17/04/2024

Գագիկ Խաչատրյանի գործով դատավորը Սյունիքի դատարանում նշանակվելուց հետո հետ է գործուղվել Երևան

Նախորդ համարում հրապարակել էինք, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի դատաքննությունն իրականացնող դատավոր Արթուր Մկրտչյանը առաջիկա ամիսներին կփոխատեղվի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, և նրան այդ գործով կփոխարինի Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

«Փաստ» օրաթերթը գրում է. Տեղեկացրել էինք, որ թեմայի հետ կապված նաև գրավոր հարցում ենք ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ:

Եվ ահա, Դատական դեպարտամենտից ստացել ենք պատասխանը, որը ներկայացնում ենք ստորև. «Բարձրագույն դատական խորհրդի 20.03.2024 թվականի թիվ ԲԴԽ-281-65 որոշման ընդունման համար հիմք են հանդիսացել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանի կողմից ներկայացված պաշտոնների փոխանակման վերաբերյալ պատճառաբանված դիմումները: Դիմումներում ներկայացված պատճառաբանությունները պարունակում են դատավորների անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տեղեկություններ:

Դատավոր Արթուր Մկրտչյանին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու հարցը Բարձրագույն դատական խորհրդի կողմից չի քննարկվել, քանի որ վերջինս, դիմելով Բարձրագույն դատական խորհրդին, խնդրել է քննարկել իր և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանի պաշտոնների փոխանակման հարցը։

Բարձրագույն դատական խորհուրդը 20.03.2024 թվականին հրավիրված դռնփակ նիստում ուսումնասիրել է ներկայացված դիմումները և անցկացրել է խորհրդակցական սենյակում բաց քվեարկություն: Խորհրդակցական սենյակում անցկացված քվեարկության արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների կողմից ներկայացված պաշտոնների փոխանակման պատճառները համարելով հիմնավոր, որոշում է կայացրել պաշտոնների փոխանակման դիմումները բավարարել:

Բացի այդ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Բարձրագույն դատական խորհրդի 26.03.2024 թվականի թիվ ԲԴԽ-31-Ո-72 որոշմամբ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը գործուղվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ շարունակելով քննել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի կարգավիճակում իր վարույթում գտնված գործերը»:

Այսինքն, դատավորներին տեղափոխելու այս անհասկանալի օպերացիան ավելի վաղ է սկսվել. մեկ ամիս առաջ՝ 2024 թ. փետրվարի 14-ին Արմավիրի մարզի դատավորին գործուղել են Սյունիքի դատարան, որպեսզի ստացվի, որ Երևանի և Սյունիքի դատավորներն են փոխանակվում պաշտոններով, մինչդեռ իրականում Վահե Ջիվանյանը այլ դատարանի դատավոր է։ Ընդ որում, Վահե Ջիվանյանը Սյունիքի մարզ գործուղվել էր «դատարանի դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության» հիմքով, իսկ մեկ ամիս անց, չնայած այդ օբյեկտիվ հանգամանքներին, Սյունիքի դատարանում նշանակված նոր դատավորը միանգամից «լքում է» դատարանը։ Ստացվում է, որ վախենալով այն աղմուկից, որը կարող է բարձրանալ այս խիստ կասկածելի տեղափոխությունների արդյունքում, ԲԴԽ-ն որոշել է, որպես «չարյաց փոքրագույն» տարբերակ, Գագիկ Խաչատրյանի գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին հետ նշանակել Երևանի դատարանում։

Այս համատեքստում էլ հենց ԲԴԽ-ն շրջանցել է մեր այն հարցը, թե արդյո՞ք դատավոր Արթուր Մկրտչյանը, որի 65 տարին լրանում է ս.թ. հունիսի 21-ին, այլ դատարան տեղափոխվելու պարագայում օբյեկտիվորեն կհասցնի որևէ գործի ծանոթանալ և լուծում տալ։ Ըստ այդմ, այս ամենից հետո առաջանում է գլխավոր հարցը՝ իսկ ո՞րն է այս ամենի տրամաբանությունը և իրական դրդապատճառը։