27/07/2024

Եվրամիությունը փակել է երկինքը թուրքական ավիաընկերության համար․ պատճառը հայտնի է

Թուրքական Southwind Airlines ավիաընկերությունը չի կարողանա օգտվել եվրոպական օդային տարածքից՝ Ռուսաստանի հետ ենթադրյալ կապերի պատճառով։ Որոշումը կայացրել է ԵՄ-ն։

Այս մասին գրում է Regnum-ը։

Նշվում է, որ մարտի 28-ին ԵՄ ղեկավարությունը համագործակցության երկրներին տեղեկացրել են այդ որոշման մասին, որն անմիջապես ուժի մեջ է մտել։ Նրանք վկայակոչել են 2014 թվականի հուլիսի 31-ի պատժամիջոցների կանոնակարգերը, որոնցով սահմանափակումներ են կիրառվել Ռուսաստանի նկատմամբ ուկրաինական ճգնաժամի պատճառով։

Ընկերությունը նախատեսում էր թռիչքներ իրականացնել դեպի Բեռլին, Դյուսելդորֆ, Ֆրանկֆուրտ, Համբուրգ, Մյունխեն և Շտուտգարտ, ինչպես նաև Հունաստանի Հերակլիոն։ Անհնար են դարձել նաև թռիչքները դեպի Ցյուրիխ։