20/05/2024

ԱՄՆ-ն ՀՀ-ին շտապօգնության զրահապատ մեքենաներ կտրամադրի, ԵՄ դիտորդական առաքելությանը միանալու պլան դեռ չկա

Միացյալ Նահանգները և Հայաստանը շատ ակտիվ և բովանդակալից քննարկումներ են ունենում անվտանգության և պաշտպանության մասին, դա նույնպես շարունակական թեմա է։

Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

Անցած շաբաթ Բրյուսելում Հայաստանի արևմտյան գործընկերները խոստացան հավելյալ ֆինանսական աջակցություն և վերահաստատեցին իրենց հանձնառությունը Հայաստանի տնտեսության ու ժողովրդավարության ամրապնդմանը։ Արդյոք որևէ համաձայնագիր է ստորագրվել՝ երաշխավորելու, որ այս աջակցությունը լինի շարունակական՝ անկախ, թե ինչպես կավարտվեն մի քանի ամսից Բրյուսելում ու ԱՄՆ-ում սպասվող ընտրությունները:

«Ազատության» հարցին ի պատասխան՝ ԱՄՆ դեսպանը պատասխանել է․ «Պայմանավորվածությունն այն էր, որ մենք պարզապես շարունակելու ենք մեր շատ լավ և աճող երկխոսությունը։ Կարող եմ ասել, որ անցած մեկ տարում, ինչ ես եկել եմ Հայաստան, մեր հարաբերությունները գրեթե բոլոր ոլորտներում ընդլայնվել և խորացել են։ Եվ ես կարծում եմ, որ այն ամենը, որ մենք ընդգծեցինք բրուսելյան բարձր մակարդակի հանդիպմանը, պարզապես ցույց է տալիս այն առաջընթացը, որին հասել ենք հատկապես վերջին մի քանի տարիներին: Եվ ես կարծում եմ, որ առաջիկայում կշարունակենք առաջընթացը»:

Դիտարկո՞ւմ է Միացյալ Նահանգները Հայաստանի սահմանին Եվրամիության դիտորդական առաքելությանը միանալու հնարավորությունը, ինչպես դա արեց Կանադան նախորդ տարի։

Քրիստինա Քվինը տեղեկացրել է, որ մինչև հիմա նման պլան չունեն, բայց ապագայում ոչինչ չի բացառվում։

Վերջին հարցումների համաձայն՝ անվտանգությունն է հայաստանցիներին ամենից շատ հուզող խնդիրը։ Ֆրանսիան ամրապնդեց ռազմական համագործակցությունը Հայաստանի հետ՝ մատակարարելով զինատեսակներ՝ չնայած խոչընդոտներին։ Միացյալ Նահանգները կհետևի՞ Ֆրանսիայի օրինակին։

ԱՄՆ դեսպանը, այս հարցին ի պատասխան, նշել է, որ, իր կարծիքով, վերջին մեկ տարում այս թեմայով զգալի ընդլայնում են ունեցել:

«Ընդամենը մի քանի օրինակ. անցյալ տարի մենք մեր առաջին համատեղ զորավարժությունն անցկացրինք 2008 թվականից ի վեր: Կարծում եմ՝ դա շատ կարևոր ազդանշան է, որ Միացյալ Նահանգները և Հայաստանը կարող են աշխատել իրար հետ պաշտպանական ոլորտում, նաև հավելյալ ուղիներ ենք փնտրում, որ կարողանանք շարունակել այդ աշխատանքը:

Մենք նաև ունենալու ենք խորհրդական, ով կարող է գալ և նստել Հայաստանի պաշտպանության նախարարության հետ՝ օգնելու կարողությունների զարգացմանը, հատկապես այն պատճառով, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնել իր մասնակցությունը այնպիսի հարցերում, ինչպիսիք են խաղաղապահությունը և այլ խաղաղ նախաձեռնություններ: Մենք ուզում ենք օգտակար լինել, և կաշխատենք և՛ ներքին բարեփոխումների ուղղությամբ, թե ինչպես Հայաստանի պաշտպանության նախարարությունը համապատասխանեցնել ժամանակակից չափանիշներին և ապա նաև, թե ինչպես ավելին անել խաղաղապահ ոլորտում»,- ասել է դեսպանը:

Այս պահին որևէ քննարկում չկա՞ զենք ու ռազմամթերք մատակարարելու շուրջ, հարցին դեսպանը պատասխանել է․

«Իրականում մենք շարունակական քննարկում ունենք, թե ինչ կարող է Հայաստանին անհրաժեշտ լինել ռազմական ոլորտում։ Արդեն պայմանավորվել ենք մի քանի բանի շուրջ։ Այդ պայմանավորվածություններից մի բան կարող եմ առանձնացնել՝ Հայաստանը խնդրել էր շտապօգնության զրահապատ մեքենաներ, որոնցով նրանք կարող են մտնել հակամարտության տարածք, և այդ մեքենաներով տեղափոխվող մարդիկ պաշտպանված կլինեն:

Մենք արդեն պայմանավորվել ենք, որ առաջ ենք գնալու այս հարցում և այժմ աշխատում ենք դրա իրագործման եղանակների վրա, որպեսզի կարողանանք տրամադրել այդ օգնությունը: Եվ, ինչպես նշեցի, ամենատարբեր թեմաներ ենք քննարկում և փորձում ենք տեսնել, թե որտեղ կարող ենք օգտակար լինել Հայաստանին՝ նրա պաշտպանության առումով»: