27/07/2024

Ուժեղ և կայուն Հայաստան նշանակում է ավելի ուժեղ և կայուն Հարավային Կովկաս․ Բորել

Եվրամիությունը ցանկանում է Հայաստանի համար դրական օրակարգ մշակել և Միացյալ Նահանգների հետ միավորելով ուժերը, ցույց տալ Հայաստանի ինքնիշխանության, ժողովրդավարության ու դիմակայունության հանդեպ ամուր նվիրվածությունը:

Այս մասին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն եռակողմ հանդիպմանն ընդառաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Վերջինս հիշեցրեց՝ երկու ամիս առաջ Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի հետ որոշել են աշխատել ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգի վրա և ընդգծեց, որ նոր օրակարգը կապահովի հավակնոտ տեսլական՝ խթանելու երկկողմ համագործակցությունն այն ոլորտներում, որոնք կարևոր են Հայաստանի դիմակայունության, շարժունակության, առևտրի դիվերսիֆիկացիայի և կապի համար:

«Մենք ողջունում ենք Հայաստանի ջանքերը ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայության հաստատման ուղղությամբ։ Կարևոր կլինի շարունակել բարեփոխումները երկրի դիմակայունությունն էլ ավելի բարձրացնելու համար։ ԵՄ-ն կշարունակի աջակցել բարեփոխումների ջանքերին՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման միջոցով»,- ասաց նա:

Վերջինս ընդգծեց՝ ուժեղ և կայուն Հայաստան նշանակում է ավելի ուժեղ և կայուն Հարավային Կովկաս, և դա օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին։