15/04/2024

Նոր լիազորություն վարչապետին. լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության հարցը դեռ հստակ չէ

ՀՀ պետական պահպանության ծառայությունն առաջարկում է լրացումներ կատարել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում:

«Փաստ» օրաթերթը գրում է. Նշվում է, որ Պետական պահպանության ծառայությունն առանձնացել է ազգային անվտանգության ծառայությունից՝ դառնալով վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին։ Ծառայության առաջնահերթ առաքելությունը ՀՀ վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության ապահովումն է, որը ազգային անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչներից մեկն է։

Ծառայությունն իրականացնում է առաքելություն, որի ընթացքում չունի սխալվելու իրավունք («Զրոյական ձախողում»), քանի որ մեկ սխալը կամ նույնիսկ մի քանի վայրկյան հապաղումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ ազգային անվտանգության տեսանկյունից: Այս մասին նշվում է նախագծի հիմնավորման մեջ: Հաշվի առնելով «Զրոյական ձախողմամբ» առաքելությունը՝ ծառայությունը պետք է լինի դինամիկ զարգացող կառույց, որը մշտապես գնահատում է իր կարողությունները, վեր է հանում առկա բացերը, թիրախային քայլեր է ձեռնարկում այդ բացերը լրացնելու համար և շարունակաբար կատարելագործում է թե՛ ծառայության նյութատեխնիկական կարողությունները, թե՛ իր զինծառայողների մասնագիտական կարողությունները: Ծառայությունում իրականացվող բարեփոխումների հիմնական նպատակը միջազգային չափորոշիչների համապատասխան կառույց ձևավորելն է։

Նախատեսվող բարեփոխումների ռազմավարությունը պայմանականորեն պետք է բաժանված լինի երկու մասի՝ միջազգային նվազագույն չափորոշիչների ապահովում և շարունակական զարգացում։ Ըստ ներկայացված նախագծի, նախատեսվող բարեփոխումները հիմնված են լինելու իրականացված կարիքների գնահատման և միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա և վերաբերելու են ծառայության գործունեության բոլոր ոլորտներին՝ կառուցվածքային վերափոխումներ, նախնական ուսուցում և վերապատրաստում, անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովում, տեխնիկական և հատուկ կապի միջոցներով հագեցվածության մակարդակի բարելավում, հատուկ միջոցներով և զենքզինամթերքով հագեցվածության ապահովում, ստանդարտ գործառնական ընթացակարգերի ընդունում և մի շարք այլ հարցեր։

Նախագծի ընդունման արդյունքում վարչապետին կվերապահվի լիազորություն՝ հաստատելու պետական պահպանության ծառայության զարգացման հնգամյա ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը, որի արդյունքում օրենսդրական հիմքեր կստեղծվեն ծառայության շարունակական կատարելագործման և թիրախային բարեփոխումների իրականացման համար։ Նշվում է նաև, որ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտութան և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների հարցին հնարավոր կլինի անդրադառնալ նախագծի ընդունումից հետո մշակվող՝ ՀՀ վարչապետի որոշման նախագծի շրջանառման ժամանակ։