27/12/2024

Իրանի հետ կառուցել ենք ամուր հարաբերություններ, առկա է բարձր մակարդակի փոխըմբռնում․ ԱԽ քարտուղար

Հայաստանի ռազմավարական առաջնահերթություններից մեկը տարածքային ամբողջականությունն է և այստեղ Իրանի հետ առկա է շատ բարձր մակարդակի փոխըմբռնում, ՀՀ-ն շատ բարձր է գնահատում Իրանի հետ հարաբերությունները։

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Իրանի հետ մեր հարաբերությունները ռազմավարական են այն առումով նաև, որ կարողացել ենք շատ բարդ քննարկումներ ունենալով, բայց, անկեղծ խոսակցության շրջանակներում կառուցել շատ ամուր հարաբերություններ։

Այդ հարաբերությունները մենք չենք փոխկապակցում այլ երկրների հետ, սակայն ասեմ, որ ՀՀ-ն հետևում է բոլոր սանկցիաներին, սա շատ կարևոր է արձանագրել։ Մենք նաև շատ բարձր ենք գնահատում Իրանի դիրքորոշումը՝ կապված շատ կարևոր հարցերի հետ, մեր ռազմավարական առաջնահերթությունների հետ։

Մենք աշխատելու ենք և շարունակելու ենք զարգացնել մեր հարաբերություններն Իրանի հետ և բաց կմնանք այս երկխոսությունը շարունակելու առումով»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

Բրյուսելի օրակարգն ամբողջովին վերաբերում է Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԱՄՆ օրակարգին։ Բրյուսելում մենք տարածաշրջանային հարցեր չենք քննարկելու։

«Մենք քննարկելու ենք մեր երկկողմ հարաբերությունները և այստեղ չափազանցված են բոլոր նարատիվները, որ տարածվում են ՌԴ-ի և Ադրբեջանի կողմից։

Իրականում փորձում են դրա շուրջ աղմուկ ստեղծել, բայց որևէ հիմք չկա, անվտանգության հարց օրակարգում չկա, այն միայն տնտեսական է, ես չեմ հասկանում ինչու են այդ կեղծ թեզերը տարածում։

Իհարկե շատ կարևոր քաղաքական իրադարձություն է, որին շատ խանդով կամ բացասական են վերաբերվում, բայց իրենց վերաբերվող հարց չկա օրակարգում։

Սա նաև դիվերսիֆիկացիայի հնարավորություն է ՀՀ տնտեսության համար»,- ասաց ԱԽ քարտուղարը։

Հիշեցնենք՝ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մեկնել է Բրյուսել։