27/07/2024

Ռուսաստանը բացահայտ սպառնում է տարածաշրջանային անկայունությամբ, Իրանը չի՞ միանում հակաբրյուսելյանին

Ի հակակշիռ ամերիկյան եւ եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների հավաստիացումների, Բրյուսելում բանակցություններն ուղղված էին Ադրբեջանի դեմ:

Դա հետապնդում է բաժանարար գծեր ստեղծելու եւ մեր երկիրը մեկուսացնելու նպատակ,- ԱՄՆ-Եվրամիություն-Հայաստան խորհրդաժողովից հետո հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որին մեջբերում է ռուսաստանյան մամուլը:

Ինչ վերաբերում է պաշտոնական Մոսկվային, ապա նրա գնահատմամբ՝ «Հարավային Կովկասի գործերին արտատարածաշրջանային երկրների անպատասխանատու եւ ապակառուցողական միջամտությունը, տարածաշրջանի երկրների եւ նրանց հարեւանների միջեւ սեպ խրելու ձգտումը կարող են կայունության, անվտանգության եւ տնտեսական զարգացման համար ամենաբացասական հետեւանքներ ունենալ, սադրել նոր բաժանարար գծեր, ինչպես նաեւ լարվածության անվերահսկելի աճ»:

Մոսկվայի եւ Բաքվի մոտեցումներն այդ հարցում նույնական են, այլեւս ոչ մի գաղտնիք չկա: Ուշադրություն է գրավում այլ հանգամանք. ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» ծավալուն մեջբերում է արել Բաքվի «Ատլաս» վերլուծական կենտրոնի տնօրեն Շահինօղլուից, որ քննադատության սլաքներն ուղղել է Իրանին:

«Իրանի իշխանությունները մշտապես հայտարարում են, որ տարածաշրջանի հարցերով պետք է զբաղվեն միայն տեղի երկրները, բայց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ եւ Եվրամիության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո համապատասխան հայտարարություն չի հնչել»,-արձանագրել է ադրբեջանցի քաղաքագետը:

Ավելին, նա սեւեռված ուշադրություն է դարձրել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի ձեւակերպմանը, որ «Հայաստանի հարցում Փարիզը եւ Թեհրանը միասնական դիրքորոշում ունեն,,-եւ ավելացրել. «Հավանական է, որ Հայաստանի վերածումը խոշոր տերությունների պոլիգիոնի բխում է Իրանի շահերից, քանի որ նա հաշվարկում է դրանից իր շահն ստանալ»:

Եթե Հայաստանի, Արեւմուտքի եւ Իրանի հասցեին ադրբեջանցի քաղաքագետի մերկապարանոց վերագրումներից վերացարկվենք, իսկ դա անհրաժեշտություն է, որովհետեւ այդօրինակ ձեւակերպումները նրա բուն ասելիքը քողարկելու համար են, ապա կունենանք բավական հստակ պատկերացում. առնվազն Բաքվում տպավորություն են ունեցել, որ Թեհրանը պետք է դատապարտեր բրյուսելյան խորհրդաժողովը, բայց դա տեղի չի ունեցել:

Համենայն դեպս, առ այս պահը Իրանը պաշտոնական տեսակետ չի հնչեցրել, հանգամանք, որ թույլ է տալիս ենթադրել, որ մարտի 18-ին Բաքվում Իրանի դեսպանի կողմից անոնսավորված Ռաիսի-Ալիեւը հանդիպումը չի կայացել նաեւ այն պատճառով, որ Թեհրանը ԱՄՆ-Եվրամիություն-Հայաստան խորհրդաժողովը քննադատելու պատրաստակամություն չի դրսեւորել կամ այն պայմանավորել է Ադրբեջանի համար ոչ նպատակահարմար դիրքորոշմամբ:

Բրյուսելյան խորհրդաժողովի վերաբերյալ Թուրքիայի բացասական տրամադրվածությունը նույնպես ակնհայտ է, բայց Անկարան, կարծես, որոշակի զգուշավորություն պահում է: ԱՄՆ-ԵՄ-Հայաստան բանակցությունների շուրջ տեսակետ չի արտահայտել պաշտոնական Թբիլիսին:

Բայց Վրաստանն ի սկզբանե ռեգիոնալ 3+3 ձեւաչափից ձեռնպահ է մնացել: Թեհրանն, ընդհակառակը, նման մի հանդիպում հյուրընկալել է: Ֆորմալ հայտարարվել է, որ հաջորդ հանդիպումը տարվա ընթացքում տեղի կունենա Թուրքիայում: Եթե Իրանը Հայաստան-Եվրամիություն-Միացյալ Նահանգներ երկխոսությունը սպառնալիք չի գնահատում, ապա 3+3 ձեւաչափը չի՞ կորցնում ակտուալությունը: Տեսականորեն այդպես է, բայց կա՞ երաշխիք, որ Ռուսաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը չեն փորձի Իրանին տարհամոզել:

Խիստ էական է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հայտարարության խորքային իմաստը: Ի՞նչ ծրագրավորում կա, որի դեպքում Փարիզը եւ Թեհրանը Հայաստանի հարցով նույն դիրքորոշումն ունեն: Դա կայուն, փոխադարձ շահերի վրա հիմնված, կոնցեպտուալ «նույնականությո՞ւն» է, թե՞՝ իրավիճակային: Ոչինչ, իհարկե, մշտական չէ, բայց Փարիզ-Թեհրան ի՞նչ երկխոսություն կա կամ ի՞նչ զարգացումներ են կանխատեսվում:

Ռուսաստանը բացահայտ սպառնում է տարածաշրջանային անկայունությամբ: Թուրքիան մտադիր է ամռանն Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում նոր ռազմագործողություն սկսել: Ընդ որում, Անկարան հայտարարել է, որ այն «հաշվի կառնի նաեւ Իրանի շահերը»: