Թուրքիայի նախագահ Էրդողանը զանգահարել է Իլհամ Ալիեւին: Ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը բավականին սուղ է՝ Ալիեւն ու Էրդողանը միմյանց շնորհավորել են Ռամադանի կապակցությամբ եւ մաղթել հաջողություն, ու քննարկել երկկողմ հարաբերության հարցեր:
Հազիվ թե Էրդողանը Ալիեւին զանգահարած լիներ ընդամենը դրա համար: Հատկանշական է մի հանգամանք: Թուրքիան հայտարարել է Իսրայելի նկատմամբ պատժամիջոցների՝ առեւտրի սահմանափակումների մասին:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թել Ավիվը մերժել է Թուրքիայի մասնակցությունը Գազա մարդասիրական օգնություն հասցնելու հարցում՝ ռազմական օդանավերով: Մինչ այդ,չնայած Իսրայելի, մասնավորապես վարչապետ Նաթանյահուի հասցեին չափազանց կոշտ հռետորաբանությանը, Թուրքիան Իսրայելի հետ ոչ միայն պահպանում էր առեւտուրը, այլ Կարմիր ծովի արգելափակվածության պայմաններում նույնիսկ ավելացնում թուրքական նավահանգիստներից բեռների տեղափոխումը Իսրայել:
Այժմ սակայն, Անկարան հայտարարում է սահմանափակումներ մտցնելու մտադրության մասին: Եվ Էրդողանը զանգահարում է Կովկասում Իսրայելի «դեսպան» Ալիեւին, որը սերտ հարաբերության մեջ է իսրայելական ներկայիս ղեկավարության հետ:
Էրդողանն Ալիեւին հորդորել է միանա՞լ սահմանափակումներին, օրինակ նավթի առաքման հարցում, որն ի դեպ Թոււրքիայի տարածքով հոսում է դեպի Իսրայել: Թե՞ Ալիեւին զանգահարելու պատճառն այլ է՝ կանխարգելել Իսրայելի ազդեցությունը, Կովկասում՝ Իրանի թիկունքում ապակայունացում հրահրելու հարցում, հաշվի առնելով այն իրողությունները, որ ծավալվում են Իրանի շուրջ:
Թեեւ, հաշվի առնելով թուրքական քաղաքականությունը, որեւէ կերպ բացառելի չէ եւ այն, որ մի ձեռքով սահմամնափակելով Իսրայելի հետ առեւտուրը, Էրդողանը փորձի մյուս ձեռքով՝ Ալիեւի միջոցով շարունակել աշխատանքը Նաթանյահուի հետ:
Առավել եւս, որ այդ իմաստով Թուրքիայի եւ Իսրայելի շահերը զգալիորեն նույնական են՝ նվազեցնել Իրանի ազդեցությունն ու քրիստոնեական ներկայությունը մերձավորարեւելյան ռեգիոնում:
Բաց մի թողեք
Ո՞ր երկրները եւ ի՞նչ պատճառաբանությամբ են դեմ եղել ԲՐԻԿՍ-ին Ադրբեջանի իրավահավասար անդամակցությանը
Հայաստանը կհայտնվի՞ ռազմա-քաղաքական «աքցանում»
Միացյալ Նահանգներն ու Բրիտանիան չեն հավատում Իրանի հռետորաբանությանը