09/10/2024

Խոշոր ավտովթար՝ Վայոց ձորում․ իտալացի զբոսաշրջիկի Suzuki-ն կողաշրջվել է․ Mercedes-ը գլորվել է ձորը, կա վիրավոր․ Լուսանկար

Ապրիլի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98 կմ հատվածում՝ Ելփին գյուղի վարչական տարածքում, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Արայիկ Սարգսյանի վարած «Mercedes» մակնիշի և Իտալիայի Հանրապետության քաղաքացի 32-ամյա Էլիսա Պոլինտեի վարած «Suzuki» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Suzuki»-ն կողաշրջվել է՝ մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղում, իսկ «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել բետոնե արգելապատնեշը, մոտ 12 մ բարձրությունից ընկել և մոտ 100 մ՝ մի քանի պտույտ շրջվելով բախվել է քարերին և հայտնվել ձորում։

Վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդ Ա․ Սարգսյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Mercedes»-ի գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Միհրան Սիրեկանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարապետ Հարությունյանի, գումարտակի ծառայության տեսուչ Նարեկ Խաչատրյանի և վաշտի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սերգեյ Համբարձումյանն ու կրտսեր պարեկ Արթուր Վահանյանը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։

Վթարի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արմինե Գևորգյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Mercedes»-ի վարորդը ասում էր, որ ինքը փրկվել է, քանի որ ամրագոտին կապած է եղել և, եթե այդպես չլիներ, հնարավոր է՝ նա ավտոմեքենայից դուրս շպրտվեր։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա․ Սարգսյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության շուկայի պատասխանատու , իսկ «Suzuki»-ի վարորդը զբոսաշրջիկ է, նրա հետ ավտոմեքենայում գտնվող ուղևորը նույնպես Իտալիայի Հանրապետության քաղաքացի է և զբոսաշրջիկ։ Ավտոմեքենան էլ վարձույթով են վերցրել։

Խոշոր ավտովթար՝ Վայոց ձորում․ իտալացի զբոսաշրջիկի Suzuki-ն կողաշրջվել է․ Mercedes-ը գլորվել է ձորը, կա վիրավոր