27/07/2024

Տոյվո Կլաարը մեկնաբանել է ադրբեջանական զինուժի կողմից հայկական դիրքերի գնդակոծությունը

Վրաստանում և Հարավային Կովկասում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մեկնաբանել է ադրբեջանական զինուժի կողմից հայկական դիրքերի գիշերային գնդակոծությունը։

«Չնայած ռազմական տեղաշարժերի մասին որոշ պնդումներին, հուսադրող է, որ ԵՄ առաքելությունը Հայաստանում ի վիճակի է հերքել դրանք։ Սա նաև մնում է չօգտագործված ռեսուրս, որն օգնում է վերացնել թյուրիմացությունները և սխալ պատկերացումները և կարող է լավ ծառայել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը (EUMA) հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ պարեկություն է իրականացրել Սոթքի, Վերին Շորժայի, Արավուսի և Մովսեսի տարածքներում։ Այս մասին ասվում է առաքելության հայտարարության մեջ։

«Հաղորդվում է, որ իրավիճակը կայուն է և հանգիստ», – ասվում է EUMA-ի հայտարարության մեջ: