27/07/2024

Էրդողանի կուսակցությունը խոշոր և պատմական պարտություն է կրել ՏԻՄ ընտրություններում

Թուրքիայում երեկ՝ մարտի 31-ին, ընթացել են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք չափազանց կարևոր նշանակություն ունեին:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի ուշ երեկոյան խոստովանել է ընդդիմության պատմական հաղթանակը մունիցիպալ ընտրություններում, ինչը, ըստ նրա, «շրջադարձային» է իր ճամբարի համար, որը իշխանության է 2002 թվականից։

Ձայների գրեթե 99%-ի հաշվարկը հաստատում է, որ թուրքական ընդդիմությունը երկրի իսլամիստ-պահպանողական «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP) փոխանցել է վերջին երկու տասնամյակի ընթացքում իր ամենամեծ ընտրական պարտությունը:

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը 20 տարվա մեջ առաջին անգամ հաղթել է իշխող կուսակցությանը՝ գրանցելով պատմական արդյունք:

Հիմնական ընդդիմադիր կուսակցությունը (CHP) հաղթանակներ է գրանցել Ստամբուլում և Անկարայում՝ Թուրքիայի երկու խոշորագույն քաղաքներում, ինչպես նաև բազմաթիվ այլ քաղաքներում, ինչպիսիք են, օրինակ, Բուրսան՝ խոշոր արդյունաբերական քաղաքը երկրի հյուսիս-արևմուտքում:

Գերագույն ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքների հրապարակումը կհաստատի միայն այս արդյունքները, որոնք արդեն հայտարարված և ընդունված են հիմնական շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ պետության ղեկավարի կողմից:

Ելույթ ունենալով Անկարայում գտնվող իր կուսակցության կենտրոնակայանից զսպված, անսովոր լուռ աջակիցներիի առջև՝ Թուրքիայի նախագահը խոստացել է «հարգել ազգի որոշումը»:

Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթել է Էքրեմ Իմամօղլուն, ով զբաղեցնում էր այս պաշտոնը վերջին հինգ տարիներին: Այս մասին ցույց են տալիս ձայների հաշվարկի նախնական տվյալները։ Իմամօղլուն ներկայացնում է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ՀԺԿ) և հաղթանակի մասին հայտնել էր դեռ արդյունքների հրապարակումից և Էրդողանի ելույթից առաջ:

Գրեթե բոլոր ձայների հաշվարկից հետո Իմամօղլուն հաղթել է Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Մուրադ Քուրումին՝ առաջ անցնելով մոտ 10%-ով։

Այս ընտրություններում ուշադրության կենտրոնում էր հատկապես Ստամբուլը, որտեղ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱԶԿ-ն հույս ունեին հաղթել ընդդիմությանը, ինչպես նաև ուշադրության կենտրոնում էին Անկարան և Անթալիան, որոնք ղեկավարվում են ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից:

Երկրի մյուս խոշոր քաղաքներում՝ Անկարայում, Անթալիայում, Իզմիրում նույնպես հաղթել է ընդդիմությունը։

«Մեր ստացած տվյալների հիման վրա կարող եմ ասել, որ մեր քաղաքացիների հավատը մեր հանդեպ պարգևատրվել է», – Ստամբուլում լրագրողներին ասել է Իմամօղլուն։

Թուրքիայում ընտրությունները տեղի են ունեցել մոլեգնող գնաճի և թուրքական լիրայի զանգվածային արժեզրկման ֆոնին, որի անորոշությունը ծանրացել է շատ ընտրողների վրա, գրում է AFP-ն և նշում, որ խոշոր քաղաքներում Էրդողանի կուսակցության վարկանիշը զգալի անկում է ապրել:

Ինչու էր կարևոր Ստամբուլը. Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել և մեծացել է Ստամբուլում և քաղաքի քաղաքապետ է ընտրվել 1994 թվականին։ Նրա դաշնակիցները իշխանությունը պահեցին մինչև 2019 թվականը, երբ ընտրություններում հաղթեց ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) կուսակցության առաջնորդ Էքրեմ Իմամօղլուն։

Իմամօղլուի հաղթանակը Ստամբուլում նշանակում է, որ նա կարող է դառնալ իշխող կուսակցության գլխավոր հակառակորդը հաջորդ նախագահական ընտրություններում՝ 2028 թվականին։

Էրդողանը և նրա կուսակցությունը Ստամբուլում թեկնածու էին առաջադրել բնապահպանության նախկին նախարար Մուրադ Քուրումին։

«Ստամբուլը մեր երկրի մարգարիտն է, գանձը և աչքի լույսը», – ասել է 70-ամյա նախագահը քաղաքում վերջերս կայացած հանրահավաքում՝ Իմամօղլուին անվանելով «կես դրույքով քաղաքապետ»:

«Այս ընտրությունները կնշանավորեն նոր դարաշրջանի սկիզբը մեր երկրի համար»,- ասել է Էրդողանը կիրակի օրը Ստամբուլում քվեարկությունից հետո։

Երբ հայտնի դարձավ ՏԻՄ ընտրություններում իր քաղաքական ուժի պարտության մասին, Էրդողանը նշեց երրորդ միտքը. «Մարտի 31-ը մեզ համար վերջը չէ, այլ շրջադարձային։ Թուրք ժողովուրդը քվեաթերթիկի միջոցով ազդանշան ուղարկեց քաղաքական գործիչներին»։

Իմամօղլուն իր հերթին, ընտրություններում քվեարկելուց հետո հայտարարել է, որ փորձում է ապահովել «հավասարություն՝ առանց կուսակցականության», անում ամեն ինչ՝ երիտասարդներին, կանանց և մայրերին ավելի լավ կյանք տալու համար:

Թուրքիայի քաղաքացիները կիրակի օրը քաղաքապետ են ընտրել 81 նահանգում, ինչպես նաև ընտրել են տեղական խորհուրդների անդամներ և տարածաշրջանային այլ պաշտոնյաներ: