27/07/2024

Ադրբեջանական կողմից տարածվող ապատեղեկատվությունը կապ ունի ապրիլի հինգին սպասվող հանդիպման հետ․ Արմեն Խաչատրյան

Ադրբեջանական կողմից տարածվող ապատեղեկատվությունները և սադրանքները ՀՀ սահմաններին կապվա՞ծ են արդյոք ապրիլի 5-ին սպասվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բրյուսելում սպասվող հանդիպման հետ։

Հարցին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը:

«Եթե ավելի խորը նայենք նախապատվությանը, կտեսնենք, որ ռուսական տելեգրամյան ալիքներում տարածվեց տեղեկատվություն, թե հայկական զորքերի տեղաշարժ է մեծ մասշտաբի, բացի այդ՝ իբր սահմանային հատվածներում աշխատանքներ են իրականացվում, դա Ադրբեջանը տեղադրեց իր տելեգրամյան ալիքներում ու պաշտոնական հաղորդագրություն էլ հրապարակեց, որ հայերը պատրաստվում են սադրիչ գործողությունների դիմել։ Սա կապում եմ նախևառաջ ապրիլի 5-ի հանդիպման հետ, բայց մեզ համար խորթ չէ Ադրբեջանի այս պրիմիտիվ ծրագիրը. ամեն անգամ հարձակողական գործողություններից կամ սադրիչ դեպքերից առաջ կեղծ ապատեղեկատվություն է տարածում, որպեսզի լեգիտիմ հիմքեր ստեղծի հարձակումներ իրականացնելու համար»,- նկատեց նա:

Ըստ Խաչատրյանի, սակայն, եթե նման վարքագիծը ադրբեջանական կողմին հաջողվում էր երկու տարի առաջ, ապա հիմա իրականությունն այլ է․ «Եմ դիտորդները ներկայացնում են օբյեկտիվ իրականությունը աշխարհին, ցույց են տալիս, որ Ալիևը ստում է։ Բռնապետ Ալիևի հանցավոր ռեժիմը ամեն անգամ նման ապատեղեկատվություն տարածելուց հետո փորձում է իր նկրտումները ռեալիզացնել։ Բոլորին արդեն շատ պարզ է, որ Ադրբեջանը ուղղակի ստում է, և օբյեկտիվ իրականությունը անկախ ԵՄ դիտորդներից ամբողջ աշխարհը ստանում է ու հասկանում, թե ինչ է կատարվում»։

Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանը ամեն ինչ անում է՝ վիժեցնելու համար խաղաղության ուղղված ջանքերը. «Հայաստանը պարտադրելու է խաղաղություն, ու Ադրբեջանը պետք է լինի կառուցողական, պետք է ստիպել, որ հաշվի նստի այն հանգամանքների հետ, որ ՀՀ-ն ինքնիշխան երկիր է, սուվերեն, հարգի մեր սուվերենությունը»։

Հայաստանը երբևէ այսքան բարձր սուբեյկտայնություն չի ունեցել, որքան հիմա։ «Հայստանի հետ հշաիվ են նստում թե՛ Արևմուքտը, թե՛ ԱՄՆ-ն և շատ այլ ռազմավարական հարցեր են քննարկվում։ Այն ժամանակներում, այո՛, Մարի Զախարովայի երկրում էր որոշվում շատ հարցերը, թե Հայաստանը որտեղ պետք է գնա և այլն։ Անվտանգության հետ կապված էլպետք է ասեմ, որ Հայաստանը բազմաշերտ է սարքում իր անվտանգային համակարգն ու ամեն ինչ անելու է, որպեսզի դա բավարարի այսօրվա պահանջներին, դա հիմա ում է դուր գալիս կամ ում դուր չի գալիս, էական չէ։

Ցավոք սրտի մենք տեսել ենք այն անվտանգային համակարգը, որը ունեցել ենք, ընդամենը թղթի վրա գրված պայմաններ են եղել, որոնք ի կատար չեն ածվել։ Դրա չգործելու հետևանքով այսօր Ադրբեջանը 150 կմ քառակուսի տարածք է օկուպացրել և այլն, մենք այլևս անհիմն վստահելու կամ հավատալու իրավունք չունենք և գործնական քայլերի ենք դիմել բոլոր ուղղություններով»։

Անդրադառնալով այն հարցին, թե ռուս սահմանապահները անվտանգության հարցում լուրջ դերակատություն ունեն, Խաչատրյանը նկատեց․ «Այո՛, ունեն, բայց պետք է ասենք հետևյալը՝ ռազմաբազան գույություն ունի, ամեն դեպքում Հայաստանի նոր անվտանգային համակարգի գծագրությունից պարզ կդառնա, թե մեր հետագան ինչպես է լինելու։ Պետք է ասեմ, որ այդ ռազմաբազան ոչնչով չօգնեց, երբ գրավեցին ՀՀ սուվերեն տարածքները, այս պահին ֆիզիկապես կանգնած են սահմանին, բայց որևէ դրական դերակատարում չունեցան, երբ ՀՀ-ի կոնկրետ սպառնալիքներ կային ու այսօր էլ կա»։

Դիմելով լրագրողներին պատգամավորը նշեց․ «Ես քաղաքական գործիչ եմ, և պարտավոր չեմ ասել՝ ինչո՞ւ չենք հանում կամ երբ ենք հանելու ռազմաբազան, երբ պետք լինի հանելու ենք, հանելու ենք այն ժամանակ, երբ պետք է լինելու»։

Զախարովայի այն հայտարարությանը, թե սուտ է, որ ՀԱՊԿ-ն և Մոսկվան չեն օգնել Հայաստանին տարածաշրջանային սրման ժամանակ. «Դուք լինելով ՀՀ քաղաքացի՝ տեսե՞լ եք, որ օգնեն, որտեղ են օգնել կամ երբ են օգնել։ Հայտարարություններ եղել են՝ ամոթ է Հայաստան և Ադրբեջան դադարեցրեք կռիվը, եղել է երկողմանի հայտարարություն։ Ադրբեջանի ակնհայտ հարձակման ժամանակ մեղադրում էին, թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին, այն դեպքում երբ մենք հազիվ պաշտպանվում էինք, իսկ նրանք առաջ էին գալիս, վերջում էլ ասեցին՝ մենք տեղյակ չենք, թե ով է ում վրա հարձակվել և տեղյակ չենք, թե որ տարածքում է պատերազմական գործողություններ գնացել, տեղյակ չեն Ջերմուկն ու Սյունիքը, որ տարածքում է։ Ասում է՝ ստել, ուրեմն էնքան ստեր կասեմ, պռոստը չեմ ուզում ընգնեմ դրա հետևից»։

Խաչատրյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ից անընդհատ պահանջել են, որ ասեն, թե Հայաստանի սահմանները որտեղ է սկսվում ու ավարտվում, այնուհետև անդրադարձավ կազմակերպության կողմից հնչեցրած հայտարարությանը, որով արձագանքել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե կառույցը չի հայտնել, թե ո՞րն է իր պատասխանատվության գոտին Հայաստանում։

«Թող ասեն՝ երբ Հայաստանը մտել է կազմակերպության մեջ, ո՞ր սահմաններով են ընդունել։ Հիմա շատ երկար մտածել են, ու ինչ-որ պատասխան են տվել և իրենց պատասխանից երևում է, որ Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ պայմանավորվածությամբ է լինելու։ Սա , մեղմ ասած, ոչ օբյեկտիվ հայտարարություն է և անընդունելի է, որովհետև Հայաստանը ունի միջազգայինորեն ճանաչված սահմաններ, այդ սահմաններով մտել ենք ՀԱՊԿ ու հիմա ասում են՝ դուք ինչ սահման եք գծում, ոչ մի սահման էլ չենք գծում, այն, ինչ միջազգայնորեն կա, սովետական միության քարտեզն ու ԱԼմաթիում, որը ճանաչել են թե՛ ՌԴ-ն, թե՛ խորհրդային նախկին պետությունները դա է հայաստանը։ Բա լավ, որ Հայաստանը մտնում էր ՀԱՊԿ, այդ պատասխանատավության գոտին որն էր, միայն Երևան էր, հա՞, Երևան են վերցրել պաշտպանության տակ։ ՀԱՊԿ-ն այս կարգի հայտարարություններով այնքան է նվազեցրել իր դերն ու նշանակությունը, որ չարժե անդրադառնալ իրենց»։

Հետո Խաչատրյանը պարզաբանեց, թե ինչ է նշանակում դերի նվազեցում․ «Եթե ՀԱՊԿ-ն մեզ համար անվտանգային համակարգ է եղել, բայց դա չի գործում ու տեսնում ենք, որ չի կարող գործել։ Միանշանակ, մենք այդ անվտանգային համակարգում չենք լինի, թե երբ, ինչ, ոնց ու ինչ կհայտարարենք, ինչ կանենք, դա այլ է։ Մենք ՀԱՊԿ չենք մտել այլ նպատակների համար, որ ասենք դե ՀԱՊԿ է, մտել ենք մեր անվտանգությունը ապահովելու համար։ Եթե չի ապահովում ու ցանկություն չունի, կասկած ունի մեր սահմաների նկատամամբ, մենք այդ համակարգում լինելու բան չունենք»։

«Հայաստանը միանշանակ պարտադրելու է խաղաղություն: Ադրբեջանին պետք է ստիպել, որպեսզի վերադառնա կառուցողական դաշտ և հաշվի նստի նրա հետ, որ ՀՀ-ն ինքնիշխան, սուվերեն երկիր է, ժողովրդավար երկիր է, հաշվի նստի իր դաշնակիցների հետ և հարգի մեր սուվերենությունը»:

Անդրադառնալով 4 գյուղերին՝ Խաչատրյանը նկատեց, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթաց նոր չէ. «Սա մեր եղած սահմանների վերաարձանագրումն ու վերահաստատումն է, այդ սահմանները կան, որևէ նոր սահմաններ չեն լինելու, դրանց վերահաստատման պրոցեսն է: Ինչը մեր տարածքում է, մերն է, այն, ինչը մերը չէ, վերադարձվելու է Ադրբեջանին, նույն կերպ էլ Ադրբեջանը պետք է ազատի այն տարածքները, որոնք օկուպացրել է»:

Հարցին, թե Արևմուտքից այս առումով աջակցության սպասո՞ւմ են, Խաչատրյանն արձագանքեց, որ Ադրբեջանն այդ երկիրը չէ, որ կարող է արհամարհել միջազգային իրավունքի նորմերը:

«Այն պետությունները, որոնք սկսում են կոպտորեն խախտել միջազգային իրավունքի նորմերը, մարդկության դեմ հանցագործություններ են կատարում, շատ քչերին է հաջողվում միջազգային մեխանիզմների պատժողական մեխանիզմից դուրս պրծնել, ու հաստատ Ադրբեջանը կհայտնվի այդտեղ, եթե շարունակի այս ռազմատենչ մոտեցումը»,- ասաց նա: