27/07/2024

Կլաարը գիտե՝ ո՞վ է խոչընդոտում խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի առաջընթացին

Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, թե՝ չգիտե, արդյո՞ք սահմանին Բաքվի կրակոցները պատասխան են Հայաստան-ԵՄ հարաբերության խորացմանը, բայց ասում է, որ Եվրամիությունն ուզում է տեսնել Հայաստան-Ադրբեջան առարկայական բանակցություն եւ դրա վրա պետք է կենտրոնացնել ուշադրությունը:

Ի՞նչ է ստացվում, ըստ Կլաարի՝ ուշադրությունը պետք չէ՞ կենտրոնացնել Ադրբեջանի կրակոցների եւ սադրիչ բնույթի, արկածախնդրության նախապատրաստման տրամաբանությամբ արվող հայտարարությունների վրա:

Այդ դեպքում, գուցե Եվրամիության ներկայացուցիչը՝ առարկայական բանակցության վրա կենտրոնանալու շրջանակում, ասի, թե հատկապես ո՞վ է խոչընդոտում առարկայական բանակցության, խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի առաջընթացին:

Հակառակ պարագայում, ստացվում է ընդամենը տպավորություն, որ ընդհանրացնելով խնդիրը, Տոյվո Կլաարը ընդամենը գտել է Ադրբեջանի սադրիչ քաղաքականությունը, առավելապաշտության եւ շանտաժի վրա հիմնված վարքագիծը ներկայացնելու այլ տարբերակ: Եվրամիոթյան ներկայացուիցիչը կամա, թե ակամա խրախուսում է այդ վարքագծի շարունակությունը:

Իսկ, եթե Ադրբեջանը տեսնում է շանտաժի քաղաքականության միջոցով առավելապաշտության դիրքավորումը շարունակելու հնարավորություն, ապա միանգամայն բնական է, որ նա գնալու է այդ ճանապարհով, որեւէ կերպ չի շեղվելու դրանից եւ չի մտածելու Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ հավասարակշռված փոխհամաձայնությունների հասնելու ուղղությամբ իրական ջանքի մասին:

Ըստ այդմ, հատկապես տեւական ժամանակի փորձառությունից հետո, Եվրամիության հատուկ ներկայացուցիչը խաղաղության միտված գործընթացի վրա կենտրոնանալու համար, պետք է կենտրոնանա Ադրբեջանի շանտաժային քաղաքականության վրա:

Եթե չլինի այդ քաղաքականության արգելափակման իրական քաղաքականություն, չի լինի հավասաչակշռված խաղաղության իրական գործընթաց: Տոյվո Կլաարը հազիվ թե միամիտ ու անտեղյակ լինի պատճառահետեւանքային այդ պարզ կապը չհասկանալու համար: