23/04/2024

Ստեղծագործական միությունների շենքերը կպետականացվեն․ Նկարիչների ու Գրողների միությունները նամակներ են ստացել

Իշխանությունը որոշել է պետականացնել հասարակական կառույցներ հանդիսացող ստեղծագործական միությունների շենքերը։ Դրա մասին նամակ-գրություններ են ստացել դեռեւս գրողների եւ նկարիչների միությունները, առաջիկայում սպասվում է, որ նույնաբովանդակ նամակներ ստանալու են նաեւ մյուս միությունները։

Ինչպես տեղեկացանք, թե՛ գրողների, թե՛ նկարիչների միություններն օրերս արտահերթ նիստեր են հրավիրել ու քննարկել իշխանության պահանջը, նաեւ՝ իրենց անելիքները՝ միության անդամների հետ միասին։

Պարզվում է՝ ՀՀ դատախազությունը դատական հայց է ներկայացրել Կադաստրի կոմիտեի դեմ եւ հայցադիմումի մեջ պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ կադաստրի կոմիտեի՝ Գրողների միությանը տրված 2001թ․ օգոստոսի 9-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը եւ որպես անվավերության հետեւանք՝ վերացնել 2013թ․ հունիսի 3-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Դատախազությունը դատարանում փորձելու է պնդել, որ Կադաստրի կոմիտեի նախորդ ղեկավարներն անօրինական եղանակով են Գրողների միության շենքն օտարել։ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը «Հրապարակի» հետ զրույցում նախօրեին նշել էր, որ այն վայրը, որտեղ հիմա ինքը նստած է, «էն գլխից է եղել Գրողների միության շենք»։

«Բացի այդ, տարիներ առաջ շենքի մի մասն էլ ավելացավ լիտֆոնդի գումարների հաշվին, իսկ այդ գումարները հավաքվում են նաեւ մեր գրքերի վաճառքից․ 13 տոկոսը փոխանցում էինք լիտֆոնդին։ Ուստի այստեղ շինարարական ավելացումներ են եղել նաեւ մեր գումարներով։ Գրողները մտահոգված են՝ վաղը, մյուս օրը պետականացված վիճակում շենքը կդնեն վաճառքի։ Ամեն մարդ իր մտահոգություններն ունի։ Էլի եմ ասում՝ այս շենքը պետական համարվել է, բայց գրողների ներդրումներն էլ են շատ եղել»,- նշել էր Միլիտոնյանը։

Բուհական, ակադեմիական հաստատությունների խոշորացման, դրանց շենքերի օտարման պարագայում թերեւս զարմանալի չէ, որ հերթը հասավ նաեւ ստեղծագործական միություններին։ Ակնհայտ է, որ ստեղծագործական միությունների շենքերն իր ձեռքը վերցնելով՝ իշխանությունը միաժամանակ մի քանի հարց է լուծում, նախ՝ շենքերն է պետականացնում, որոնք հետագայում կարող է կա՛մ վարձակալության տալ, կա՛մ վաճառքի հանել, հետո նաեւ միություններին զրկում է ինքնուրույնությունից, անձնական եկամուտներից, որ շենքերի որոշ տարածքներ վարձակալության տալով՝ փոքրիկ եկամուտներ էին գեներացնում եւ իրենց հոգսերը հոգում։

Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց համար անակնկալ էր այդ նամակը, որը մի քանի օր առաջ են ստացել․ «Իհարկե, առաջին հայացքից շատ անհանգստացնող է, բայց այս պահին, բացի այդ նամակից, այլ տեղեկություն չունեմ, այս օրերին փորձում ենք կառավարության հետ պարզել, թե ինչի մասին է խոսքը։ Այս պահին միայն սա կարող եմ ասել, որովհետեւ ավել տեղեկություն չունեմ, թե սա ինչ գործընթաց է, ինչու է հենց ստեղծագործական միություններին անդրադառնում այս նամակը, դատախազության այդ գործին ես ծանոթ չեմ, բայց շատ անհանգստացնող է այդ նամակը, որովհետեւ Նկարիչների միության շենքը մինչ օրս եղել է Նկարիչների միության սեփականությունը, եւ սովետական շրջանում այս շենքը կառուցվել է հենց նկարիչների համար, ինչպես որ մնացած միությունները, իսկ թե ինչ զարգացումներ են լինելու, տեղեկություններ ունենալու դեպքում մենք առաջիկայում կկիսվենք մամուլի հետ»։

Ս․ Սաֆարյանն ասում է՝ իրենց հարցումներին ի պատասխան, կառավարությունից դեռ որեւէ պարզաբանում չեն ստացել, միաժամանակ, դրան զուգահեռ աճում է անհանգստությունը նկարիչների շարքերում, որովհետեւ շատերն արդեն տեղյակ են այս դիմում-նամակի մասին։ «Այս հարցը բոլոր միության նախագահներին էլ անհանգստացնում է, բայց քանի որ շատ տեղեկություն չունենք, այդ անհանգստությունը կա, պարզաբանումների դեպքում արդեն կկարողանանք հստակ ասել, թե ինչ է կատարվում»,- ասում է միության նախագահն ու նկատում, որ Նկարիչների միությունը որեւէ պարտք ու պահանջ չունի որեւէ հարցի շուրջ, որն արժանանար դատախազության ուշադրությանը։
Նկարիչների միությունն ունի տարբեր հաստատություններ, հանգստյան տներ Երեւանից դուրս, բայց այս գրությունը վերաբերում է հենց Աբովյան 16 հասցեին՝ «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ տեղակայված գործող շենքին․ «Այսինքն՝ գրությունից դա է երեւում, մնացածը չեմ իմանում»։

Ս․ Սաֆարյանը դժվարանում է ասել, թե պետությունն ինչ է անելու կենտրոնում տեղակայված ստեղծագործական միությունների հսկա շենքերի հետ՝ տալու է վարձակալությա՞ն, թե՞ վաճառքի հանի․ «Քանի որ տեղեկություն չունեմ, այդ հարցին չեմ կարող պատասխանել՝ շենքը պետականացվում է, որ ի՞նչ անեն․․․ այն գրությունը, որ եկել է թե՛ մեզ, թե՛ Գրողների միությանը, շատ պարզաբանումներ այդտեղ չկան»։ Նույնաբովանդա՞կ գրություն է, թե՞ ինչ-որ կետերում ձեւակերպումները տարբեր են։ «Գլոբալ առումով կարելի է ասել՝ նույն բանի մասին է խոսքը գնում»։

Այդուհանդերձ, եթե պետությունն ընթացք տա եւ սկսի շենքերի սեփականաշնորհման հարցով զբաղվել, ո՞րն է լինելու իրենց քայլը։ «Բոլորն էլ շատ սրտացավ են ու անհանգիստ։ Շատ ցավագին կլինի, եթե այդպիսի բան կատարվի, բոլորս էլ մտահոգ ենք, որպեսզի այն, ինչ ունենք, եւ այն, ինչ 90 տարի առաջ հիմնվել է, պահվի-պահպանվի մեր եկող սերունդների համար»։