16/04/2024

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելություները

Փետրվարի 1-ից, ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատավարության շրջանակներում, դատարաններն արդեն ընդունել են 1000 վարույթ, ևս 1000 անձ փաստաթղթեր է մուտքագրել էլեկտրոնային համակարգ:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Նա նշել է, որ գործարկված նոր՝ Armlex հարթակի միջոցով, բոլոր դատավարական փաստաթղթերը՝ հայցադիմում, պատասխան, միջնորդություն, պետական տուրքի վճարում և շատ այլ գործողություններ իրականացվում են էլեկտրոնային եղանակով:

Առաջին փուլում համակարգից օգտվում են իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, պետական և ՏԻՄ-երը, փաստաբանները, սնանկության գործով կառավարիչները, նոտարները, արտոնագրված հաշտարարները: Ֆիզիկական անձանց համար օգտվելու պահանջը գործում է այն դեպքում, եթե առնվազն մեկ անգամ գործողություն են կատարել թվայնացված համակարգի միջոցով:

Քաղաքացիական դատավարության թվայնացումը շատերի գործունեությունը դարձրել է ավելի հեշտ ու մատչելի`

1. Համակարգից օգտվողները ծանուցվում են հեռախոսահամարին կարճ հաղորդագրության միջոցով, բացառելով օրեր կամ շաբաթներ տևող թղթային ծանուցման սպասումը

2. Դատավորները, տեսնելով կողմերի զբաղվածությունը, նիստերը նշանակում են ազատ ժամանակահատվածում՝ բացառելով անհարկի հետաձգումները

3. Իրեղեն ապացույցները ևս ներկայացվում են լուսանկարի կամ տեսագրության միջոցով

4. Համակարգն ապահովում է ներբեռնված փաստաթղթերի անվտանգությունը

1000-ից ավելի քաղաքացի, փաստաբան, դատավոր և դատավարության մասնակից արդեն ազատվել է թղթային քաշքշուկից՝ խնայելով գումար և ժամանակ:

«Համակարգից օգտվողների համար ստեղծվել են արագ աջակցման կենտրոններ, որոնց աշխատանքի շնորհիվ՝ ավելանում է համակարգից օգտվողների քանակը:

Շնորհակալ եմ օր ու գիշեր աշխատող արագ արձագանքման խմբերի ներկայացուցիչներին, որոնց օպերատիվ աշխատանքի արդյունքում ամեն օր ավելանում է համակարգից օգտվողների թիվը։ Այդպիսի խմբեր են գործում Արդարադատության նախարարությունում 094573037

Դատական դեպարտամենտում 010511811, համակարգը սպասարկող Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս ընկերությունում 094578373, 094572979»,-գրել է նախարարը: