Հայաստանի ԱԱԾ տարածել է հայտարարություն, որ Հայաստան-Ադրբեջան սահմանի Ներքին Խնձորեսկի հատվածում տեղի է ունեցել փոխհրաձգություն:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել: Միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմն ունի մեկ վիրավոր:
Հայաստանի Հանրապետության ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են Ադրբեջանի Հանրապետության Սահմանապահ զորքերի հետ համատեղ քննության: Անկախ համատեղ քննությունից ՀՀ Սահմանապահ զորքերը իրականացնում են սեփական քննությունը և արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ:
Պարզաբանման ենթակա է նաև հարցը, թե ինչու և ինչպես են հովիվը և հոտը հատել սահմանը: Հայկական կողմի համար նման միջադեպերը ցանկալի չեն: Նշենք նաև, որ ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը: Հովիվը նույնպես գտնվում է ՀՀ տարածքում», ասված է ՀՀ ԱԱԾ հայտարարության մեջ:
Ավելի վաղ, Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն էր տարածել հայտարարություն, գործնականում նույն բովանդակությամբ, հայտարարելով, թե իրավիճակի համար պատասխանատվությունը Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարության վրա է:
Հայաստանի ԱԱԾ հայտարարությունը անկասկած միտված է Ադրբեջանին իրավիճակի հետագա սրման հնարավորություն չտալուն, հաշվի առնելով թերեւս այն, որ Բաքուն արդեն օրեր շարունակ փնտրում է այդպիսի հնարավորություն: Համենայն դեպս, վերջին մի քանի օրերին Ադրբեջանի վարքագիծը, ընդ որում թե տեղեկատվական, թե զինվորական, վկայում է այդ մասին:
Հայաստանի ԱԱԾ արձագանքը բավարար կլինի՞ միջադեպի հետագա արյունալի ծավալում թույլ չտալու համար: Այդ հարցը զուտ հռետորական կամ տեսական չէ, քանի որ ընդամենը շաբաթներ առաջ գործնականում ունեցանք Ներքին Հանդի՝ որոշակիորեն նման մի դեպք, որը ի վերջո հանգեցրեց հայկական կողմից չորս զոհի:
Առաել եւս, որ Ադրբեջանի «փնտրտուքի» ակունքները թերեւս պետք է փնտրել Ադրբեջանից դուրս, ըստ ամենայնի՝ Մերձավոր Արեւելքում, որտեղ Իսրայելին որեւէ կերպ չի հաջողվում Իրանին ներքաշել մեծ պատերազմի, Թելլ Ավիվի համար «փրկարար» պատերազմի մեջ: Մյուս «կենսունակ» ճակատ դիտվում է Կովկասը, հաշվի առնելով եւ այն, որ այստեղ կան նաեւ այլ աշխարհաքաղաքական շահեր:
Բաց մի թողեք
Ի՞նչ որոշում կընդունի ԱՄՆ նոր վարչակազմը, ո՞րն է Թուրքիայի ազդեցության տարածման սահմանը
Մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը կաշխատենք Հայաստանի և Ադրբեջանի հետ
Ադրբեջանը պատրաստվում է կամ նրան նախապատրաստում են «քաղաքակրթական պատերազմի՞»