23/05/2024

Ցանկանում ենք, որ Հայաստանը հաստատի իր դիրքը՝ որպես ուժեղ, անկախ պետություն․ Էնթոնի Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Բրյուսելում կայացած ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպման մեկնարկին ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ Վաշինգտոնը և Բրյուսելը վերահաստատում են աջակցությունը հայ ժողովրդի ժողովրդավարական, բարգավաճ ապագային:

ԱՄՆ պետքարտուղարն իր խոսքում ընդգծել է․ «Տիկին նախագահ, շնորհակալություն, վարչապետ։ Ուրախ եմ Ձեզ տեսնել, Ժոզեպ:

Հարգելի վարչապետ, թույլ տվեք սկսել շնորհակալություն հայտնելով՝ Ձեր առաջնորդության և գործընկերության համար։ Դա շատ բան է նշանակում, և կարծում եմ, որ այն շատ ամուր հիմք է ստեղծում այն ամենի համար, թե ինչ կարող ենք միասին անել ապագայում: Մենք այստեղ ենք՝ վերահաստատելու անդրատլանտյան աջակցությունը հայ ժողովրդի ժողովրդավարական, բարգավաճ ապագայի և Հարավային Կովկասի ավելի ինտեգրված և խաղաղ տարածաշրջանի համար:

Մենք կիսում ենք հայ ժողովրդի ապագայի տեսլականը: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը հաստատի իր դիրքը՝ որպես ուժեղ, անկախ պետություն և խաղաղ իր հարևանների հետ՝ կապված տարածաշրջանի և աշխարհի հետ: ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցանկանում են գործընկերներ լինել այդ ջանքերում, և ես կարծում եմ, որ այսօրվա հանդիպումը դրա վկայությունն է։ Մենք պետք է օգտագործենք հայ ժողովրդի և առաջնորդների ընտրության այս պահը»։

Բլիենքը կարևորել է ԱՄՆ-ի կողմից ներդրված ջանքեր, որոնք համահունչ են ՀՀ վարչապետի կառավարմանը և տնտեսական բարեփոխումներին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն նախատեսում է ապահովել ավելի քան 65 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն 2023 թ. ֆինանսական տարվա բյուջեի միջոցներից․ «Դա ավելի քան 50%-ով ավելի է, քան երկու տարի առաջ: Մենք հավատարիմ ենք էլ ավելի մեծացնելու մեր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական դիմակայունությանը՝ սննդի անվտանգության, թվային ենթակառուցվածքների, էներգետիկայի դիվերսիֆիկացման, առևտրային գործընկերների դիվերսիֆիկացման և այլ առաջնահերթությունների ներդրումների միջոցով, որոնց մասին նշեց վարչապետը»։