«Երեք գիտական աշխատանքների հեղինակ, դոցենք, գիտաշխատող, իր ասելով ազգային ընտանեկան արժեքների համար պայքարի դիրքերից հանդես եկող կին, երեք զավակների մայր Արմենուհի Կյուրեղյանը գալիս այս ամբիոնից ասում է՝ մեր բակում ոչ միայն ասում են, այլև անում են», խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Հայաստան խմբակցության պատգամավորուհի, ՀՅԴ-ական Արմենուհի Կյուրեղյանի ելույթի մասին, այդ ելույթը ներկայացնելով որպես Հայաստանի բուհական համակարգի մեղմ ասած անորակության հետեւանք:
Այստեղ «ինտրիգն» այն է սակայն, որ Արմենուհի Կյուրեղյանն ըստ էության շարունակել է պարզապես Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի խոսքը, որ Միրզոյանն իր հերթին նախօրեին խորհրդարանի ամբիոնից հնչեցրել էր ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանին ի պատասխան:
Մանուկյանը նրա հետ փակ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Միրզոյանը եղել է վախեցած: Միրզոյանն էլ այդ առնչությամբ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե «իրենց բակում հետեւից խոսող մարդկանց մի բան էին ասում», որ նա չի կրկնի պարզապես խորհրդարանական ամբիոնին համարժեք չլինելու պատճառով:
Ինչ խոսք, Հայաստանի կառավարող մեծամասնության ու ընդդիմության ներկայացուցիչների հեռակա կամ ուղիղ բանավեճերը արձանագրում են քաղաքական բովանդակության եւ որակների նորանոր «բարձր նշաձողեր», սակայն այստեղ դառնանք Նիկոլ Փաշինյանի արձագանքին:
Արձագանքելով Արմինե Կյուրեղյանին, որը «բակի թեմայով փաստորեն պատասխանել էր արտգործնախարար Միրզոյանին՝ պահելով իր կուսակից Մանուկյանի «թասիբը», Նիկոլ Փաշինյանը փաստորեն Կյուրեղյանին տված գնահատականը կամա, թե ակամա տարածում է արտգործնախարար Միրզոյանի վրա:
Հակառակ պարագայում, թերեւս տրամաբանական չէ՝ քննադատել «շարունակությունը», բայց ոչ «սկիզբը»: Նիկոլ Փաշինյանը այդ իմաստով թերեւս բավականին փորձառու է խոսքերի, այդ թվում իր խոսքերի հնարավոր տողատակերը նրբորեն զգալու եւ «կանխազգալու» հարցում, հետեւաբար հազիվ թե խորհրդարանի ամբիոնից Կյուրեղյանին արձագանքելիս, չմտածեր կամ պատկերացներ, որ այդ արձագանքը ըստ էության տարածվում է նաեւ իր կառավարության արտաքին գործերի նախարարի վրա:
Ու այդտեղ առնվազն հարց է առաջանում, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հենց այդ նկատառումով չէ, որ որոշել էր այդպես կոշտ արձագանքել Արմենուհի Կյուրեղյանին: Առավել եւս, նախօրեին կառավորող մեծամասնության տարածած քարոզչական կարճ հոլովակի ֆոնին, որտեղ ԱԺ բակում քայլում են վարչապետը, ԱԺ նախագահը, ԱԺ փոխնախագահն ու խմբակցության ղեկավարը:
Ի վերջո, երբ Փաշինյանը խոսում է Կյուրեղյանի ելույթի, նրա դոցենտ, գիտաշխատող լինելու մասին եւ կապում «բակի» թեման բուհական համակարգի անորակության հետ, թերեւս արժե հիշել մի նուրբ դետալ՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ ունի պատմաբանի ոչ միայն համալսարանական կրթություն, այլ ավարտել է նաեւ ԳԱԱ ասպիրանտուրան, որպես պատմական գիտությունների թեկնածու:
Եվ այս ամենը «իրական» ու «պատմական» Հայաստանի մասին Փաշինյանի ելույթի ֆոնին: Արդյո՞ք մասնագիտությամբ պատմաբան արտգործնախարարը պատմության գնահատման հարցում որոշակի անհամաձայնություն ունի մասնագիտությամբ լրագրող վարչապետի պատկերացումների հետ:
Բաց մի թողեք
Իր ազդեցությունից դուրս որևէ համաձայնություն թույլ չտալն է ամենակարևորը
Տարաձայնություններ Էրդողանի ու Պուտինի միջև
Նախագահ Զուրաբիշվիլիի նախաձեռնությամբ Վրաստանի ընդդիմադիրները ստորագրել են «Վրացական խարտիան»