27/07/2024

Հայաստանի հանդեպ ուժի կիրառման որեւէ նոր դրսեւորման համար պատասխանատվությունը լինելու է բոլորինը

Եվրամիությունն ու ԱՄՆ կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողության համար, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը, անդրադառնալով ապրիլի 5-ին կայանալիք Բլինքեն-Փաշինյան-Ֆոն Դեր Լյաեն հանդիպմանը, որը տեղի է ունենալու Բրյուսելում: Ադրբեջանն այդ հանդիպումը որակում է միակողմանի եւ կանխակալ:

Ադրբեջանի այդօրինակ հայտարարությունները եւ մեղադրանքները նոր չեն, դրանք հնչում են դեռեւս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության շրջանից, երբ Բաքուն պարբերաբար, այսպես ասած ըստ փուլերի եւ ալիքների մեղադրում էր համանախագահ կողմերից որեւէ մեկին՝ Հայաստանին միակողմանի աջակցելու համար:

Սա ադրբեջանական դիվանագիտական խաղն ու ոճն է: Առավել մտահոգիչ է հայտարարությունը, թե ՄՄՆ ու ԵՄ-ն կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի «ապակայունացնող» գործողության համար: Սա նշանակում է, որ Բաքուն պլանավորում է ապակայունացում, ինչի համար պատասխանատվությունն արդեն իսկ դնում է ապրիլի 5-ին սպասվող հանդիպման վրա: Թե ովքեր կարող են լինել Բաքվի ծրագրած սադրանքի, ապակայունացման աշխարհաքաղաքական հովանի, կարելի է քննարկել, քանի որ այդտեղ շահառուներ կարող են լինել թե հյուսիսում, թե հարավում, թե արեւելքում եւ արեւմուտքում: Այսօր աշխարհն է այդպիսին, որտեղ ոչինչ այլեւս միարժեք կամ միագիծ,, եւ նույնիսկ երկբեվեռ չէ:

Գլխավոր հարցն այլ է՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը ապրիլի 5-ի հանդիպմանն ընդառաջ պետք է չափազանց լրջորեն հանձնառություն ստանձնեն Ադրբեջանի արկածախնդրություն եւ սադրանք թույլ չտալու համար: Ինչ քննարկումներ են լինելու Հայաստանի հետ, հարցի մի կողմն է, եւ այդտեղ իհարկե քննարկումները Հայաստանի եւ դրա մասնակից մյուս երկու դերակատարների սուվերեն քաղաքականության դաշտում են, սակայն Ադրբեջանից բարձրաձայնված «պատասխանատվության» ասպեկտը պահանջում է չափազանց աչալրջություն եւ իրապես պատասխանատվություն, բայց ոչ թե Հայաստանի, այլ Բաքվի ապակայունացնող գործողությունները կանխարգելելու համար: Հայաստանը չունի իրավիճակ ապակայունացնելու մոտիվ:

Ավելին, եթե Հայաստանն ունենար այդպիսի մոտիվ, ապա Հայաստանի վարչապետը իր խեսույթով չէր «զբաղվի» Ադրբեջանի պահանջների փաստացի «լեգիտիմացմամբ»: Հայաստանը ամենից զգայունն է իրավիճակի կայունության հարցում, միանգամայն հասկանալի պատճառներով:

Այդպիսով, Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը հայտարարություն է իրավիճակը ապակայունացնելու մտադրության մասին, շանտաժ, եւ միջազգային դերակատարները դրան պետք է վերաբերեն հավուր պատշաճի, քանի որ Հայաստանի հանդեպ ուժի կիրառման որեւէ նոր դրսեւորման համար պատասխանատվությունը լինելու է բոլորինը: