21/06/2024

Կանխատեսումներն ու մեղադրանքները, ցավոք, անընդհատ հաստատվում են

Շատերը կհիշեն, որ նախկինում, երբ Արցախի խնդրով բանակցային գործընթացի շրջանակներում կարևոր հանդիպում պիտի լիներ կամ, օրինակ՝ որևէ միջազգային կառույցի անդամակցելու հետ կապված կարևոր հանդիպում, այն ժամանակվա ընդդիմությունը, ներառյալ Նիկոլ Փաշինյանը, տիեզերական աղմուկ-աղաղակ էին դնում:

«Փաստ» օրաթերթը գրում է. Դե, եթե այսքանը հիշեցինք, արժե հիշեցնել և այդ աղմուկ-աղաղակի բովանդակությունը, եթե մերկապարանոց մեղադրանքները կարելի է «բովանդակություն» համարել: Այն ժամանակվա ընդդիմադիրները ՀՀ նախկին ղեկավարներին (կապ չունի՝ որ մեկին), այսպես ասենք՝ «գլխավոր բանակցողին» մեղադրում էին, թե՝ «ահա՜, Արցախը ծախո՜ւմ են… գնացել են Արցախի ազատագրված տարածքները հանձնե՜ն… ԵԽ-ին անդամակցության դիմաց տարածքային զիջումներ են անելո՜ւ…, հողերը տվեցի՜ն…»:

Եվ այլն, և այդպես շարունակ: Սակայն փաստը մնում է փաստ, որ այդ ամբողջ ժամանակահատվածում (վերցնենք 1994-ից 2018 թվականների միջակայքը) Հայաստանը ներկայացնող գլխավոր բանակցողները ոչ միայն «գետնի վրա» ոչինչ չեն զիջել թշնամուն, բանակցային գործընթացում տեղի չեն տվել, ավելին՝ հնարավորն արել են՝ մեր դիրքերը պահելու համար: Այսինքն, այդ ամբողջ ժամանակահատվածում նրանց ուղղված մեղադրանքները, աղետալից «գուշակությունները» (տես վերը բերված նմուշները), այդ թվում՝ «ընդդիմադիր աշխատող» Նիկոլ Փաշինյանի ասածները չեն արդարացել, սուտ են դուրս եկել, չեն կատարվել նրանց կանխատեսումները, իսկ ոմանց պարագայում՝ միգուցե՝ երազանքները: Ընդ որում, դա ակնհայտ է եղել այդ հայտարարություններից արդեն երկու-երեք օր անց: Մաքսիմում:

Ի՞նչ է կատարվում վերջին 6 տարվա ընթացքում: Պատկերը գործնականում հակառակն է: Եթե կուզեք՝ տրամագծորեն հակառակը: Այն իմաստով, որ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմի հիմնական դերակատարներին ուղղված գրեթե բոլոր մեղադրանքները, նրանց բոլոր բանակցային հանդիպումների, բոլոր սպասվող քայլերի վերաբերյալ կանխատեսումները համարյա մեկին մեկ հաստատվել ու հաստատվում են: Ավելին, երբ Նիկոլ Փաշինյանը, «փողոցային հուզումներ» հրահրելով, զավթեց իշխանությունը, նշվում էր, որ «նա եկել է իշխանության, որպեսզի հանձնի Արցախը»: Այդպես էլ, ըստ էության, տեղի ունեցավ: Այն ժամանակ, կհիշեք, Փաշինյանը իրեն մեջտեղից պատռում էր՝ բղավելով, թե ինքը դեռ նույնիսկ չի սկսել բանակցել, իսկ իրեն մեղադրում են Արցախը հանձնելու մեջ, հողեր հանձնելու մեջ: Դա 2018-ի օգոստոսի 17-ին էր:

Իսկ ի՞նչ եղավ իրականում: Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հանձնեց Արցախը թշնամուն, ոչ միայն պատմության մեջ մտավ որպես մի անձ, որը հայաթափել է հազարամյակներով բնիկ հայկական Արցախը, այլև ուրացավ Արցախը: Ըստ այդմ՝ բոլոր մեղադրանքները հաստատվեցին: Հաստատվեցին մեղադրանքները, որ Նիկոլ Փաշինյանի կամ նրան իշխանության բերողների նպատակը Հայաստանը Ռուսաստանի հետ թշնամացնելն է, այդպիսով՝ իբրև թե դեպի Արևմուտք «կողմնորոշվելը», իսկ գործնականում՝ Հայաստանի պետականությունը վերացնելն ու այն թուրքական ազդեցության գոտու տակ դնելն է: Այդ մեղադրանքները իրենց հաստատման, այսպես ասենք՝ «եզրափակիչ փուլում են»: Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին հասցեագրված ու հասցեագրվող այս և մի շարք այստեղ չհիշատակված նմանօրինակ մեղադրանքները ճիշտ են դուրս գալիս, որովհետև միանգամայն ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը հենց հանձնելու «առաքելությամբ» էր եկել (բերվել) իշխանության:

Եվ երկրորդ. առկա պայմաններում, երբ գրեթե բոլորը խաղում են բաց խաղաքարտերով, քիչ թե շատ դատողունակ մարդու համար դժվար չէ կանխատեսել, թե ինչի է այս ամենը տանում, և ինչ կարգի աղետով է այս մղձավանջը շարունակվելու կամ ավարտվելու: Ներկայում Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանիկները զբաղված են ագրեսիվ քարոզով, որի նպատակը Տավուշի մի կարևոր հատված թշնամուն նվիրելն է, մեր բանակի պաշտպանական դիրքերը, տասնամյակներով ամրապնդված պաշտպանական բնագծերը ոչնչացնելն է և թշնամուն գործնականում երկրի խորքը «հրավիրելը»: Սրա մասին էլ էին ընդդիմադիրներն ու ընդդիմախոսները ժամանակին զգուշացնում:

Եվ որպես հավելում, եթե կուզեք՝ հիշեցում. նախորդ իշխանություններից որևէ մեկի դեպքում՝ մասնավորաբար 1994-2018 թվականների ընթացքում (ինչո՞ւ 1994, որովհետև 1992 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանին «հաջողվեց» տալ Արծվաշենը) երբեք Հայաստանի Հանրապետության որևէ տարածք, այդ թվում՝ թշնամուց ազատագրված ՀՀ որևէ հատված զիջելու, հանձնելու, «տալու» մասին ոչ մի խոսք չի եղել, բանակցային գործընթացում երբեք նման հարց չի բարձրացվել, իսկ, այսպես կոչված, Ալմաթիի հռչակագիրը, որը Փաշինյանը դարձրել է իր թշնամաշահ քայլերն արդարացնելու «թուղթը», այնքան անօգուտ թղթի կտոր է եղել, որ նույնիսկ մեր ոխերիմ թշնամին երբեք չի փորձել այն գոնե կեսբերան վկայակոչել: Այո, ընդդիմադիրների, ընդդիմախոսների մեղադրանքներն ու կանխատեսումները, ցավոք, հաստատվում են, բայց դա քիչ է՝ այս մղձավանջից դուրս գալու համար: