27/07/2024

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի է ունեցել Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:

Նշենք, որ 23-րդ «Արտավազդ»-ը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հիշատակին:

Մինչ մրցանակաբաշխությունը, Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը նկատել է՝ Թատրոնի միջազգային օրն առանձնահատուկ է:

«1961 թվականին Պետեր Բրուկի առաջարկությամբ մարտի 27-ը որոշվեց կոչել Թատրոնի միջազգային օր: Մինչ օրս ամեն տարի ամբողջ աշխարհը մեծ ցնծությամբ, ոգևորությամբ նշում է այդ տոնը։ Թատերական աշխարհը ժամանակ առ ժամանակ ալեկոծվում է, ստիպված է լինում լուծել հարցեր, որոնք շատ դեպքերում բացարձակ կապ չունեն թատրոնի հետ, սակայն անում է դա: Մեր ժամանակներն էլ բացառություն չեն, սակայն մենք գիտենք, որ նման օրերը երկար չեն տևելու: Պինդ մնանք, ամուր լինենք, լծված լինենք մեր գործին»,- մաղթել է Ղազանչյանը:

Հակոբ Ղազանչյանը «Հայ թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար» «Արտավազդ» մրցանակ հանձնեց ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանին:

Բեմ բարձրանալով ու մրցանակը վերցնելով՝ Էլբակյանը հիշեցրել է, որ թատրոնն աշխարհի փոքր մոդելն է:

«Թատրոնը մարդկանց օգնում է ազատագրվել իրենց շուրջ տիրող քաոսից: Կլինենք մենք, թե ուրիշները, թատրոնը միշտ կկատարի այդ գործառույթը, քանի դեռ կա մարդը, քանի դեռ կա այս աշխարհը»,- ասել է Արմեն Էլբակյանն ու շնորհակալություն հայտնել մրցանակի համար:

Հատուկ մրցանակ է տրվել Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանին՝ Աշտարակի թատրոնի հիմնադրմանն աջակցելու համար, իսկ Արմեն Ջիգարխանյանի անվան «Մեծ Արտավազդ» մրցանակը միությունը հանձնել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանին:

«Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում մրցանակը տրվեց Տիգրան Գաբոյանին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոն, «Ինկածբերդի իշխանուհին» (Քեսունի Վասիլ Իշխան):

«Լավագույն կին դերակատար» անվանակարգումմրցանակի արժանացավ Արաքսյա Մելիքյանը, Հայաստանի երգի պետական թատրոն, «Շղթա» (Աննա Մարկոսյան):

«Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում մրցանակը տրվեց Վարդան Կուղիանոսյանին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն, «Գիշատիչների խնջույքը» (Կաուբախ):

«Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար» ճանաչվեց Նառա Սանթոյանը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, «Ինկած բերդի իշխանուհին» (Սաբեթ):

«Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգումհաղթեց Կարեն Գրիգորյանը, Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոն, «Փոքրիկ ողբերգություններ»:

«Լավագույն զգեստների նկարիչ» անվանակարգում մրցանակի արժանացավ Մերի Սարգսյանը, Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոն, «Փոքրիկ ողբերգություններ»:

«Լավագույն լուսային նկարիչ» անվանակարգումմրցանակը տրվեց Հակոբ Պողոսյանին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, «Ինկած բերդի իշխանուհին»:

«Լավագույն երաժշտության հեղինակ» ճանաչվեցՎաչե Շարաֆյանը, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն, «Կոլոմբինա»:

«Լավագույն պիես» համարվեց «Պատերազմի ցեցը»՝ Արմինե Բոյաջյան, Նարեկ Մանուչարյան:

«Լավագույն թատերախոսական» անվանակարգում մրցանակի արժանացավ Սուսաննա Բրիկյանը, «Գերագույն» երկրպագուն»:

«Լավագույն երիտասարդ դերասան» ճանաչվեցԱնդրանիկ Միքայելյանը, Բաբելոն թատրոն, Բաբելոն շոու (Ժամանում) մաս 1 (Մոցարտ):

«Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում «Արտավազդ»-ը տրվեց Անուշ Զանգիզորյանին, Գեղարքունիքի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոն, «Ֆարենհայթ451» (Քլարիս Մաքլելն):

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում հաղթեց Ժորա Մարտիրոսյանը, Երևանի Կամերային թատրոն, «B 1427»:

«Լավագույն մանկական ներկայացում» համարվեց «Փայլոու»-ն, «Ֆակտորի փրոդաքշն» ազատ թատերախումբ, գլխավոր պրոդյուսեր՝ Ռուդիկ Տեր-Գալստյան, Երաժշտական պրոդյուսեր՝ Գրիգոր Կոկչյան, բեմադրող խորեոգրաֆ՝ Հովհաննես Սարգսյան:

«Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում մրցանակը տրվեց Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնին՝«Տունը սահմանին» ներկայացման համար, բեմադրությունը՝ Արտուշ Միքայելյանի:

«Լավագույն պլաստիկական ներկայացում» համարվեց Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի «Սիրո պատմություն Նյու-Յորքում» բեմադրությունը, ռեժիսոր Սամսոն Մովսեսյան, բալետմայստեր՝ Արտյոմ Գևորգյան:

«Լավագույն կամերային ներկայացում» ճանաչվեցՀ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի «Գիշատիչների խնջույքը», բեմադրությունը՝ Աշոտ Հակոբյանի:

«Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում հաղթեց Լյուդվիգ Հարությունյանը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, «Ինկած բերդի իշխանուհին»:

«Լավագույն ներկայացում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի «Ինկած բերդի իշխանուհին», բեմադրությունը՝ Լյուդվիգ Հարությունյանի: