13/12/2024

Ի՞նչ արդյունքներ կան Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի հանդիպումներում

Գիշերը տեղի ունեցան Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի առաջին շրջանի հանդիպումները։

Անգլիական «Լիվերպուլը» սեփական հարկի տակ՝ «Էնֆիլդում», անակնկալ պարտություն կրեց իտալական «Ատալանտայից», այն էլ 0-3 հաշվով։

Հաշիվը 38′-ին բացեց հարձակվող Ջանլուկա Սկամական։ 22 րոպե անց իտալացին դուբլ ձեւակերպեց։ Իսկ արդեն 83-րդ րոպեին կիսապաշտպան Մարիո Պասալիչը դրեց հանդիպման վերջակետը։

Այս մրցաշրջանում դեռեւս պարտություն չկրած «Բայերը» 2-0 հաշվով տանը պարտության մատնեց «Վեսթ Հեմ Յունայթեդին»։ Չնայած անգլիական ակումբի ստեղծած «ավտոբուսին»՝ գերմանացիներին հաջողվեց բացել խաղի հաշիվը։ Յոնաս Հոֆմանը 83′-ին գրավեց լոնդոնյան ակումբի դարպասը։ Իսկ արդեն ավելացված րոպեներին (90’+1′) վնասվածքից վերադարձած հարձակվող Վիկտոր Բոնիֆասը գլխի հարվածով ամրապնդեց լեւերկուզենյան ակումբի հաղթանակը։ Սա «Բայերի» 42-րդ անպարտելի խաղն էր Եվրոպայի առաջնությունների շրջանում, ինչն արդեն ռեկորդ է։

Իտալական երկու ակումբների պայքարում հաղթանակ տարավ «Ռոման»։ Հանդիպման միակ գնդակի հեղինակ դարձավ հռոմեական ակումբի պաշտպան Ջանլուկա Մանչինին (17′), որը հարձակվող, Աշխարհի չեմպիոն Պաուլո Դիբալայի անկյունայինից կատարած փոխանցումից հետո գլխի հարվածով գրավեց «Միլանի» դարպասը։ Միլանյան ակումբը խաղում էր սեփական հարկի տակ։

Պորտուգալիայի չեմպիոն «Բենֆիկան» նույնպես հաղթանակ տարավ (2-1): Սեփական հարկի տակ խաղի հաշիվը բացեց պորտուգալական ակումբի հարձակվող Ռաֆա Սիլվան, որը բոլորից շուտ կողմնորոշվեց (16′) «Մարսելի» տուգանայինում։ Հաշիվը կրկնապատկեց Աշխարհի չեմպիոն, հարձակվող Անխել Դի Մարիան (52′)։

Ֆրանսիական ակումբից աչքի ընկավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը (67′)։ Սա Օբամեյանգի 10-րդ գնդակն էր ԵԼ-ի 10 խաղում։