27/07/2024

ՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին, իսկ անկանոն կրակոցները դրան չեն նպաստում ու հասկանալի չեն․ ԱԳ նախարար

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կանգ է առել փաստաթղթի երկու կարևոր կետերի շուրջ համաձայնության չգալու պատճառով»։

Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ես իսկապես հավատում եմ, որ մենք պատմական հնարավորություն ունենք Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար: Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին: Մենք ընդհանուր լեզու ենք գտել շատ հարցերի շուրջ: Բայց երկու կարևոր կետերում կողմերը չեն կարող համաձայնության գալ: Առաջին կետը միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է, երկրորդը՝ հաղորդակցությունների բացումը»,- ասել է Միրզոյանը։

Նախարարը հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի հասնել ավելի մեծ ըմբռնման այս հարցերի շուրջ, քանի որ ներկա պահին հենց Հայաստանը հղում է կատարում Ալմաթիի հռչակագրին և առաջարկում այդ կետը ներառել պայմանագրի նախագծում, բախվում է Ադրբեջանի դիմադրությանը:

«Եվրամիության կողմից ստացվելիք 270 միլիոն եվրոն ոչ սկիզբն էր, ոչ վերջը, գումարներ մինչ այդ էլ ստացվել են, դրանից հետո էլ լինելու են»։

«Ապրիլի 5-ին կարևոր հանդիպում էր։ Երբևե նման ձևաչափով հանդիպում չէր եղել։ Չափազանց կարևոր հանգրվան էր ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ մեր հարաբերություններում, սերտացնում ենք մեր հրաբարությունները։

Հայտարարության մեջ հստակ ուղղություններ են նշվում, սկսած ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սատարումից, սա ամենակարևորն է, որի կարիքը ունենք։ Խոսվում է տնտեսական հնարավորությունների դիվերսիֆիկացման մասին։

Պետք չէ առանձնացնել գումարը ապրիլի 5-ի մնացած կետերից։ Պետք չէր ի սկզբանե ակնկալել, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն շատ ավելի մեծ գումար են տալու որպես աջակցություն ՀՀ տնտեսությանը։ Ես տեսա, որ մինչև հանդիպումը շահարկումները շատ էին:

270 մլն եվրոյից բացի, չմոռանանք 2,6 միլիարդի մասին։ Դրանք ուղղվելու են, օրինակ, հայկական արտադրատեսակների ստանդարտների բարձրացմանը։ Սա մեծ գործընթացի մաս է միայն, սրանով ոչ սկսվեց, ոչ էլ ավարտվեց, այնպես չէ, որ մինչ այդ չկային գումարներ ու հետո չեն լինելու»,- նշել է Միրզոյանը։

Հիշեցնենք՝ Եվրամիությունը առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանին կտրամադրի 270 մլն եվրո դրամաշնորհ։

Այս մասին Բրյուսելում՝ ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ ձևաչափով հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Մենք չէինք գնացել ՆԱՏՕ-ի զորք Հայաստան բերելու ու դա չստացվեց»։ «Հետաքրքիր էր դիտարկել, թե ապրիլի 5-ի հանդիպման շուրջ ինչպես են որոշ նարատիվներ համահունչ զարգացվում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի որոշ շրջանակներում։

Մեկ անգամ ևս ասում եմ, որ ապրիլի 5-ին քննարկվել ու ընդունվել է այն հայտարարությունը, որը Հայաստանը պատրաստվում էր ունենալ։ Չի եղել այլ բաղադրիչ, որը քննարկել ենք, չի ստացվել։

Մենք չէինք գնացել ՆԱՏՕ-ի զորք Հայաստան բերելու ու դա չստացվեց։ Այդ շրջանակներին էլ հայտնի էր, որ նման բան չի բանակցվելու։ Միտումնավոր էին տարածում, որ հետո ասեին՝ կամ մեր ջանքերի արդյունքում չստացվեց, կամ իշխանությունը չկարողացավ»,-նշել է Միզոյանը։

ԱԳ նախարարը ևս մեկ անգամ կրկնել է, որ այդ հանդիպումը ուղղված չի եղել որևէ երրորդ երկրի դեմ։

«Հայաստանի Հանրապետությունը, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի խորացնել հարաբերություններն այն երկրի կամ կողմի հետ, որի հետ ուզում է։ Չեմ ուզում մեկնաբանել արձագանքները։ Արդյունքներն էլ հանդիպման ցույց են տալիս, որ որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ»,- եզրափակել է Միրզոյանը։

«Անկանոն կրակոցները չեն նպաստում խաղաղության գործընթացին ու հասկանալի չեն մեզ համար: Ակնհայտորեն ՀՀ-ն իրավիճակի սրմամբ շահագրգռված չէ։ Այս իրավիճակի լիցքաթափման համատեքստում կարևորում եմ ԵՄ դիտորդական առաքելության հայտարարությունը։ Այդ առաքելությունը դարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով կայունության բավանանին իրական և արդյունավետ գործոն։

Ուզում եմ անդրադառնալ վերջին կրակոցներին։ Այս անկանոն կրակոցները չեն նպաստում խաղաղության գործընթացին ու հասկանալի չեն մեզ համար։ Մի կողմից մենք նստում ենք լուրջ բանակցությունների սեղանի մոտ, խաղաղության գործընթաց ենք ձեռնարկում և ամբողջ աշխարհին ասում ենք, որ մենք խաղաղություն ենք ուզում, ադրբեջանական կողմն էլ գալիս է, միջնորդներին կամ հանդիպումը կազմակերպողներին, կամ մեզ՝ երկկողմ հանդիպումների ժամանակ հավաստիացնում, որ խաղաղություն է ուզում կառուցել, մյուս կողմից՝ ահա այսպիսի միջադեպեր սահմանին, տեղեկատվական արշավ, պատրվակների ստեղծում էսկալացիայի համար։

Ես ուզում եմ մի անգամ էլ ասել՝ մենք փորձում ենք խաղաղություն կառուցել։ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին։ Բայց սա անելու համար մենք պետք է պատրաստակամություն տեսնենք մյուս կողմից ևս»,- նշել է Միրզոյանը։