27/07/2024

Քաղաքական միամտությամբ է հնարավոր երևակայել, որ Փաշինյանը Բրյուսելում ստացել է միայն խրախուսանքներ

Հայաստանի խորհրդարանի կառավարող մեծամասնության ներկայացուցիչը նախօրեին աշխուժորեն մասնակցում էին բրյուսելյան եռակողմ հանդիպման սոցցանցային տեղեկատվական «սպասարկումով»:

Պետական քաղաքականությունն ունի ինստիտուցիոնալ իր տրամաբանությունը, որտեղ հատկապես Հայաստանի պարագայում առանցքային է խորհրդարանի դերը: ԱԺ-ն է միակ առաջնային մանդատ կրող ներկայացուցչական կառույցը, որ ձեւավորվում է հանրային քվեով: Խորհրդարանն է նշանակում կառավարություն, որը զբաղվում է արտաքին եւ ներքին հարցերով:

Սակայն, խորհրդարանը փաստացի հայտնվել է իր իսկ նշանակած կառավարության աշխատանքի տեղեկատվական սպասարկման դերում, ինչը այլ բան չէ, քան հայկական պետականության ինստիտուցիոնալ շփոթի դրսեւորում:

Ընդ որում, շփոթը կարող է լինել իրավիճակի մեղմ բնորոշում, որովհետեւ այդ շփոթի հետեւանքը կարող է լինել նաեւ պետական եւ քաղաքական համակարգի աղճատումն ու խեղումը: Առերեւույթ, սա լոկ տեսական հարց է, որը հերթական անգամ դրսեւորվել է Բրյուսելի հանդիպման առիթով: Բոլորովին: Սա խորքային գործնական հարց է, թե դիտարկենք թեկուզ կոնկրետ բրյուսելյան հանդիպման համատեքստում:

Անկասկած է, որ այդ հանդիպումը Հայաստանի համար չափազանց կարեւոր իրողություն է, որը սակայն ավելի շատ ունի ոչ թե ուռաների, այլ քաղաքական պրիզմայի առիթ, որովհետեւ կասկածից վեր է, որ Բրյուսելի հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ պետքարտուղարն ու Եվրահանձնաժողովի նախագահը չէին հավաքվել լոկ փողի չափի վերաբերող հարցեր քննարկելու, կամ լոկ հանդիպմանը հաջորդած հայտարարության երկարաշունչ եւ կրկնվող տեքստը վերարտադրելու համար:

Դրա համար չէ, որ Բլինքենն ու Ֆոն Դեր Լյաենը հանդիպման նախօրեին զանգահարել էին Ալիեւին, դրա համար չէ, որ պետքարտուղարը հանդիպմանն ընդառաջ հանդիպել է Ֆրանսիայի նախագահի եւ Թուրքիայի արտգործնախարարի հետ, դրա համար չէ, որ Բլլինքեն-Մակրոն հանդիպումից հետո տեղի է ունեցել Ֆրանսիայի եւ ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպում:

Այս շարքը հնարավոր է շարունակել եւ ընդլայնել, որտեղ շաղկապվածությունը, փոխազդեցությունը թե ուղիղ է, թե անուղղակի, սակայն արտացոլում է այն բարդագույն միջավայրը, որում ծանր խնդիրներ պետք է լուծի Հայաստանը:

Եվ ահա, այդ բարդ միջավայրում ծանր խնդիրներ լուծելու համար Հայաստանին պետք է առավելագույն ճկունություն, իսկ ճկուն են այն համակարգերը, որոնք ունեն ֆունկցիոնալ ամբողջություն եւ «առողջություն», եթե իհարկե չեն գործում պարզապես ամբողջատիրական-դիկտատորական պետության սխեմայով: Հայաստանը չունի այդ սխեմայով գործելու ռեսուրսային հնարավորություն, եթե անգամ ունենար ցանկություն:

Հետեւաբար, մնում է ֆունկցիոնալ ամբողջության ու առողջության տրամաբանությունը, որի պարագայում հիմնարար դեր ունի խորհրդարանը՝ որպես գործադիր իշխանության գործառույթները հավասարակշռող, այլ ոչ թե այդ գործառույթների իրականացման կցորդի դեր ունեցող ինստիտուտ: Եթե դուրս գանք տեղեկատվա-քարոզչական անտուրաժից, ապա միայն քաղաքական միամտության պարագայում է հնարավոր պատկերացնել, որ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելի հանդիպման սենյակում ստացել է միայն խրախուսանքներ եւ գոտեպնդումներ:

Եվ այստեղ շատ կարեւոր է, թե թե Հայաստանի խորհրդարանը քաղաքական առումով որքանով ի վիճակի կլինի կատարել «շանթարգելի» յուրօրինակ դեր, ստեղծելով քաղաքական այնպիսի բովանդակություն եւ միջավայր, որը նույն Փաշինյանին՝ մեծամասնության քաղաքական առաջնորդին թույլ կտա բարդ սենյակներում լինել առավել ճկուն եւ ունենալ խաղի առավել մեծ տարածություն:

Մինչդեռ, Հայաստանի խորհրդարանում ծավալվում են հակառակ տրամաբանությամբ պրոցեսներ եւ նկատելի է, որ խորհրդարանը առերեւույթ ներկայանալով որպես Փաշինյանի անվերապահ աջակից, գործնականում ներկայանում է որպես մրցակից՝ «պապից ավելի կաթոլիկության» արտաքին քաղաքական իրողությունների հարցում, ըստ էության սահմանափակելով նույն Փաշինյանի խաղի տարածությունը:

Հայաստանում տարբեր քաղաքական նպատակադրումների եւ հայացքների շրջանակում բուռն քննարկվում է, թե արդյո՞ք մոտ 350 միլիոն դոլարի ֆինանսական աջակցության մասին հայտարարությունը համարժեք է բրյուսելյան հանդիպմանը տրված նշանակությանն ու դրա շուրջ տեղեկատվա-քարոզչական աժիոտաժին, թե՞ ոչ: Սա  իհարկե հայաստանյան հասարակական-քաղաքական դիսկուրսի հիմնական հատկանիշներին բնորոշ վիճակ է: Բրյուսելի ֆինանսական ասպեկտի, եւ ընդհանրապես բրյուսելյան հանդիպման օրակարգի առնչությամբ սակայն գլխավոր խնդիրը, առանցքային հանգամանքը թերեւս այն է, թե ինչպիսի ներքին կապիտալիզացիայի է ենթարկվելու այն շատը կամ քիչը, որ եղել է Բրյուսելում:

Ընդ որում, հարցը լոկ փողը չէ, այլ նաեւ պայմանավորվածությունը ոլորտային աշխատանքի առնչությամբ, որ արձանագրված է նաեւ Հայաստան-ԵՄ համապարփակ համաձայնագրում: Հնարավոր է բարձր արդյունավետությամբ օգտագործել 30 միլիոնը, եւ հնարավոր է պարզապես ջուրը նետել եւ ոչ մի խորքային, ռազմավարական որակական արդյունք չունենալ 1 միլիարդ աջակցության պարագայում: Բոլոր հարցերի պատասխանները Հայաստանի ներսում են, կառավարման որակի, ռեֆորմացիոն ներուժի, մասնագիտական կոմպետենտության, հետեւողականության դաշտում:

Ցավոք, այդ դաշտում Հայաստանն ունի լրջագույն խնդիրներ, մինչդեռ հենց այդ դաշտում աշխատանքի միջոցով է, որ Երեւանը պետք է կարողանա չեզոքացնել գործընթացների աշխարհաքաղաքական տրամաբանության ճնշումը եւ առավելագույնն անել գետնի վրա պրակտիկ էֆեկտ ստանալու, Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունները բարելավելու համար, հայկական պետականության էֆեկտիվությունը բարձրացնելու համար: Անցնող մոտ երեք տասնամյակի ընթացքում Հայաստանը ստացել է բավականին մեծ ծավալի արտաքին ֆինանսական աջակցություն, տարբեր ծրագրերով, տարբեր ոլորտների, տարբեր նպատակների համար, դրամաշնորհների, վարկերի տեսքով: Բայց այդ ամենի ներքին որակական ՕԳԳ-ն եղել է բավականին ցածր, ու այստեղ պատճառն ամենեւին այն չի եղել, որ տեղի է ունեցել մսխում: Վերջին հաշվով, մսխումն էլ, ըստ էության հետեւանք է կառավարման անարդյունավետության:

Որովհետեւ, մսխման տարբերակները միշտ էլ բյուրավոր են, եթե չեն լինում արդյունավետ կառավարման տարբերակներ, կոմպետենտ, մասնագիտական մոտեցումներ, որոնք անարդյունավետությունը հասցնում են նվազագույնի, սահմանում են սանդղակներ, դրանց միջոցով բարձրացնելով արտաքին անգամ ամենափոքր աջակցության ներքին ՕԳԳ-ն: Այստեղ է Հայաստանի ռազմավարական մարտահրավերը, եւ այդ դաշտում են նաեւ այդ մարտահրավերի լուծումները: Դրանից է կախված լինելու՝ Հայաստանն է ծառայելու որեւէ արտաքին կոնյուկտուրայի, թե՞ կարողանալու է արտաքին կոնյուկտուրայով պայմանավորված որեւէ հանգամանք ծառայեցնել իր կարողությունների ռազմավարական ամրապնդմանը: