27/07/2024

Եթե մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

«Հայաստանն իսկապես լուրջ ճամփաբաժնի վրա է և մենք պիտի կարողանանք մեր հանրությանը ներկայացնել այդ ճամփաբաժնի ճիշտ ուղղությամբ շարժվելու անհրաժեշտությունը»:

Այս մասին այսօր՝ ՀՀ եվրաինտեգրամանն ուղղված համաժողովի ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Կարո՞ղ ենք մնալ նույն տեղում՝ նույն դիրքում, համոզված եմ, որ ոչ, որովհետև մինչև 2020 թվականը մտածում էինք, որ քանի, որ ունենք Լեռնային Ղարաբաղի հարց, ՀՀ ինքնիշխանության հարց պիտի մնանք ռուսական ուղեծրում և դրանով պաշտպանենք մեր ինքնիշխանությունը, ոչինչ որ տնտեսության առումով հետամնաց կլինենք, ոչինչ որ որոշակի խնդիրներ կլինեն մարդու իրավունքների և այլնի առումով, ոչինչ որ խնդիրներ կունենանք ՄԱԿ-ում և Արևմուտքում, բայց գոնե ԼՂ առումով մեր խնդիրները կլուծենք: 2020-ից հետո պարզ դարձավ, որ մեր մոտեցումները և ՌԴ մոտեցումները տվյալ խնդրի առումով բացարձակ տարբեր են և չունեն իրար հետ զուգահեռվելու որևէ հնարավորություն:

Այսօր մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժնի առաջ՝ մենք ունենք բանակը վերափոխելու խնդիր, լուրջ սպառազինություն գնելու խնդիր, տնտեսությունը ոտքի հանելու խնդիր, ունենք նաև հանրային կյանքում քաղաքացու, մարդու իրավունքների պաշտպանության խնդիր և այս բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միմիայն Արևմուտքում, ՌԴ-ն չի կարող և չի էլ ուզում այդ խնդիրները մեր հետ լուծել»,- ասաց Սարգսյանը:

Վերջինս նկատեց՝ տարածաշրջանում Վրաստանը կողմնորոշվել է՝ ԱՄՆ-ի հետ է, Ադրբեջանը կողմնորոշվել է՝ Շուշիի պայմանագրով Թուրքիայի հետ է, նաև իր շահերը համընկնում են ՌԴ-ի հետ և այդ ուղղությամբ էլ գործունեություն է ծավալում, տարածաշրջանում մնացել ենք մենք, որ պիտի կողմնորոշվենք. «Եթե մենք մնում ենք ՌԴ-ի հետ, մենք մնում ենք Ադրբեջան-Թուրքիա-ՌԴ եռանկյունում, որտեղ խնդիրները լուծվելու են մեր հաշվին, հետևաբար մենք այլընտրանք չունենք, այլ տարբերակ ուղղակի գոյություն չունի»:

Արամ Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ շաբաթներ առաջ «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», «Հանուն հանրապետության» և «Հանրապետություն» կուսակցությունները միասնական փաստաթուղթ են ստորագրել ուղղված նրան, որ համախմբվում են երկիրը դեպի ԵՄ, ԵՄ անդամության հայտ ներկայացնելու ուղղությամբ տանելու շուրջ և գտնում են, որ մեր անվտանգային խնդիրները 1 աստիճան հնարավոր է բարձրացնել այդ ճանապարհով գնալու դեպքում: