13/12/2024

Ռուբեն Վարդանյանի որդին Ֆրանսիայում հանդիպել է տեղի բարձրաստիճան պաշտոնյաներին. ի՞նչն է եղել քննարկման թեման

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը հարցազրույց է տվե ու հայտնել, որ Բաքվի բանտում գտնվող ԼՂՀ նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի որդին իրենց կողմից հրավիրվել է Ֆրանսիա և մասնակցել Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ համաժողովին։

Փափազյանի խոսքով՝ իրենք առաջնահերթություններն են բարձրացրել միջոցառմանը ներկա ֆրանսիական պաշտոնատար անձանց (ԱԳ նախարար, պաշտպանության նախարար, վարչապետ, պատգամավորներ և այլք) առաջ։ Առաջինը եղել է հայ ժողովրդի ապահովության հարցը։

«Հայ ժողովուրդը պետք է ապրի ապահով և արժանապատիվ, չստիպենք իրեն, որ իր ապագան երևակայե Թուրքիո և Ադրբեջանին լուծին տակ։ Երկրորդը՝ ապահովել արցախցիներու իրավունքը վերադառնալ Արցախ՝ միջազգային ապահովության տակ։ Եվ երրորդը, որ առաջնահերթություն է՝ ռազմագերիներու ազատ արձակումը, և անոր համար հրավիրած էինք Ռուբեն Վարդանյանի որդուն՝ Դավիթ Վարդանյանին, որպեսզի ինքը խոսք ասե բոլորին առջև՝ ի նպաստ բոլոր ռազմագերիներուն։ Մենք այս առաջնահերթությունները դրինք Ֆրանսիայի նախագահի և կառավարության սեղանի վրա»,- հայտարարել է Փափազյանը։

Նշենք, որ օրերս Le Figaro-ի փոխտնօրեն, ֆրանսիացի լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուսոնը X-ում Ռուբեն Վարդանյանի որդու հետ լուսանկար էր հրապարակել և կից գրել, թե հպարտ է, որ աջակցում է Վարդանյանի որդու ամենօրյա պայքարին՝ «ուղղված Ալիևի ադրբեջանական բանտում շուրջ վեց ամիս ապօրինի պահվող իր հոր՝ Ռուբեն Վարդանյանի և 22 մյուս հայ գերիների ազատ արձակմանը»։

Հարկ է նշել, որ այս նույն ընթացքում համացանցի ադրբեջանական տիրույթում ինտենսիվ լուրեր էին տարածվում, թե՝ Ադրբեջանի իշխանությունները Ռուսաստանի իշխանությունների հետ համաձայնության են եկել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու շուրջ։ «Երեկ Ալիև-Պուտին 2 հեռախոսազանգերը դրա շո՞ւրջ են եղել… Ի՞նչ են այդքան քննարկել 2 անգամ…»,-օրերս գրել էր քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն ու կից հրապարակել ադրբեջանցի գործիչներից մեկի գրառումը Ռ. Վարդանյանին ազատ արձակելու վերաբերյալ։

Արդյոք զուգադիպությո՞ւն են ԼՂՀ նախկին պետնախարարի որդու Ֆրանսիա այցն ու հանդիպումը տեղի բարձրաստիճան պաշտոնյաներին, Բաքվում գտնվող ռազմագերիներին ազատ արձակման հարցում նրանցից աջակցություն ակնկալելը և այդ նույն ընթացքում ադրբեջանական ԶԼՄ-ներով ՌԴ միջամտությամբ վերջինիս ազատման մասին լուրի հայտնվելը։ Ինչպես երևում է՝ քարոզչական հող է նախապատրաստվում Վարդանյանի ազատ արձակումը Պուտինին վերագրելու համար։

Նշենք, որ Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացի էր, սակայն քաղաքացիությունից հրաժարվեց 2022-ին և մեկնեց ԼՂՀ, ապա որոշ ժամանակ անց նշանակվեց պետնախարար, շաբաթներ անց Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը, հրաժարվեց ԼՂՀ իշխանությունների հետ երկխոսելու ԱՄՆ-ի առաջարկից՝ Վարդանյանին անվանելով «օտար տարր»։

«Պարոն Վարդանյանը ոչ մի կապ չունի ՌԴ-ի հետ, և ռուսական իշխանությունները ոչ մի կապ չունեն նրա հետ։ Նրա խնդրանքով օրերս ստորագրվել է նախագահի հրամանագիրը՝ նա այլևս Ռուսաստանի քաղաքացի չէ։ Եվ որևէ գործ՝ կապված նրա՝ Ղարաբաղ մեկնելու և քաղաքական կյանքին մասնակցելու որոշման հետ, չենք ունեցել, չունենք և չենք պատրաստվում ունենալ»,- 2022 թ. դեկտեմբերին հայտարարել էր ԱԳ նախարար Լավրովը իր ադրբեջանցի գործընկերոջ հետ ասուլիսի ժամանակ։

Վարդանյանը, հիշեցնենք, բլոկադայի մի քանի ամիսների ընթացքում աշխատելուց հետո ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ հեռացավ պաշտոնից։ Նախկին պաշտոնյան, նկատենք, նախքան սեպտեմբերյան ագրեսիան միացել էր Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողներին, հրաժարականը տեղի ունեցավ, մի քանի շաբաթ անց էլ ռուս-ադրբեջանական տանդեմն անցավ ԼՂՀ-ի վրա հարձակմանը։ Վարդանյանի՝ Հակարի կամրջի վրա ձերբակալվելու մասին հայտնի դարձավ 2023 թ. սեպտեմբերի 27-ին։

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարին ադրբեջանական կողմը մի շարք ծանր մեղադրանքներ է առաջադրել և խափանման միջոց է ընտրել 4 ամսվա կալանքը: Վարդանյանը, մասնավորապես, մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 279.3 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցելը) և 318.1 (Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով։