27/07/2024

Ռուս – թուրքական նոր խնդիր․ Անկարան հասկացնում է, որ Ղրիմի հարցում «կարող է տեսակետ վերանայել

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ տեղի է ունեցել Իլհամ Ալիեւի եւ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ» Էրսեն Թաթարի հեռախոսազրույցը, որի ընթացքում վերջինս երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի Միլլի մեջլիսում «ՀԿԹՀ» հետ միջխորհրդարանական համագործակցության խմբի ստեղծման համար:

Իր հերթին Իլհամ Ալիեւը հույս է հայտնել, որ «միջխորհրդարանական համագործակցությունը կնպասի երկու ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդմանը»: Անշուշտ, պաշտոնական հաղորդագրությունը չի փոխանցում հեռախոսազրույցի մանրմասնությունները, բայց առկա տեղեկատվությունն էլ բավարար է, որպեսզի արձանագրվի, որ Բաքուն որդեգրել է «ՀԿԹՀ»-ն ճանաչելու եւ նրա հետ լիարժեք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղեգիծ:

Ե՞րբ այդ մասին պաշտոնապես կհայտարարիվի՝ կախված է, ամենայն հավանականությամբ, նրանից, թե Կիպրոսի հյուսիսի թուրքական օկուպացիան եւ այդ հովանու ներքո ստեղծված կազմավորումը Թուրքիայից հետո ով կճանաչի:

Անցյալ տարի մամուլում տեղեկություն տարածվեց, որ Կիպրոսում ՌԴ դեսպանատունը «հյուպատոսական ծառայություններ է մատուցում նաեւ կվզու հյուսիսային հատվածի բնակիչներին»: Մոսկվան չհերքեց, բայց պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է «Նիկոսիայի հյուսիսային հատվածի մի քանի անձանց»: Հաջորդեց ռուս-կիպրական լարվածություն, Կիպրոսը երկու ռուս դիվանագետւ անցանկալի անձ հայտարարեց եւ երտաքսեց:

Անցյալ տարվա օգոստոսին Կիպրոսի «բաժանարար գծում» Թուրքիան լարվածություն հրահրեց, օկուպացիոն ուժերը սպառնացին ՄԱԿ-ի խաղաղապահներին: Այդ առթիվ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մեծ Բրիտանիայի ներկայացրած բանաձեւը չընդունվեց, որովհետեւ Ռուսաստանը վետո կիրառեց: Այնուհետեւ մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտգործնախարար Լավրովը կղզու հյուսիսային հատվածն անվանեց «Թուրքական հանրապետություն»: Այդ կապակցության խոր մտահոգություն արտահայտեց ոչ միայն Կիպրոսի ԱԳՆ-ն, այլեւ՝ Հունաստանը: Ռուս-հունական հարաբերություններում այդ նստվածքն առայսօր մնում է:

Փորձագիտական տեսակետ կա, որ «Ռուսաստանը» ՀԿԹՀ»-ն կճանաչի, եթե Թուրքիան Ղրիմը ճանաչի ռուսաստանապատկան»: Անկարան առայժմ գոնե հրապարակային հայտարարություններում Ղրիմը համարում է Ուկրաինայի անբաժանելի մաս: Թուրքիան միաժամանակ շեշտադրում է, որ Ղրիմը «թաթարական ինքնավարություն է»:

Սա, կարծես, պահուստային դիրքորոշում է. Անկարան հասկացնում է, որ Ղրիմի հարցում «կարող է տեսակետ վերանայել, եթե Ռուսաստանը թերակղզին հռչակի թաթարական ինքնավարություն»: Մոսկվան կգնա՞ նման քայլի: Չպետք է մոռացության մատնել, որ ԽՍՀՄ վերակառուցման շրջանում ազգային հարց առաջինը թաթարներն են բարձրացրել՝ պահանջելով արտոնել 1944թ. բռնատեղահանվածների եւ նրանց իրավահաջորդների Ղրիմ վերադարձն ու թաթարական ինքնավարության վերականգնումը:

«ՀԿԹՀ»-ի իրավական ճանաչման հարցում, ամենայն հավանականությամբ, Իլհամ Ալիեւը չի շտապի: Այն, ինչ հնարավոր է կամ ցանկալի՝ գործնականում արվում է. կղզու հյուսիսը Բաքվի հետ Ստամբուլով միջնորդավորված օդային կապ ունի, ձեւավորվել են մշակութային, կրթական, զբոսաշրջային կապեր: Եթե Ռուսաստանը եւ Թուրքիան Ղրիմի եւ Կիպրոսի հյուսիսի փոխադարձ ճանաչման շուրջ սկզբունքային համաձայնության հասնեն, ապա Ադրբեջանի կողմից «ՀԿԹՀ» ֆորմալ ճանաչումը կվերածվի բացառապես տեխնիկական հարցի: Ռուս-թուրքական նման պայմանավորվածությունը նվազ հավանական է թվում: Բայց դա՝ այս պահին: