«Այն, որ դա խնդիրներ է առաջացնում, ասել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոսկեպարցիների հետ հանդիպմանը, բայց պետք է դա անենք»:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ մեկնաբանելով ոսկեպարցիների՝ ՀՀ վարչապետին ուղղված նամակը, որում տեղի բնակիչները ահազանգել էին մի շարք վտանգների մասին, որոնք սպառնալու են Տավուշի հատված գտնվող խնդրահարույց բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու պարագայում:
Ղալումյանը նշեց, որ լրագրողները սխալ են մեկնաբանում, քանի որ խնդրո առարկա 4 գյուղերը Տավուշի մարզի բնակավայրերը չեն:
«Տավուշի մարզն ունի 4 խոշորացված համայնք, ոչ մի խոշորացված համայնքի բնակավայրերի մասին չենք խոսում, ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման՝ այդ գյուղերը Տավուշի մարզում չեն, բնակավայրերի շարքում չկան, հետևաբար Հայաստանի Հանրապետությանը չեն»,- նկատեց նա:
Լրագրողների՝ առկա վտանգների մասին ճշտող հարցին ի պատասխան՝ Վահե Ղալումյանը նշեց, որ խնդիրներ, իհարկե կան, բայց Լոռին, օրինակ, չի կարող դառնալ սահմանային, ինչպես նշվում է ահազանգում: Ըստ նրա՝ առկա խնդիրները սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի տիրույթում են:
Խոսելով այսօր գիշեր ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից Կութի և Սոթքի ուղղությամբ կրակոցների մասին՝ Ղալումյանն ասաց, որ մանրամասներին չի տիրապետում, քանի որ վաղ առավոտից նիստի է մասնակցել, սակայն գիտի, որ տուժածներ չկան:
Լրագրողները պատգամավորին նաև հարց ուղղեցին, թե տարածքները զիջելու պարագայում չկա՞ վտանգ առ այն, որ Ադրբեջանի ախորժակը կարող է մեծանալ:
«Տարածքները չեն զիջում ինչ-որ մեկի ախորժակը զսպելու համար: Տարածքների խնդիրը Հայաստանի սահմանի գծումն է, պետք է ունենանք մեր սահմանը, սա սահմանային գծման գործընթացի մասն է, սահմանագծումը որոշվել է սկսել Տավուշից»,- հավաստիացրեց նա:
Պատգամավորը նաև հայտնեց, որ Ոսկեպարը չի հայտնվի շրջափակման մեջ, ըստ նրա՝ ճանապարհ պետք է փոխվի մի քանի հատվածում, որը լուծելի խնդիր է:
Ղալումյանի խոսքով՝ նոր ճանապարհ առայժմ չի կառուցվում, սակայն նման քննարկում կա:
Բաց մի թողեք
Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի գործոն չկա. Հաջիև
Հերոսներն այլևս հարկ վճարողները չեն, այլ ԱԺ ՔՊ պատգամավորները․ Դիլբարյան
Ադրբեջանցիներն Ամարասի վանական համալիրը ներկայացնում են աղվանական, սակայն իրականությունն այլ է. Լուսանկար