27/07/2024

Ինչ է եղել Ներքին Խնձորեսկում. ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում

Ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է հայտնել Ներքին Խնձորեսկի հատվածում Ադրբեջանի հետ տեղի ունեցած միջադեպից:

Ըստ ԱԱԾ-ի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում, և իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել:

Նշվում է, որ միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմն ունի մեկ վիրավոր:

«Հայաստանի Հանրապետության ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են Ադրբեջանի Հանրապետության Սահմանապահ զորքերի հետ համատեղ քննության: Անկախ համատեղ քննությունից՝ ՀՀ սահմանապահ զորքերը իրականացնում են սեփական քննությունը, և արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ: Պարզաբանման ենթակա է նաև հարցը, թե ինչո՞ւ և ինչպե՞ս են հովիվը և հոտը հատել սահմանը: Հայկական կողմի համար նման միջադեպերը ցանկալի չեն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱԱԾ-ից հայտնել են, որ ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը: Հովիվը նույնպես գտնվում է ՀՀ տարածքում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ տեղեկությունների, ապրիլի 10-ին Ներքին Խնձորեսկի սահմանագոտում ոչխարներ արածեցնող հայ հովիվը մոլորվել էր: Ադրբեջանական զինուժը կրակ էր բացել հովվի ուղղությամբ, ինչի հետևանքով կարճատև միջդիրքային փոխհրաձգություն էր տեղի ունեցել։

Ըստ տեղեկությունների՝ ապրիլի 10-ին Ներքին Խնձորեսկի սահմանագոտում ոչխարներ արածեցնող հայ հովիվը մոլորվել է:

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել հովվի ուղղությամբ, ինչի հետևանքով կարճատև միջդիրքային փոխհրաձգություն է տեղի ունեցել։

Միջադեպը հետաքննելու համար սահմանապահները դիմել են ադրբեջանական կողմին։