27/07/2024

Հանգիստ թողնել պատմությունը, ձեռնամուխ լինել Հայաստանի ներքին խնդիրների լուծմանը

Մենք չենք գրել մեր պատմությունը, այն գրել է կայսրությունը, եւ գրել է այն նպատակով, որ մենք չլինենք պետություն: Այդ տեսակետը խորհրդարանում արտահայտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության ծրագրի կատարողականի քննարկման երկրորդ օրը, շարունակելով նախորդ օրն իր բացած «իրական» եւ «պատմական» Հայաստանների հակադրության թեման:

Փաշինյանը իրավացի է՝ ներկայիս հանրությունը պատմության առումով կրթվել ու դաստիարակվել է Խորհրդային Միության գրածով, իսկ Խորհրդային Միությունն էլ պետք է գրեր իր կայսերական շահին համահունչ, քանի որ ցանկացած՝ թե կայսրություն, թե որեւէ այլ մասշտաբի պետություն պատմությունը մատուցում է իր ռազմավարական շահերի եւ պատկերացումների համատեքստում, այն նկատառումների, ուղենիշների շրջանակում, որ ունի պետության ապագայի առնչությամբ:

Փաշինյանը հայտարարում է, որ այսօր, հենց այդ պահին՝ խորհրդարանում գրվում է մեր նոր պատմությունը: Այստեղ արդեն կա մտահոգություն: Եվ այդ մտահոգության բուն շարժառիթը լոկ այն չէ, որ խորհրդարանում են փաստացի ուժեր, որոնք մեծ հաշվով անցնող մոտ երեք տասնամյակում Հայաստանին եւ ժողովրդին, Արցախին պատուհասած աղետների պատասխանատուներն են՝ ամեն մեկը կառավարման իր շրջանով, եւ ոչ միայն կառավարման շրջանով:

Երբ նոր պատմությունը գրում են այդ պատասխանատվությունն ունեցող ուժերը, որոնց ներկայիս այսպես ասած քաղաքական զբաղմունքի հիմնական մասը կազմում է այդ պատասխանատվությունը միմյանց վրա գլորելը, ապա այդ գրվող պատմությունը դառնում է մեղմ ասած տագնապալի:

Բայց, հարցը լոկ դա չէ: Հարցը այն է նաեւ, որ, եթե մինչ այժմ եղած պատմությունը գրել է ԽՍՀՄ-ը, ապա Փաշինյանի ասած նոր պատմությունն ըստ էության գրում է վախը եւ պարտության շոկը: Նոր պատերազմի վախն ու պարտության շոկը չեն կարող գրել լավ պատմություն, անգամ՝ պատմության արդյունավետ եւ կարեւոր նախաբան, հիմք:

Հարցն այն չէ՝ պատերազմի վախն իրական է, թե՞ մտացածին, մանիպուլյատիվ եւ այլն: Այն կա, եւ այն առնվազն իր գոյությամբ արդեն իսկ որոշակիորեն ստանում է օբյեկտիվություն:

Պատերազմի վախը եւ նախորդ պատերազմի պարտության շոկը, ցավը, չեն կարող լինել որեւէ արդյունավետ եւ օգտակար պատմության հիմք, նախադրյալ, գրիչ կամ թանաք: Հետեւաբար, պետք է պարզապես ցած դնել այդ «գրիչը», հանգիստ թողնել պատմությունը, ձեռնամուխ լինել Հայաստանի ներքին խնդիրների լուծմանը, զբաղվել ինստիտուցիոնալ արդիականացմամբ, վերականգնել Հայաստանը ոչ միայն խոսքով, այլ գործով՝ կոնցեպտուալ գործով, որակապես նոր հիմքերով կամ անկյունաքարերով, որպեսզի հետո միայն կարողանանք գրել մեր պատմությունը:

Այլապես, ըստ էության չկա տարբերություն՝ պատմությունը գրել է ԽՍՀՄ կայսրությու՞նը, թե՞ գրում է Թուրքիայի եւ Ադրբեջանի առավելապաշտությունն ու շանտաժը: