18/04/2024

Դատական իշխանություն-Կարեն Անդրեասյան հերթական ճակատամարտը՝ այսօր

Այսօր, ժամը 14։00-ին կառավարության շենքում տեղի կունենա դատավորների հերթական ընդհանուր ժողովը։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Օրակարգում հետեւյալ կարեւոր հարցերն են․ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրությունը եւ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովի դատավոր անդամի ընտրությունը։

ԲԴԽ անդամի պաշտոնը, հիշեցնենք, թափուր մնաց այն ժամանակ, երբ դատավոր Արշակ Վարդանյանը հրաժարական ներկայացրեց դատավորի պաշտոնից՝ ինքնաբերաբար թողնելով նաեւ ԲԴԽ անդամի պաշտոնը։ Արշակ Վարդանյանն ամիսներ առաջ ԲԴԽ անդամի պաշտոնի համար մրցում էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի հետ։ Ի սկզբանե էլ հայտնի էր, որ Արշակ Վարդանյանը դատական համակարգի թեկնածուն է, Ռուբիկ Մխիթարյանը՝ Կարեն Անդրեասյանի։ Ի վերջո Արշակ Վարդանյանը հաղթեց, ներկա, նախկին դատավորներ, փաստաբաններ պնդում էին, որ Արշակ Վարդանյանին ընտրելով՝ դատական համակարգն ընդվզեց ճնշումների դեմ։

Այս անգամ դատավորների թեկնածուն Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին է, ով համակարգում ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորներից է, փաստաբանների քվեարկության արդյունքներով՝ Ռշտունու վարկանիշը +77 է, որը շատ բարձր վարկանիշ է համարվում։ ԲԴԽ-ին մոտ կանգնած մեր աղբյուրից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ Ռուբիկ Մխիթարյանն այս անգամ էլ Վազգեն Ռշտունու հետ մրցի։ Ի պատասխան՝ մեր աղբյուրն ասաց, որ Մխիթարյանն այս անգամ հրաժարվել է առաջադրվել, հավանաբար հասկացել է, որ անիմաստ է՝ իրեն եթե մեկ անգամ չեն ընտրել, ապա այս անգամ եւս չեն ընտրի, այսինքն՝ որոշել է նույն սխալը երկրորդ անգամ չանել։ Թե ով է լինելու իշխանական թեկնածուն, դեռեւս հայտնի չէ, սակայն մեր զրուցակիցն ասաց, որ Կարեն Անդրեասյանը 2 սցենար է մշակել․ նախ անելու են այնպես, որ դատավորները չներկայանան ընդհանուր ժողովին, ու քվորում չապահովվի՝ Ռշտունուն ընտրելու համար, իսկ եթե, այնուամենայնիվ, դատավորները ներկայանան, ապա տեղում թեկնածու կառաջադրեն։ Այս երկու սցենարներից առաջնայինը քվորում չապահովելն է, քանի որ այդպես Անդրեասյանը նախ թույլ չի տա, որ Ռշտունին մտնի ԲԴԽ, երկրորդը՝ նրա հեղինակությունը կտուժի, թե տեսեք՝ միակ թեկնածուն էիր, դատավորները չհավաքվեցին։ Կարեն Անդրեասյանի անհանգստության պատճառն էլ այն է, որ Ռշտունին շատ ավելի «պինդ ընկույզ» է, քան Արշակ Վարդանյանը, ավելի ազդեցիկ խարիզմա ունի եւ եթե հայտնվի ԲԴԽ-ում, կարող է գործող կազմից մի քանի հոգու իր կողմը քաշել, այսպես ասած՝ ԲԴԽ-ում երկիշխանություն ստեղծել, ուստի, այլ կերպ ասած՝ Անդրեասյանը վախենում է հեղափոխությունից։

Ընդհանուր ժողովի կարեւոր հարցերից մյուսը ՍԴ դատավորի թեկնածուի ընտրությունն է։ Սա էլ դատական իշխանություն- Կարեն Անդրեասյան/Նիկոլ Փաշինյան պատերազմի երկրորդ ճակատն է։ Հիշեցնենք, որ դատավորները նախորդ անգամ ընտրեցին առաջին ատյանի դատավոր Դավիթ Բալայանին, ում մրցակիցը վճռաբեկի դատավոր Դավիթ Խաչատուրյանն էր։

Բալայանը 158 ձայն էր ստացել, Խաչատուրյանը՝ 100, սակայն ԱԺ-ն անտեսեց դատավորների ընտրությունը եւ Դավիթ Բալայանին չընտրեց, հետեւաբար՝ նոր ընտրություն պիտի կայանա։ Թեեւ Դավիթ Բալայանը կրկին կարող էր առաջադրվել, սակայն այս անգամ որոշել է չառաջադրվել, փոխարենը նախորդ անգամվա պարտությունից հետո կրկին առաջադրվել է Դավիթ Խաչատուրյանը` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը: Նրա մրցակիցն առաջին ատյանի դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանն է։ Նրա վարկանիշը փաստաբանների շրջանում բարձր է` +35, իրավաբանական գիտությունների թեկնածու է, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դոցենտ, նախկինում աշխատել է ՊԵԿ-ում, դատախազությունում։

«Այն, որ Վազգեն Ռշտունին այսօր ԲԴԽ անդամի համար լավագույն թեկնածուն է, դա շատ լավ է, ցանկալի ու գովելի է։ Վստահ եմ, որ եթե Ռշտունին գնա ԲԴԽ, ապա այն կոնսենսուսը, որով այսօր որոշումներն ընդունվում են, կվերանա, ինչ-որ մի բան կփոխվի, գոնե կարծիքների բախում, քննարկում կլինի, գոնե ԲԴԽ-ն կփորձի ի հայտ բերել իրականությունն ու ճշմարտությունը, այլ ոչ թե կույր աչքերով Կարեն Անդրեասյանի կամքը կտան թղթին»,- ասաց ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Ինչ վերաբերում է ՍԴ դատավորի թեկնածուներին, Վարդազարյանն ասաց․ «Ես կարծում եմ՝ դատական համակարգը Դավիթ Խաչատուրյանին չի ճանաչում` նա դատական համակարգում շատ կարճ ժամանակ է աշխատել, եւ ուղղակի չի կարող ընտրել։ Դավիթ Խաչատուրյանին ես ճանաչում եմ, որովհետեւ առնվազն մի քանի ամիս իր հետ աշխատել եմ ԲԴԽ-ում… դատական իշխանությունը, իմ կարծիքով, կնախընտրի այն դատավորին, ում ճանաչում է, որի դատական ակտերին, զանազան հարցերի վերաբերյալ մոտեցումներին ծանոթ է։ Ինչ վերաբերում է Արսեն Նիկողոսյանին․ երբ նա ցանկանում էր դառնալ դատավոր, քննությունների ժամանակ առնվազն 3 անգամ գրավոր փուլն անցել է, բանավոր փուլը չի անցել։ Դա տեղի է ունեցել մի քանի տարի անընդմեջ, գրավոր քննություններից մեկի ժամանակ 100 հնարավոր բալից հավաքել է 100, իսկ բանավոր փուլը չէր անցնում։ Դա պայմանավորված էր մեկ բանով, որ Արսեն Նիկողոսյանը չափազանց գրագետ է, շատ պատրաստված է, եւ ես վստահ եմ, որ նրա իրավաբան տեսակը շատ օգուտ կտա Սահմանադրական դատարանում։ Այն տարիներին շատ դժվար էր դատավոր դառնալը, գրավոր քննություններում չափազանց բարձր նշաձող էր դրված, շատ դժվար էր անցողիկ բալ ստանալ, դուք պատկերացրեք՝ այդ չափազանց բարդ եւ բարձր նշաձողով քննություններին պարոն Նիկողոսյանը 100-ից 100 է հավաքել»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը։

ՀԳ. երեկ երեկոյան՝ 22:30-ին, Վազգեն Ռշտունին հաղորդագրություն տարածեց` հայտնելով, որ թեկնածությունը չի առաջադրի, թե ո՞րն է պատճառը, Ռշտունին իր հայտարարության մեջ չէր մանրամասնել, սակայն պարզ է, որ ճնշումներ են եղել: