05/10/2024

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ։

Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ միաժամանակ նշելով, թե իբր ՀՀ ղեկավարությունը «միտումնավոր քանդում է» հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։

Լավրովի կարծիքով, այն, ինչի մասին հայտարարում է, դրսևորվում է Գյումրիի 102-րդ ռազմաբազայում ծառայող ռուս զինվորականների, սահմանապահների, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շուրջ առկա հայտարարություններում։

Լավրովը նաև անդրադարձել է ՀԱՊԿ-ի նկատմամբ ՀՀ դիրքորոշմանն ու հայտարարել, թե հենց ՀԱՊԿ-ն էր, որ բազմիցս պաշտպանել է Հայաստանի շահերը դժվարին իրավիճակներում և 2021 թվականին պատրաստ է եղել երկիր ուղարկել իր խաղաղապահ առաքելությունը՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու համար։

Սրա մասին, ըստ Լավրովի, Երևանը չի հիշատակում։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ում իր մասնակցությունը սառեցրել է՝ բազմիցս նշելով պատճառների մասին։

Լավրովը նաև նեգատիվ շեշտադրումներ է արել ԵՄ առաքելության հասցեին, հայտարարելով, թե Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության։

«Այժմ Նորվեգիայից, Կանադայից և Միացյալ Նահանգներից զինվորականներ դեռ ուղարկվում են այնտեղ՝ Եվրամիության առաքելությունը վերածելով Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության»,- ասել է նա։։

ՌԴ ԱԳ նախարարը զերծ չի մնացել նաև ՀՀ ղեկավարության հասցեին ուղղված մեղադրանքներից։