27/07/2024

Վտանգավոր ճանապարհ է, Հայաստանն օժտում է ոչ դիմադրունակությամբ …

Հայաստանը պատասխանել է Խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին՝ 8-րդ խմբագրմամբ, որ փոխանցվել էր Հայաստանին:

Ինչպես միշտ՝ մանրամասներ հայտնի չեն, թեեւ օրերս Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կա երկու հարց, որոնց վերաբերյալ կողմերի դիրքորոշումները տարբեր են եւ չկա համաձայնություն:

Պետք է ենթադրել, որ «նամակագրությունն» այդ երկու հարցի վերաբերյալ է: Բայց, ինչի՞ մասին են այդ երկու հարցը: Սա է էականը, որի առնչությամբ մնում է անել կռահումներ:

Արդյո՞ք հարցը «գյուղերն» ու ճանապարհներն են: Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ է հայտարարում, որ մեր անվտանգության համար պետք է կանգնենք մեր լեգիտիմության գծերի վրա: Լավ, կանգնենք, իսկ ի՞նչն է խնդիրը, կամ, ինչպես ասում են՝ «ի՞նչն է ձգգձգումը»: Ադրբեջա՞նը:

Այդ դեպքում ի՞նչ լեգիտիմություն, եթե «ձգձգողն» Ադրբեջանն է, իսկ նրա ձեռքը բռնող՝ չկա: Ուրեմն չկա լեգիտիմությու՞ն, չկա լեգիտիմության գի՞ծ: Այս հարցերը մեզանում ընդունված է «որակել» ռազմա-հայրենասիրական կամ «ոչմիթիզական»: Ձեւակերպումներ, որոնք թակարդ են մեր իսկ մտածողության համար, որովհետեւ դրանք թույլ չեն տալիս տեսնել խնդիրները ամբողջ ընդգրկումով ու խորությամբ, այլ ըստ էության ճնշում են տեսադաշտը իրենց զգայականությամբ:

Գործնականում սակայն, այդ հարցերը մեր առաջ դնում ենք նույնիսկ ոչ թե ինքներս, այլ ժամանակն ու միջազգային հարաբերություններն իրենք՝ այն ցունամիով, համաշխարհային կառուցակարգերի, միջազգային իրավունքի դերի ու նշանակության այն գահավիժումով, որ տեսնում ենք մենք ամենօրյա ռեժիմով:

Եվ մենք ունենք նույնիսկ ոչ թե մեզ հարցեր տալու խնդիր, այլ՝ ժամանակի մեր իսկ առաջ դրած հարցերը պարզապես նկատելու, դրանք վերցնելու, այլ ոչ թե չնկատելով՝ լեգիտիմության գծի մասին «դասագրքային» պնդումներով թեման շղարշելու, փակելու, կամ մնացյալ մոտեցումներն ու փորձերը՝ նենգափոխելու խնդիր:

Դա ճանապարհ չէ, կամ ավելի շուտ՝ վտանգավոր ճանապարհ է, քանի որ Հայաստանն օժտում է ոչ թե դիմադրունակությամբ, «մեղավորությամբ»: Սա էական խնդիր է, որի մասին մտածելը այսօր ազգային անվտանգության հարց է: