասում, չգնանք ու տարիներով սպասենք։ Պետք է ՀՀ-ում շատ բան փոխվի, շատ չափորոշիչներ»։

Նրա խոսքով՝ հարց է նաև այն, թե եթե ՀՀ-ն եթե դիմի, ապա այդ ընթացքը քանի տարի կարող է տևել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ապրիլի 5-ին Բրյուսելում հանդիպում կունենան՝ քննարկելու Հայաստանի զարգացմանն առնչվող հարցեր։

Հանդիպումը ուղղված կլինի Հայաստանի կայունության բարձրացմանը։