27/07/2024

Ռուս – թուրքական սիներգիա՝ ահաբեկչությունների ծիրում

Hürriyet-ը, հղելով պատկան մարմիններում իր աղբյուրներին, գրում է, որ «Կրակուս սիթի հոլում» ահաբեկչության կասկածանքով ձերբակալվածներից երկուսն «այցելել են Թուրքիա, բայց նրանց վերաբերյալ ռուսաստանյան կողմից ոչ մի նախազգուշացում չի եղել»:

Թուրքիայի տարածք նրանք մուտք են գործել Ռուսաստանից, չեն ունեցել «որեւէ գրանցում» կամ «կեցության վկայական, որ կլեգալացներ նրանց ներկայությունը»: Այդուհանդերձ, լրատվամիջոցը հավաստիացնում է, որ թուրքական կողմը Մոսկվային «նրանց մասին տեղեկություններ է փոխանցել»:

Ըստ երեւույթին, դա տեղի է ունեցել ՌԴ Քննչական կոմիտեի կամ Անվտանգության դաշնային ծառայության խնդրանքով: Ձերբակալված անձանցից մեկի առաջին հարցաքննության տեսագրությունից, որ տարածել էր Մարգաիրտա Սիմոնյանը, հայտնի է, որ ենթադրյալ ահաբեկիչն ասել է, որ ահաբեկչության պատվիրատուի հետ մեսենջերային գրագրություն է վարել՝ գտնվելով Թուրքիայից, որտեղից էլ մարտի 4-ին թռել է Մոսկվա:

Մոսկվայից նա ե՞րբ է մեկնել Թուրքիա, կոնկրետ ո՞ր քաղաքում եւ ինչքա՞ն ժամանակ է գտնվել, որտե՞ղ եւ ի՞նչ միջոցների հաշվին է ապրել, եթե աշխատանք չի ունեցել, ի՞նչ շրջանակների հետ է շփվել, ո՞վ է երկրորդ անձը,-այս հարցերին ոչ մի պատասխան առայժմ չկա:

Թուրքական լրատվամիջոցը միայն տեղեկացնում է, որ «Անկարան մանրակրկիտ եւ ջանադրաբար ուսումնասիրել է այդ մարդկանց առնչվող բոլոր հարցերը եւ տեղեկացրել Մոսկվային»: Թերթն ավալացրել է, որ Անկարան Մոսկվայից «ԻԼԻՊ-Խորասան» կառույցի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ է ակնկալում, քանի որ այն սպառնալիք է Թուրքիային»:

Ո՞վ է հաստատել, որ «Կրոկուս սիթի հոլում» ահաբեկչություն իրականացրել են ձերբակալված անձինք, եւ, ամենակարեւորը՝ նրանք «ԻԼԻՊ-Խորասան» կառույցի զինառյալներ են եւ գործել են վերջինիս հանձնարարությամբ: Այդ մասին վստահաբար կարելի կլինի խոսել միայն քննության ավարտից եւ դատարանի վճռից հետո:

Թուրքական լրատվամիջոցը, մինչդեռ, Մոսկվայի ահաբեկչության պատվիրատու է նշանակում Իսլամական պետության մի ճյուղավորման: Ընդսմին, ակնարկվում է, որ վերջինիս մասին Ռուսաստանն ավելի տեղեկացված է եւ Անկարան հավելյալ տեղեկություններ է ակնկալում, որպեսզի Թուրքիայում կանխարգելիչ քայլեր ձեռնարկի:

Անակարան ձեռքերը լվանու՞մ է «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչությունից, թե՞ Թուրքիայի եւ Ռուսաստանի հատուկ ծառայությունները սիներգիայի սկզբունքով «ԻԼԻՊ-Խորասան» կառույցի շուրջ ստեղծում են քաղաքական նշանակության ֆոն: Մոսկվան ահաբեկչության պատասխանատու, կարծես, նշանակել է՝ Ուկրաինայի հատուկ ծառայություններն են, ըստ առաջին վարկածի, Բրյանսկի շրջանում «սահմանային պատուհան ստեղծել՝ ընդունելու ահաբեկիչներին»:

Հավաքական Արեւմուտքը ռուս-ուկրաինական պատերազմի կողմ է: Եթե ,,ԻԼԻՊ-Խորասա» կառույցի զինառյակներն են Մոսկվայում ահաբեկչություն իրականացրել եւ ծրագրված էր, որ նրանք ապաստան պիտի գտնեին Ուկրաինայում, ապա ակնհայտ է դառնում, որ Մոսկվան ահաբեկչության համար պատասխանատու է տեսնում առաջին հերթին արեւմտյան հատուկ ծառայություններին:

Իսկ ամփոփ տպավորությունն այն է, որ «ԻԼԻՊ-Խորասանը» գործել է արեւմտյան պատվերով: Թուրքական կողմից մամուլի համար կազմակերպված արտահոսքը, կարծես, թուրքական հատուկ ծառայություններն Արեւմուտքի ազդեցությունից ապահովագրելու նպատակ է հետապնդում: Թուրքիան «ԻԼԻՊ-Խորասան» կառույցը սպառնալիք է դիտարկում եւ Ռուսաստանին առաջարկում նրա դեմ համատեղ պայքար:

Դա իրավիճակային-մարտավարակա՞ն, թե՞ ինստիտուցիոնալ համագործակցության առաջարկ է: Թուրքիան առաջիկա ամսիներին Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում լայնածավալ ռազմագործողություն է ծարգրում: Սիրիայի հյուսիս-արեւելքում Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի: Վերջերս այդ շրջան է այցելել Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Քալընը: Նույն շրջանում առանցքային դերակատար է նաեւ Իրանը: Առանց ռուս-թուրքական համագործակցության Սիրիայի հյուսիս-արեւելքի քրդական ինքնավարությունը ոչնչացնել հնարավոր չէ: Իսկ քրդերը գործում են ԱՄՆ հովանու ներքո: