ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի՝ Աշոտ Հովհաննիսյանի սպանության հանգամանքները։
«Ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2023թ․ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում գտնվող տանը վարձակալության հիմունքներով բնակվող Աշոտ Հովհաննիսյանը և 41–ամյա տղամարդը, նրանց հարևանը և նույն քաղաքի 39–ամյա բնակիչը՝ Խ․Պ․–ն, գտնվելով հիշյալ տանը, ընթրել են և օղի օգտագործել։ Այնուհետև հարևանը հեռացել է, 41–ամյա տղամարդը գնացել է քնելու, իսկ Աշոտ Հովհաննիսյանը և Խ․Պ․–ն շարունակել են ընթրել և օղի օգտագործել:
Դրանից հետո նրանց միջև վիճաբանություն է առաջացել, որի ժամանակ Աշոտ Հովհաննիսյանը հայհոյանքներ է հնչեցրել Խ․Պ․–ի հասցեին, որից հետո վերջիններս սկսել են միմյանց փոխադարձ հարվածներ հասցնել։ Խ․Պ․–ն բռունցքով մի քանի անգամ հարվածել է Աշոտ Հովհաննիսյանի դեմքին, որի հետևանքով վերջինիս ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Լսելով աղմուկները՝ 41–ամյա տղամարդը եկել է սենյակ, Խ․Պ․–ի հետ միասին 64–ամյա Ա․Հովհաննիսյանին ուղեկցել են ննջասենյակ և պառկեցրել մահճակալին։ Այնուհետև Խ․Պ․–ն ջրով մաքրել է ննջասենյակի հատակը և տուժողի դեմքին եղած արյունը։ Թողնելով վերջինիս պառկած վիճակում՝ նա հեռացել է՝ իր հետ տանելով նշված տնից հավաքած աղբը և կտորը, որով մաքրել էր արյան հետքերը։
Հաջորդ օրը 41–ամյա տղամարդը, աշխատանքից վերադառնալով, ննջասենյակի մահճակալի վրա հայտնաբերել է Աշոտ Հովհաննիսյանին՝ մահացած վիճակում:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Խ․Պ․–ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան», նշված է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում:
Բաց մի թողեք
Ջարդել են Կառավարության աշխատասենյակների դռները, գույքը. ևս 10 անձի մասով վարույթի նախաքննությունն ավարտվել է, մեկը չկա․ Լուսանկար
Միքայել Մինասյանի հետ հանցակցությամբ փողերի լվացում կատարած անձի վերաբերյալ ևս մեկ քրեական վարույթ դատախազը հանձնել է իրավասու դատարան
Հայհոյել է՝ չիմանալով, որ դիմացինը հայերեն գիտի․ ուշագրավ միջադեպ՝ ծեծ Կասկադի սրճարաններից մեկում