27/07/2024

«Չէ մի չէ՝ ՀՅԴ-ն՝ իշխանություն, հումո՞ր եք անում»

Երբ երկրիս ներկայիս վիճակի մասին «չեթեմ հաուզ» ձևաչափով զրուցում ես նախկին իշխանության՝ այսօրվա ընդդիմության ներկայացուցիչների հետ և փորձում պարզել, թե առկա «դժգույն, դժբախտ» իրավիճակից դուրս գալու ի՞նչ այլընտրանքային ծրագիր, ելք, տեսլական, եթե կուզեք՝ դեղ ու դարման են առաջարկում, արժանանում ես վերջիններիս խեթ հայացքին, թե՝ ի՞նչ ծրագիր, ի՞՞նչ ելք, ելքն ու ծրագիրը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է. «ա տամ դալշե բուդետ վիդնո»։

Ընդ որում, որքան երկար են ձգվում փողոցի ճնշման ներքո Փաշինյանին հեռացնելու անհաջող փորձերը, այնքան ավելի շատ է ընդդիմության շարքերում ամրապնդվում այն մտայնությունը, որ «Նիկոլը իր խոդով» և ոչ էլ սահմանադրական ճանապարհով հեռացողը չէ, հետևապես պետք է դիտարկել նրանից ձերբազատվելու այլընտրանքային եղանակները՝ բռնություն, ահաբեկչություն և այլն։

Վերջերս էլ փակ ձևաչափով քննարկումներից մեկի ընդմիջման ժամանակ հարց հղեցինք կարկառուն ՀՅԴ-ական, «Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկին մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերությունների և այդ համատեքստում ԼՂՀ խնդրի լուծման մասին։ Թե, դիցուք, Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս, և ՀՅԴ-ն գալիս է իշխանության, ի՞նչ հայեցակարգով է սկսելու բանակցությունները Ադրբեջանի հետ և մասնավորապես ԼՂ առկախված հարցի լուծման ի՞նչ տարբերակ է դնելու աշխարհի սեղանին, խեթ հայացքից բացի՝ արժանացանք նաև հեգնական պատասխանի. «Չէ մի չէ՝ ՀՅԴ-ն՝ իշխանություն, հումո՞ր եք անում»։

Բնականաբար, նման պատասխանով միանգամից կանխեց հանգամանալից ու փաստարկված բացատրությունն այն մասին, թե ինչ լեզվով են խոսելու Ալիևի հետ, ինչպե՞ս են նրան համոզելու, որ ոչ թե «Կարաբախ բիզիմդիր», այլ՝ «Ղարաբաղը մե՛րն է», «Երբե՛ք չի լինելու Ադրբեջանի կազմում», ինչպե՞ս են հոգալու արցախահայության վերադարձի հոգսը, ի՞նչ կարգավիճակով, ո՞ր երկրի խաղաղապահ առաքելության տեղակայման դեպքում, թե՞ համաձայն են, որ ԼՂ ժողովուրդը համաձայնի «ռեինտեգրացիայի» մասին Ադրբեջանի առաջարկին ու ստանա ադրբեջանական անձնագիր։

Եվ բացի դրանից՝ ինչպե՞ս են վարվելու խաղաղության գործընթացի հետ, ի՞նչ «կարմիր գծեր» են գծելու, որ չի գծել գործող իշխանությունը, ո՞ր «դեղին» կամ «հոծ գծերն» են տրորելու, որպեսզի կանգնեցնեն «միակողմանի զիջումների» աղետաբեր ընթացքն ու, առհասարակ, ՀՀ-ՌԴ, ՀՀ-հավաքական Արևմուտք, ՀՀ և մյուս հարևաններ, մասնավորապես՝ Թուրքիա, հարաբերություններն ինչպե՞ս են կառուցելու՝ ի տարբերություն գործող իշխանության, որը, ըստ նրանց, Հայաստանը դարձրել է «աշխարհաքաղաքական առճակատումների թատերաբեմ»։

Ակնհայտ է (վերջին երկու օրերին էլ՝ Կառավարության ծրագրի կատարողականի քննարկումների ժամանակ է՛լ ավելի ակնհայտ դարձավ), որ ինստիտուցիոնալ ընդդիմությունը չունի արտաքին մարտահրավերներին դիմագրավելու, պրոբլեմատիկ հարևանի հետ հարաբերությունները կարգավորելու ռեալ, այլընտրանքային ծրագիր, եթե, իհարկե, որպես ծրագիր չի դիտարկվում այն, որը մեկ նախադասությամբ է սահմանափակվում՝ «պատերազմ հայտարարել Ադրբեջանին և պարտադրել խաղաղություն»։ (Ընդդիմության քարոզչամեքենայի ռազմահայրենասիրական թեզերից է, չէ՞, «խաղաղությունը ոչ թե մուրում են, այլ՝ պարտադրում են»-ը, կամ՝ «պետք է գնալ ոչ թե ամեն գնով, այլ՝ արժանապատիվ խաղաղության»՝ այդպես էլ չբացատրելով, թե ինչ է արժանապատիվ խաղաղությունն ու ինչից հետո է, որ այն այլևս կարելի է անարժանապատիվ համարել)։

Թե ինչ հետևանքների կբերի այս թեզը թութակողների նման արկածախնդրությունը, չենք ուզում անգամ պատկերացնել, բայց չենք կարող չարձանագրել, որ ընդդիմադիր որոշ տաքգլուխներ չեն խորշում ԱԺ բարձր ամբիոնից ակնարկներ անել հարցերը զենքի ուժով լուծելու տարբերակի մասին։ Մեկ անգամ չէ, որ գործող իշխանությանը ՀՅԴ-ական որոշ պատգամավորներ մեղադրել են մասնավորապես Լաչինի միջանցքը բլոկադայի օրերին ուժով չբացելու, 2023 թ. սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ «արցախահայությանը մենակ թողնելու» մեջ՝ այսպիսով ճիշտ համարելով ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշումը, մեկ անգամ չէ, որ երեսով են տվել ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ սուվերեն տարածք մխրճված լինելը՝ գրեթե բաց տեքստով պահանջելով դրանց ելման դիրքեր վերադարձնել ռազմական գործողությունների միջոցով։

Փաստորեն, հարցերի լուծման նման սցենարի դեպքում, ըստ խորհրդարանում ընդդիմադիր ամենամեծ խմբակցության հաշվարկի, ՀՀ-ն «փաթեթով» կկարգավորի թե ՀՀ-Ադրբեջան հարաբերությունները, թե ԼՂ խնդիրը՝ հետ բերելով Շուշին ու Հադրութը, ստիպելով Ալիևին ճանաչել ԼՂՀ անկախությունն ու այսպիսով պարտադրել այդքան ցանկալի խաղաղությունը։

Հարկ է նկատել, որ խնդրո առարկա բարդագույն հարցերի լուծման վերաբերյալ ծրագրի բացակայության վկայությունն է նաև այն, որ ընդդիմությունն այդ բացակայությունը քողարկում է գործող կառավարության 2021-2026 թթ. ծրագրից պարբերաբար մեջբերումներ անելով, դրա որոշ կետերի իրականացված չլինելու մասին աղաղակելով և կամ խոստացվածին հակառակ գործողություններ անելու մեջ իշխանությանը մեղադրելով։ Հատկապես ԼՂ հարցի հետ կապված։

Ընդդիմության ներկայացուցիչները կարծես մտավոր, վերլուծական կարողությունների հետ կապված խնդիրներ չունեն, հետևապես՝ 2021-ի հունիս-օգոստոսի (ենթադրաբար այն ամիսները, երբ գրվել է Կառավարության ծրագիրը) իրավիճակը 2022-ի, 2023-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատելիս պետք է որ արձանագրած լինեին աշխարհաքաղաքական իրողությունների ահռելի տարբերությունը, իրողություններ, որոնք մեծապես ռիկոշետի էֆեկտով ազդել են նաև ՀՀ կառավարության գործունեության վրա՝ իր ծրագրի որոշ դրույթներ իրագործելու ճանապարհին։

Մասնավորապես 2021-ի հունիս-օգոստոսին դեռևս չէր սկսվել ռուս-ուկրաինական պատերազմը և այդ հանգամանքի բերումով չէր սառեցվել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, Պուտինն այդ ընթացքում՝ Ուկրաինա մտնելուց մեկ օր առաջ, դաշնակցային փոխգործակցության մասին 43-կետանոց հռչակագիր չէր ստորագրել Ալիևի հետ, ԼՂՀ-ն հետպատերազմական իրավիճակը հաղթահարելիս, բնականոն կյանքին վերադառնալիս դեռևս չէր բախվել այդտեղ տեղակայված ռուս խաղաղապահների տոտալ սաբոտաժին, ինչն էլ ի վերջո հանգեցրեց Արցախից մնացած հատվածը «կտոր առ կտոր» Ադրբեջանին հանձնելուն (Փառուխ, Քարագլուխ օպերացիա և այլն), Լաչինի միջանցքը փակելուն, հետո այդ միջանցքում ապօրինի անցակետ դնելուն, հետո այդ անցակետից ԼՂ քաղաքացիներ առևանգելուն և վերջում էլ՝ ռազմական ագրեսիա իրականացնելուն…

Գործող կառավարության ծրագրի «չիրականացած խոստումների» համատեքստը ստիպեց վերհիշել այն տարիները, երբ ՀՅԴ-ն էր իշխանություն (կոալիցիայի մաս) և մեկը մեկից ճոխ ու փարթամ խոստումներ էր տալիս նախընտրական ծրագրում, ապա, ՀՀԿ-ի հետ կոալիցվելով, զրո նախանձախնդրություն էր ցուցաբերում իր խոստումների իրականացման հարցում՝ «շառը գցելով» ստացած ցածր տոկոսների, մեծամասնության՝ ՀՀԿ-ի դոմինանտ ուժ լինելու վրա, որը, ինչպես 2012-ին ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանն էր պատճառաբանել, «չի ընդունել մեր առաջ քաշած մոտեցումը, փաստարկները, հայեցակարգային փոփոխության անհրաժեշտություն իրենք չեն ընդունել, որովհետև չեն ուզեցել հրաժարվել այն համակարգից, որը, դժբախտաբար, մինչև հիմա հիմնական չարիքն է հանդիսանում այս շարունակվող դժվարությունների»։

Հարկ է նկատել, որ ՀՀ-ին 44-օրյա պատերազմից հետո պատուհասած դժվարություններն ու արտաքին մարտահրավերները անհամեմատելի են այն տարիների դժվարությունների հետ, երբ ՀՀԿ-ն դոմինանտ ուժ էր, ՀՅԴ-ն էլ կոալիցիայում ենթարկվող, տանող, ներող ու սիրող ուժը։

Ակնհայտ է, որ 2021-ի արտահերթ ընտրական գործընթացներն ու դրանց հաջորդած զարգացումները, մասնավորապես որպես ռադիկալ ընդդիմություն ԱԺ-ում ծավալած աշխատանքը, չեն ավելացրել ՀՅԴ-ի (և նրա երբեմնի կալիցիոն գործընկերոջ) կշիռն ու քաղաքական ներուժը։ Եվ այժմ 130-ը բոլորած ավանդական կուսակցությանը այլ բան չի մնում, քան այսօր սեղանին դրված ծրագիրը՝ խաղաղության գործընթացը, տորպեդահարելը, հասարակական համերաշխությունը թունավորելը, անվստահություն սերմանելը, գարշահոտություն տարածելը, ինչպես վայրի բնության մեջ անում է սկունսը՝ ժանտաքիսը։

Այս կենդանուն, ինչպես հայտնի է, մայր բնությունն օժտել է անսովոր «զենքով»՝ ինքնապաշտպանական նպատակով նրանք բարձրացնում են իրենց պոչն ու դեղնագույն, գորշահոտ հեղուկ են արտազատում թիրախի ուղղությամբ։ Այդ գարշահոտ հեղուկն, ի դեպ, ընկնելով լորձաթաղանթի մեջ, կարող է այրվածքներ առաջացնել, ընդհուպ՝ կուրացնել։