23/04/2024

Եվ եթե նույնիսկ պետք է պարտվենք ու դա իրենք վերցնեն, միևնույնն է, մենք դա պետք է անենք կռվով. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Պետրոս Ղազարյանի հետ «Հարցազրույց»-ում անդրադարձավ նաև Տավուշի գյուղերը հակառակորդին զիջելու վերաբերյալ խոսակցություններին։ Ասաց Հայաստանի իշխանությունը որևիցե պարագայում որևէ հայկական տարածքի վերաբերյալ նույնիսկ քննարկման չի պատրաստվում։

«Մենք դրա օրինակն ունենք, երբ որ խոսքը գնում էր «Զանգեզուրի միջանցք» կոչվածի մասին, մենք հստակ ասացինք, որ եթե մեզ ինչ-որ բան պարտադրվի, մենք պետք է կռվենք մինչև վերջ։ Եվ այսօր էն խոսակցությունները, որոնք կան, ստոր շահարկումներ են։ Նույնիսկ էն պարագայում, երբ ասում ենք վտանգը կա, և վերջերս պատերազմական առումով անհաջողություն ենք կրել, եթե մեզ փորձ արվի ասել, թե օրինակ այն սարը պետք է անցնի էս կողմ, հակառակ դեպքում մենք հարձակվելու ենք, ՀՀ իշխանության պատասխանը մեկն է՝ մենք կռվելու ենք։ Եվ եթե նույնիսկ պետք է պարտվենք ու դա իրենք վերցնեն, միևնույնն է, մենք դա պետք է անենք կռվով։

Որևէ մեկը որևէ բան ՀՀ տարածքից ոչ պատրաստվում է, ոչ քննարկում է, ոչ էլ կարող է վերցնել։ Ինչը մերն է՝ կմնա մերը, ինչը իրենցն է, իրենցը»,- ասաց Սիմոնյանը՝ քարտեզի վրա ցույց տալով այն հատվածը, որի դեմարկացիային Հայաստանը պատրաստ է։

«Հարց են բարձրացնում կոմունիկացիաների մասին։ Այդ տարածքում գազատար չկա։ Կա ճանապարհի մի կտոր, երբ խոսակցությունը գա հասնի այնտեղ, որ պետք է հասկանալ, թե դրա հետ ինչ ենք անելու, կնայենք մեր համար որն է ամենահարմար տարբերակը, կանենք»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Երբ որ դեմարկացիան արվի, Ադրբեջանը այսինքն ճանաչո՞ւմ է մեր սահմանը՝ հարցին ի պատասխան, ԱԺ նախագահն ասաց՝ բա ինչ պետք է անի։ ՀՀ սահմանը ճանաչելիս իր սահմանն է ճանաչում։ Ադրբեջանի սահմանը լինելու է նաև մեր ճանաչելով։